Այդ հեքիաթները մի քանի տարի է՝ լսում ենք. բնապահպանը՝ Գևորգ Պապոյանին

«Ամուլսարը չի դառնալու հանք, մնալու է սար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման դեմ այսօր տեղի ունեցած բողոքի ցույցը ոստիկանների կողմից խոչընդոտելուն՝ նա ասաց, որ աշխարհի մի շարք երկրներում մասնակցել է նման բողոքի ցույցերի և համաժողովների, սակայն երբեք նման խայտառակություն չի տեսել, երբ մարդու իրավունքների պաշտպաններին կամ բնապահպաններին խոչընդոտում են արտահայտել իրենց բողոքը։

«Նույնիսկ կառավարություններն են սատարել, որ քաղաքացիական հասարակությունն իր ձայնը բարձրացնի այդ համաժողովներում։ Ապշած ու զարմացած եմ, որ այսօր խոսում ենք այն մասին, որ գնում ենք ԵՄ, բայց մեր վիճակն այս է։ Երբ մարդու իրավունքների պաշտպանները քայլում են ներսում, որտեղ COP 17-ն է, ու ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում են մեզ, սա խայտառակություն է։ Աշխարհի մեծ մասում նման հավաքների եմ եղել, նման վիճակ չկա», — ասաց Սիլվա Ադամյանը։

Aravot.am-ի հարցին, թե ինչպես է արձագանքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, որ հանքն արդեն գործում է, տարեկան 130 միլիոնի հարկեր է բերում, և բնությանը վտանգ չի սպառնում, Ադամյանն ասաց.

«Այդ հեքիաթները մի քանի տարի է՝ լսում ենք։ Ամեն կառավարության օրոք գալիս են ու նույն հեքիաթները մեզ պատմում։ Բայց փորձագետները փորձագիտական տվյալներ են ներկայացրել նույն կառավարություններին, որոնցում շատ հստակ գրված է, թե ինչ վտանգներ են սպասվում Ամուլսարի գործունեության ընթացքում։

Չեմ խոսում միջազգային անկախ փորձագետների փորձաքննության մասին, թե ինչ ցույց տվեց։ Խեղաթյուրելու համար անգլերենից հայերեն էին թարգմանել, մարդիկ կարդում էին, բայց ոչինչ չէին հասկանում։ Այս անօրինական գործընթացները, որ տեղի են ունենում, պետք է ջրի երես դուրս գան»։

Բնապահպանն ասաց, որ հաստատված է՝ Ամուլսարում ոսկու պաշարները բավականին քիչ են։ Նրա խոսքով՝ եթե նման բիզնեսը գալիս է ու ցանկանում շահագործել հանքը՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ, մեծ գումարներ է ծախսելու, սակայն դա չեն անի, քանի որ այդ հանքից ստացվող օգուտը բավարար չէ։

«Երբ հանքարդյունաբերողը մտնում է Հայաստան, ինքը իր հին ու էժան տեխնոլոգիաներով է աշխատում», — ասաց նա։

Aravot.am-ի դիտարկմանը, թե նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» նորագույն տեխնոլոգիաներով է աշխատում, բնապահպանն արձագանքեց.

«Բացե՛ք, նայե՛ք։ Այդպես ուղղակի ասում են։ Պահանջում ենք կանգնեցնել ու թույլ չտալ, որ Ամուլսարը շահագործվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment