Երևանի Աղի լճի տարածքում սկսվել են բարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում նախատեսվում է վերանորոգել լճի շրջակայքը և ստեղծել հանգստի ու ժամանցի նոր հնարավորություններ։
Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Ծրագրով կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։
Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն պառկելաթոռներով (շեզլոնգներով) և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ։