«Առերեսվեք ձեր խղճի հետ և հասկացեք՝ ինչ ենք կորցնում, որի մասը դուք եք՝ ձեր լռությամբ»․ Թեհմինե Ենոքյանը՝ Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներին Ամուլսարի խնդրի առիթով՝ COP17-ի ժամանակ

«Հնարավորն ու անհնարինն արել ենք, ճանապարհներ ենք փակել, դիմել բոլոր միջազգային կազմակերպություններին, որպեսզի թույլ չտանք այս ծրագրի իրականացումը»,- Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Կանաչ գոտում անցկացված «Կեղծ լուծումներից դեպի համակարգային վերափոխում․ տարածքների պաշտպանություն, անտառների պահպանում և արդարության առաջմղում» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով Ամուլսարի խնդրի մասին, հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը։

Նա, փաստելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որը հանքը նախկինում տնօրինող Lydian International-ի խոշոր բաժնետերերից էր, դադարեցրել է իր մասնակցությունը 2020 թվականին, ասաց․ «EBRD-ն դուրս է եկել, բայց պետք է պատասխանատվություն կրի։ Ես պահանջեցի, որ իրենք արգելեն Ամուլսարի նախագիծը ֆինանսավորող իրենց գործընկեր բանկերին ֆինանսավորել այդ ծրագիրը։ Իրենք դուրս են եկել, բայց բանկը, որն իրենցից գումար է ստանում, ֆինանսավորում է Ամուլսարի ծրագիրը, որն ընդհանրապես անթույլատրելի է։ Նամակ եմ գրել EBRD-ին և հույս ունեմ, որ պատասխան կստանամ։

ՀՀ կառավարությունը 150 միլիոնի երաշխիք է տվել, որ վարկ վերցնեն։ Դա ի՞նչ ներդրում է, եթե պետք է մեր կառավարությունը պատասխանատվություն կրի և երաշխիք տա։ Եթե Լիդիան ընկերությունը հեռանա ՀՀ-ից գնա, ամբողջ պատասխանատվությունը կրելու է մեր կառավարությունը։ Բոլոր իրենց պարտավորությունների համար մեր երկիրն է պատասխան տալու պետբյուջեից, մեր բոլորի գրպաններից։ ՀՀ կառավարությանը 12,5 տոկոս բաժնեմաս են տվել, և կառավարությունը մաս է դարձել այս ծրագրին։ Փաստացի այս նախագիծը դուրս է մնացել վերահսկողությունից։ Բնապահպանական մարմինը վարչապետի ենթակայության տակ է, նախարարությունները՝ ևս։ Ստացվում է՝ մենք անպաշտպան ենք։ Եթե խախտող կա, ոչ մի մարմին չի ասի, որ վարչապետը սխալ է արել։ Այս ծրագիրը մնացել է հսկողությունից դուրս»։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանն էլ նշեց՝ իր պայքարը սկսել է 2011-ից, և այդ ժամանակվանից սկսվել են ճնշումներն իր դեմ՝ սկսած անձնական տվյալների հավաքագրումից մինչև իր դեմ դատական գործեր։ 

Խոսելով այն փաստի մասին, որ ՀՀ կառավարությունը մտադիր է շահագործել հանքը, նշեց․ «Դա ցավոտ և հիասթափեցնող որոշում է։ ՀՀ կառավարությունը պետք է սթափվի ու հասկանա, որ մենք կորցնում ենք մի այնպիսի քաղաք, որի համար իրենց կյանքում իրենք որևէ ներդրում արած չկան։ Մարդիկ արել են ամեն ինչ, որ քաղաքը զարգանա, ինչպե՞ս կարելի է մի քանի տարում գցել ջուրը։ Համացանցային այս դարում ի վերջո հնարավոր չէ հանքը թաքցնել առողջարանային քաղաքի տարածքից։ Անհամատեղելին փորձում են համատեղել, որն ուղղակի անհնար է»։

Նա կոչ արեց Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներին․ «Գուցե կարճ ժամանակում մեծ բաներ են խոստանում, բայց մի օր պետք է ձեր խղճի հետ առերեսվեք ու հասկանաք՝ ինչ ենք մենք կորցնում, և ձեզնից յուրաքանչյուրը դրա մասն է լինելու՝ իր լռությամբ։ Ի վերջո պետք է մեր խղճի հետ առերեսվենք և այն արժեքի հետ, որը կորցնում ենք»։

Բանգլադեշի բնապահպան իրավաբանների ասոցիացիայի (BELA) ղեկավար Ռուսալ Հասանն էլ, խոսելով այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են Բանգլադեշի բնիկ ժողովուրդներն ու բնական ռեսուրսներից կախվածություն ունեցող համայնքները, զուգահեռ անցկացրեց իրենց անտառների և Ամուլսարի համար պայքարի հարցում․ «Կարծում եմ՝ այս հանքային ծրագրում, ինչպիսին Ամուլսարն է, կարևոր է համայնքային դիմակայունությունը և համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելը։ Մենք համարյա նույն համակարգով ենք պայքարում մեր անտառների համար։ Հայաստանում պայքարում են սարի համար, Բանգլադեշում մենք պայքարում ենք անտառների համար»։

Ռուսալ Հասանը մտահոգություն հայտնեց, որ իրենց երկրում էլ զարգացման, տնտեսական շահի անվան ներքո կայացվում են որոշումներ և իրականացվում նախագծեր, որոնք վնասում են կենսաբազմազանությանը և համայնքի բնակիչների շահին դեմ են։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment