Toyota-ն նոր դասի ավտոմեքենաներ է առաջարկել

Ճապոնական Toyota ընկերությունը Եվրամիության երկրներին առաջարկել է տրանսպորտային միջոցների նոր կատեգորիա սահմանել՝ VEEF։ Ընկերությունը մտադիր է բնապահպանական նորմերի տեսանկյունից այդ մեքենաները հավասարեցնել էլեկտրամոբիլներին։ Այլ կերպ ասած՝ ճապոնական ընկերությունը ցանկանում է, որ VEEF կատեգորիայի ավտոմեքենաներն օգտվեն էլեկտրական տրանսպորտի համար նախատեսված համապատասխան արտոնություններից։

Toyota-ի առաջարկը հնարավորություն կտա 2035 թվականից հետո պահպանել ներքին այրման շարժիչներով (ՆԱՇ) ավտոմեքենաների արտադրությունը, երբ ԵՄ-ում ուժի մեջ կմտնի ՆԱՇ-ով մոդելների արտադրության արգելքը։ Միաժամանակ ապագա ավտոմեքենաները պետք է համապատասխանեն մի շարք չափանիշների։

Նախևառաջ, VEEF կատեգորիայի մեքենաները պետք է աշխատեն բացառապես վերականգնվող վառելիքով։ Արտադրողներին կպարտավորեցնեն տեխնիկական սահմանափակումներ ներդնել, որոնք կարգելեն այդ ավտոմեքենաները բենզինով կամ դիզելային վառելիքով լիցքավորել։

Այդ նպատակով Toyota-ն առաջարկում է մեքենաների կառուցվածքում ներդնել հատուկ համակարգեր, որոնք ճանաչում են լիցքավորման ատրճանակի տեսակը, կամ կիրառել այլ տեխնոլոգիաներ։

Ճապոնական ընկերությունը շեշտը դնում է երկրորդ սերնդի կենսավառելիքի վրա, որը ստացվում է օրգանական թափոնների մնացորդներից։ Toyota-ի առաջարկը նպատակ ունի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների անցումը դարձնել ավելի իրատեսական և ճկուն։ Ընկերության ղեկավարության կարծիքով՝ Եվրամիության գործող նորմերը հաշվի չեն առնում շուկայի իրական պահանջարկը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման տեմպերը։

Toyota-ն Repsol-ի, BMW-ի և Bosch-ի հետ համատեղ անցկացրել է վեցամսյա փորձարկումներ, որոնց ընթացքում 20 ավտոմեքենա լիցքավորվել է վերականգնվող բենզինով։ Փորձարկումները ցույց են տվել, որ այդ վառելիքը բացասաբար չի ազդում շարժիչի աշխատանքի վրա։ Բացի այդ, վառելիքի այս տեսակը հնարավոր է մատակարարել գործող լցակայանների ցանցի միջոցով, մինչդեռ էլեկտրամոբիլների համար անհրաժեշտ է նոր լիցքավորման կայաններ կառուցել։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment