Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը

Հասարակություն

19.10.2026 | 16:45

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Եկեղեցուց ավելի քան 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը։ 

Մասնավորապես, Վաղարշապատի համայնքապետարանը 2026 թ. մայիսի 6-ին հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության անշարժ գույքի հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ ՀԱՍԵ-ն վիճարկել է հաշվարկների ճշտությունը՝ նշելով, որ ցուցակում ներառված են կրկնվող, ոչ պատշաճ նույնականացված և, իր պնդմամբ, հարկից ազատված կամ պետության կողմից իրենից վերցված գույքեր։ Համայնքապետարանը ուսումնասիրել է եկեղեցու ներկայացրած 62 անշարժ գույքի սեփականության վկայականները, սակայն որոշ անհամապատասխանություններ, այնուամենայնիվ, մնացել են։

Ըստ Մեխակյանի ստորագրած որոշման՝ ներկայացված հաշվարկով ընդհանուր պարտավորությունը կազմել է 118,397,492 ՀՀ դրամ, որը ներառում է 2021–2025 թթ. հարկային ապառքներն ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը։ Հաշվարկը կատարվել է 2026 թ. ապրիլի 27-ի դրությամբ և չի ներառում 2026 թ. հարկային պարտավորությունները։

Վարչական վարույթը երկու անգամ կասեցվել է․ հունիսի 5-ին՝ 30 օրով, ապա հուլիսի 6-ին՝ մինչև օգոստոսի 5-ը ներառյալ։ Օգոստոսի 6-ին համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը որոշել է վերսկսել վարույթը, իսկ հաջորդ օրը Արգիշտի Մեխակյանը որոշում է կայացրել, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 47 551 349 ՀՀ դրամ որպես չվճարված հարկային պարտավորությունների գումար: 

Գործը Վարչական դատարան է ներկայացվել հոկտեմբերի 9-ին, իսկ հոկտեմբերի 12-ին մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին։

Ռոզա Վարդանյան

 

Leave a comment