Ուկրաինան մինչև 2037-ը պետք է ավելի քան 160 մլրդ դոլար վճարի պետական պարտքի դիմաց

Ուկրաինան առաջիկա 10 տարում պետական պարտքի սպասարկման և մարման համար պետք է վճարի 160.348 մլրդ դոլար։ Այս մասին վկայում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության վճարումների ժամանակացույցը:

Գերատեսչությունը պարբերաբար կազմում է երկրի պետական պարտքի մարման վճարումների ժամանակացույց։ Դրանում ներառված են միայն այն վճարումները, որոնք ֆինանսների նախարարությունը ներառել է վճարումների օրացույցում։ Այն չի արտացոլում Ուկրաինայի պետական պարտքի ամբողջ ծավալը, որը օգոստոսի արդյունքներով հասել էր 215.55 մլրդ դոլարի։

Ուկրաինայի ֆինանսների նախարարության հրապարակած վճարումների ժամանակացույցի համաձայն՝ մինչև 2027 թվականի վերջ Կիևը արտաքին և ներքին պարտքի հիմնական գումարի մարման համար պետք է վճարի 103.813 մլրդ դոլար, ևս 56.535 մլրդ դոլար՝ դրա սպասարկման դիմաց։ Այսպիսով, առաջիկա 10 տարում Ուկրաինայի պետական պարտքի մարման և սպասարկման ընդհանուր վճարումները կկազմեն 160.348 մլրդ դոլար։

Ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ երկրի պետական պարտքը մինչև այս տարվա վերջ կհասնի 10 տրլն 146 մլրդ գրիվնայի կամ 226 մլրդ դոլարի։ Ուկրաինայի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը նախատեսում է 37 մլրդ դոլարի դեֆիցիտ և պետական պարտքի աճ՝ մինչև 276 մլրդ դոլար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ Ուկրաինայի ֆինանսական կարիքները կշարունակեն աճել՝ չնայած Եվրամիության կողմից արդեն տրամադրվող լայնածավալ աջակցությանը։ Եվրահանձնաժողովի պնդմամբ՝ Եվրամիությունն ապահովում է Կիևին տրամադրվող արտաքին օգնության ընդհանուր ծավալի 80%-ը։

Leave a comment