ՀՀ-ից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է շուրջ 38 հազ. տուփ մաքսանենգ ծխախոտ (ՎԻԴԵՈ)

Մաքսային ծառայողները կազմաքանդել են արտահանման համար նախատեսված բոլոր դռները և դրանց ներսում հայտնաբերել տարբեր երկրների արտադրության 37 900 տուփ ծխախոտ՝ առանց ակցիզային դրոշմանիշերի.  ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանից ԱՄՆ արտահանման համար նախատեսված լամինատե դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանք, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։


ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժինը տեղեկություններ էր ստացել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է «Կարգո» բեռնային համալիրով դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք՝ այն թաքցնելով մաքսային հսկողությունից։


Ստացված տեղեկությունների հիման վրա մաքսային մարմինները հսկողություն են սահմանել տնտեսվարողի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։


«Կարգո» բեռնային համալիրում իրականացված մաքսային զննման ընթացքում ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ ԱՄՆ արտահանվող լամինատե դռներից յուրաքանչյուրի քաշը շուրջ երկու անգամ գերազանցել է նույն նյութից պատրաստված սովորական դռների քաշը։


Մաքսային ծառայողները կազմաքանդել են արտահանման համար նախատեսված բոլոր դռները և դրանց ներսում հայտնաբերել տարբեր երկրների արտադրության 37 900 տուփ ծխախոտ՝ առանց ակցիզային դրոշմանիշերի։


Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։


«Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ ապրանքները մաքսային հսկողությունից թաքցնելով տեղափոխելու փորձերից»,-նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։




Leave a comment