Ինչ օգուտներ կտա COP17-ը Հայաստանին․ նախարարը պարզաբանում է

/․ COP17-ի անցկացումը Երևանում տարբեր տեսակի հնարավորություններ կարող է տալ Հայաստանին, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ COP17-ի անցկացումը Երևանում տարբեր տեսակի հնարավորություններ կարող է տալ Հայաստանին, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ֆինանսական միջոցներ բնապահպանական խնդիրների լուծման համար

Նախարարի խոսքով՝ միջոցառման նշանակություններից մեկը բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների կարևորության ընդգծումն է։

«Եթե ուզում ենք կենսաբազմազանության հարցը լուծել, պետք է նաև փողի հարցը լուծենք»,– ասել է Պապոյանը ճեպազրույցի ժամանակ։

Որպես օրինակ՝ նախարարը նշել է Սևանա լճի ձկնապաշարների վերականգնումն՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։

Նրա խոսքով՝ ֆինանսական հնարավորություններ ունեցող պետությունը կարող է միջոցներ հատկացնել բնական պաշարների վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծման համար։

Հայաստանը կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում

Նախարարը միջոցառման մյուս կարևոր արդյունքներից մեկը համարել է Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացումը։


«Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են բնապահպանությամբ և այդ հարցն իրենց օրակարգում ունեն՝ սկսած համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից, այդ թվում՝ Լեոնարդո Դի Կապրիոյից, մինչև շարքային բնապահպաններ, այս օրերին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Հայաստանի վրա», – նշել է Պապոյանը։


Զբոսաշրջիկների թվի աճ

Պապոյանն առանձին անդրադարձել է միջոցառման զբոսաշրջային նշանակությանը։ Նրա խոսքով՝ COP17-ի անցկացման ընթացքում Հայաստանում ակնկալվում է լրացուցիչ 10–15 հազար զբոսաշրջիկի ժամանում։

«Այս օրերին նաև դեպի Հայաստան թռիչքներն են կտրուկ ավելացել, օտարերկրացիների քանակն է ավելանում, 10 000-ից մինչև 15 000 հավելյալ զբոսաշրջիկ է ակնկալվում, որ այս ժամանակահատվածում պետք է գա Հայաստան, կամ մի մասն արդեն եկել-գնացել է»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ սա նույնպես ունի իր տնտեսական արդյունքը։


Ներդրումային միջավայրի լավարկում և նոր ներդրումներ

Նախարարի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են նաև ներդրումային միջավայրի լավարկմանը։

«Նման միջոցառումները, երկրի տեսանելիությունը մեծացնելուն զուգահեռ, բերում են նաև ներդրումային միջավայրի լավարկմանը և նոր ներդրումների, ներդրումային հնարավորությունների ավելացմանը»,– նշել է Պապոյանը:


Համաժողովի մասին


COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որը միավորում է պետություններին՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ միջոցառումներ մշակելու նպատակով։


Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում նման մասշտաբի համաժողով և երկու տարի՝ մինչև 2028 թվականի հաջորդ համաժողովը, նախագահելու է COP17-ը։

Leave a comment