Պուտինը Թրամփին և Սի Ծինպինին առաջարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել. WSJ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինպինին առաջարկել է հաջորդ ամիս հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը քննարկելու համար։ Առաջարկի մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal պարբերականը։
Թրամփի՝ Պուտինին ընդառաջ վերջին քայլերը, ներառյալ ռուսական դիզելային վառելիքի արտահանման շուրջ պայմանավորվածությունը և նոր պատժամիջոցների մասին օրենքի ընդունումից հրաժարվելու որոշումն արժանացել է Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայում և Վաշինգտոնում նրա դաշնակիցների լայն քննադատությանը։
Պարբերականի տվյալներով՝ Պուտինը եռակողմ գագաթնաժողովի գաղափարն առաջ է քաշել հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Առաջարկի մասին The Wall Street Journal-ին հայտնել է ռուսական հետախուզության նախկին աշխատակիցը, որը ծանոթ է բանակցությունների հանգամանքներին։ Նույն զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի կողմից ռուսական դիզելային վառելիքի գնման և դրա վաճառքը միջազգային շուկաներում խթանելու վերաբերյալ։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The Wall Street Journal-ին հաստատել է, որ կողմերը քննարկել են հանդիպման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ գագաթնաժողովի անցկացման, ոչ էլ դրա օրակարգի վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ Թրամփը դեռ չի համաձայնել մասնակցել հանդիպմանը, սակայն կարող է դիտարկել այդ առաջարկը՝ հաշվի առնելով պատերազմը դադարեցնելու հասնելու վերաբերյալ իր բազմակի խոստումները։
Կիրակի Թրամփը հայտարարել է, որ գործարքներ է կնքել Ռուսաստանի հետ, քանի որ չի ցանկանում Պուտինին հեռացնել Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններից։
Կիրակի Bloomberg-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թրամփին մեղադրել է, որ վերջինս Կիևին փորձում է ստիպել զիջումների գնալ Ռուսաստանին։ Երկու առաջնորդների միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ։
Հանդիպման անցկացման հնարավոր վայրերից մեկի համար Պուտինն առաջարկել է Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվելիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի հարթակը, որը կանցկացվի նոյեմբերի 18–19-ին, նշում է պարբերականը։
Ուկրաինային նվիրված, սակայն Զելենսկու մասնակցություն չնախատեսող գագաթնաժողովն անսովոր դիվանագիտական քայլ կլիներ և, հավանաբար, կառաջացներ Կիևի ու նրա դաշնակիցների բողոքը։