Քաղաքականություն
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ նախօրեին բողոքի ակցիա է տեղի ունեցել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Ակցիան տեղի է ունեցել դեսպանատնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ ոստիկանության կողմից խոչընդոտների պատճառով: Դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանության կողմից։
«Մենք տեսնում ենք, որ հավատքի ազատության և մարդու ամենահիմնարար իրավունքների վրա ճնշումները մեր երկրում դեռևս առողջ կետի չեն հասել: Մենք գտնվում ենք մեր կանգնած տեղից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ, և մեզ ստիպել են մեր ձայնը լսելի դարձնել այս հեռավորությունից՝ իրականացնելով մեր ամենաբնական սահմանադրական իրավունքը, մեր ամենաբնական մարդկային իրավունքը: Ես դատապարտում եմ սա»,- ասել է Անկարայի «Հավատքի ազատության հարթակի» խորհրդատվական խորհրդի անդամ և Ասմա Քյոփրուի միջազգային ուսանողական ասոցիացիայի նախագահ Հանեֆի Սինանը։
«Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» (Özgür-Der) կազմակերպության Անկարայի մասնաճյուղի նախագահ Յասեմին Օգյութը, իր հերթին, ասել է․ «Գլխաշորի արգելքը շարունակվում է Ադրբեջանի դպրոցներում։ Մի՞թե այս տեսարանը մեզ ծանոթ չէ։ 28 տարի առաջ Թուրքիայում մի խումբ անձինք գլխաշորի արգելքներ կիրառեցին աշխարհիկության և արդիականության անվան տակ։ Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի խոչընդոտումը։ Գլխաշորը մեր հավատքի պահանջն է։ Դա Աստծո պատվիրանն է։ Ոչ ոք ուժ չունի դա կանխելու։ Մենք բացահայտ կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ վերջ դրեք այս պարզունակ և անօրինական գործելակերպին»։
Ակցիայի մասնակիցների հայտարարության մեջ նշվում է, որ գլխաշորի արգելքը որպես Ադրբեջանի և Թուրքիայի միջև անհամաձայնություն սերմանող խնդիր բնութագրելու փոխարեն՝ անհրաժեշտ է կենտրոնանալ անարդարության վերացման վրա: Դպրոցները չպետք է լինեն վայրեր, որտեղ երեխաները մեկուսացվում են իրենց համոզմունքների և հագուստի պատճառով, հավելել են նրանք։
Ավելի վաղ նույնպես Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույց էր տեղի ունեցել՝ ընդդեմ դպրոցներում հիջաբի կրման արգելքի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի