Հայաստանը պատրաստ է այլ երկրների հետ կիսվել դպրոցական սննդի ծրագրի փորձով․ Անդրեասյան

Հայաստանը պատրաստ է այլ երկրների հետ կիսվել «Ազգային դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման փորձով և աջակցել այն երկրներին, որոնք նոր են սկսում այդ գործընթացը, հայտարարել է ԿԳՄՍ նախարարը


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը պատրաստ է այլ երկրների հետ կիսվել «Ազգային դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման փորձով և աջակցել այն երկրներին, որոնք նոր են սկսում այդ գործընթացը։


Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը COP17-ի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ։


«Մենք կարևորում ենք, որպեսզի այս փորձառությունը չմնա մեկ երկրի շրջանակներում։ Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով, պատրաստ է աջակցել մյուս երկրներին։ Եվ որպես Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային միացած երկիր՝ մենք մեր հանձնառությունն ունենք և մեր պատասխանատվությունը՝ այս կարևոր գաղափարները տարածելու և աջակցելու բոլոր այն երկրների շրջանում, որոնք նոր են ոտք դնում այն ճանապարհին, որն արդեն անցել ենք», – ընդգծել է նախարարը։


Հայաստանի «Ազգային դպրոցական սնունդ» ծրագիրը ներկայացվել է «Կրթությունը որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով քննարկման շրջանակում։


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ծրագրային գործառնությունների գծով գործադիր տնօրենի օգնական Մեթյու Հոլինգվորթն իր հերթին նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի ծրագիրը կապում է դպրոցները, ֆերմերներին և համայնքները՝ նպաստելով տեղական պարենային համակարգերի և տնտեսության զարգացմանը։


«Երեխաները սովորում են, թե որտեղից է գալիս իրենց սնունդը, ինչպես է այն արտադրվում և ինչու են այն ապահովող բնական ռեսուրսներն այդքան կարևոր», – ասել է Հոլինգվորթը։


Նրա խոսքով՝ տեղական արտադրանքի վրա հիմնված դպրոցական սննդի համակարգը նպաստում է ոչ միայն երեխաների առողջ սնվելուն, այլև ֆերմերների, խոհարարների և սննդի մատակարարման ամբողջ շղթայի զարգացմանը։


Հոլինգվորթն ընդգծել է նաև, որ կենսաբազմազանության կորուստը սպառնում է պարենային անվտանգությանը, մինչդեռ առողջ էկոհամակարգերը դիմակայուն պարենային համակարգերի հիմքն են։

Leave a comment