Արցախ վերադարձի պայքարից հրաժարվելու իրավունք չկա. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՈՉԻ՛ՆՉ ԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ։

Ո՛չ պատերազմը։ Ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ո՛չ միջազգային հանրության անտարբերությունը։ Ո՛չ էլ այն արդարացումները, որոնցով այսօր փորձում են համոզել , թե Արցախը պահելն անհնար էր։

Անհնարինի մասին խոսում են նրանք, ովքեր չեն կարողացել, չեն ցանկացել կամ դավաճանաբար չեն պայքարել հնարավորի համար։

Արցախի հանձնումը չի կարող արդարացվել նույնիսկ այն դեպքում, երբ դրա հետևանքները ծանր են, երբ վերադարձի ճանապարհը բարդ է, երբ աշխարհը չի ցանկանում լսել մեր ձայնը։

Ես չեմ ընդունում և երբեք չեմ ընդունի, որ Արցախի կորուստը ներկայացվի որպես անխուսափելի իրողություն, իսկ արցախցու վերադարձի պահանջը՝ որպես անցյալին կառչած մնալ։

Արցախը մեր անցյալը չէ միայն։ Արցախը մեր չավարտված ներկան է և մեր ապագայի իրավունքը։

Պատմությունը կարող է արձանագրել հանգամանքները, բացահայտել սխալները, գնահատել դերակատարներին։ Բայց ոչ մի պատմական բացատրություն չի կարող վերածվել արդարացման։

Եվ ոչ մի իշխանություն իրավունք չունի իր քաղաքական որոշումը պարտադրել որպես մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։

❗️Արցախը հանձնելու համար արդարացում չկա։

❗️Արցախը մոռանալու իրավունք չկա։

❗️Արցախ վերադարձի պայքարից հրաժարվելու իրավունք չկա՛։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment