Մենք Ջերմուկն ու Սևանն ենք կորցնում. բնապահպան

«Ամուլսարի հանքը բազմաթիվ ռիսկեր ունի։ Սևանի հանձնաժողովը 2012-ին չորս հիմնական կետ է նշել, որոնք հաստատել են նաև մյուս փորձագետները։ 1) Այն 10 բալանոց սեյսմիկ գոտի է, 2) մեծությամբ երկրորդ սողանքային տարածքն է Հայաստանում, 3) կա թթվային դրենաժի վտանգ, որը հնարավոր չէ կառավարել, 4) կա ռադիացիոն բարձր վտանգ, որը գրանցվել է դեռևս 50-ականներից և պահպանվում է մինչ օրս։

Այս չորս կետերը՝ չորս ռիսկերը, չեն կարող փոխվել ու կառավարվել։ Նրանք, ովքեր ասում են, թե պետք է կառավարել, նոր տեխնոլոգիաներ կիրառել և այլն, պետք է իմանան, որ չկան նոր տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր կլինի կառավարել ու կանխել ռադիացիան, թթվային դրենաժը, սեյսմիկ վտանգը և սողանքները։ Սա մեծ աղետ է», — այսօր լրագրողների հետ զրույցում ահազանգեց Ամուլսարի շահագործման դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակից բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Ամուլսարը գտնվում է Սևանի ջրհավաք ավազանում, և հանքարդյունահանումն անթույլատրելի է «Սևանա լճի մասին» օրենքի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Բեռնի կոնվենցիայի համաձայն։

«Բոլոր թույլտվությունները տրվել են օրենքների ու կոնվենցիաների խախտումներով։ Չորս անգամ թույլտվություններ են տվել՝ խախտելով բոլոր օրենքներն ու կոնվենցիաները։ Եվ այդ պաշարով եկել ենք COP 17 ենք անում՝ փոխանակ ձեռքբերումներ ունենայինք», — նշեց նա։

Նրա խոսքով՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ հանքարդյունահանումը Ջերմուկում։

«Այս տարի Բեռնի կոնվենցիան մեր դիմումի համաձայն որոշում է կայացրել՝ անհապաղ դադարեցնել շինարարությունն ու հանքարդյունաբերությունը Ամուլսարում և նշանակել նոր փորձաքննություն։ Առանց փորձաքննական եզրակացության հնարավոր չէ հանքարդյունահանում իրականացնել. դա անօրինական գործունեություն է։

Մեր կառավարությունն արհամարհում է COP 17-ից առաջ միջազգային կազմակերպության պահանջը։ Սա ձեռնոց է միջազգային հանրությանը։ Սա լուրջ խնդիր է. մեզ կարող են միջազգային հանրությունից նույն կերպ արհամարհել։

Արդեն COP 17-ի մակարդակով այս հարցը բարձրացվել է, ու ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հանքարդյունահանումը Ամուլսարում։ Մենք Ջերմուկն ու Սևանն ենք կորցնում։ Այդ ջրերն աղտոտվելու են, և դուք նույնիսկ 500 տարի միլիարդներ ծախսելու դեպքում չեք կարողանալու վերականգնել դրանք», — ասաց Նազելի Վարդանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment