Բաքուն և Անկարան հիջաբի շուրջ վեճի ֆոնին զորավարժություններ են սկսել

Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 19-ին Մուղլայի Աքսազ շրջանում սկսել են SAT-SAS-2026 համատեղ ռազմածովային զորավարժությունները, հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։ Դրանց մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։ Նախատեսված են ստորջրյա հարձակման և պաշտպանության գործողությունների վարժանքներ։

Զորավարժությունները մեկնարկել են Անկարայի և Բաքվի միջև հիջաբի շուրջ հրապարակային տարաձայնություններից օրեր անց։ Սեպտեմբերին Ադրբեջանում դպրոցական հագուստի նոր պահանջներ էին սահմանվել, որոնց կիրառումից հետո հիջաբ կրող աշակերտուհիներին չէին թույլատրել մասնակցել դասերին։ Որոշումը քննադատել էր Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։

Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հոկտեմբերի 13-ին թուրքական կողմի հայտարարությունները անվանել էր «պոպուլիստական և անպատասխանատու» և կոչ արել չմիջամտել երկրի ներքին գործերին։ Բաքուն հոկտեմբերի 14-ին Թուրքիայի և Իրանի օգտատերերին մեղադրել էր հիջաբի սահմանափակումների ֆոնին Ադրբեջանի դեմ համակարգված տեղեկատվական արշավ իրականացնելու մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին Բաքվում քննարկել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։

Armenia Today

Leave a comment