ԱՄՀ ղեկավարն արհեստական բանականությունից տնտեսության կախվածությունը համեմատել է մեկ ոտքի վրա կանգնելու հետ

Արհեստական բանականության արագ զարգացումը համաշխարհային տնտեսական աճի գլխավոր գործոնն է, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում և խորացնում երկրների միջև ճեղքվածքը։ Այս մասին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների աշնանային նիստի ընթացքում հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։

«Պետք է նաև ընդունել, որ արհեստական բանականության բումը տնտեսական աճին նպաստող գլխավոր գործոնն է։ Սակայն միևնույն ժամանակ դա նաև ռիսկ է, քանի որ երբ մենք կախված ենք աճի մեկ կոնկրետ շարժիչից, դա նույնն է, ինչ մեկ ոտքի վրա կանգնելը», – ասել է նա։

Գեորգիևայի խոսքով՝ աշխարհի բոլոր երկրները հետևում են արհեստական բանականության զարգացման անհավանական արագությանը, և այսօր ընդունվող որոշումները կսահմանեն այս «չափազանց հզոր» տեխնոլոգիայի զարգացման հետագա ուղին։

«Մենք ցանկանում ենք օգտվել արհեստական բանականության առավելություններից, բայց միևնույն ժամանակ ձգտում ենք կառավարել դրա հետ կապված ռիսկերը։ Մեզ անհրաժեշտ են պաշտպանական մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն մարդկանց և բիզնեսը, ինչպես նաև կապահովեն երկրների զարգացման բարենպաստ հեռանկարներն ապագայում», – ընդգծել է ԱՄՀ ղեկավարը։

Իր հերթին, Արժույթի և ֆինանսների միջազգային կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալ-Ջադաանը հայտարարել է, որ արհեստական բանականությունը արտադրողականության բարձրացման զգալի հնարավորություններ է բացում։ Սակայն, նրա խոսքով, կա նաև հակառակ կողմը․ ԱԲ-ն պարունակում է ռիսկեր, որոնք կարող են խորացնել տնտեսական անհավասարությունը։

«Չի կարելի ինքնագոհության տրվել։ Ֆինանսական իշխանություններին անհրաժեշտ է մշակել վստահություն ներշնչող միջնաժամկետ ծրագրեր՝ պահուստները վերականգնելու համար՝ միաժամանակ պաշտպանելով բնակչության խոցելի խմբերին և պահպանելով այն ներդրումները, որոնք նպաստում են տնտեսական աճին», – ասել է նա։

Ավելի վաղ Գեորգիևան հայտարարել էր, որ արհեստական բանականության ներդրումն ամբողջ աշխարհում դարձել է անխուսափելի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախապատրաստվել այդ գործընթացին՝ այս տեխնոլոգիայի առաջացրած վտանգներին դիմակայելու համար։

Օգոստոսի վերջին Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը կոչ էր արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը՝ տեխնոլոգիայի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։ Նա իր մտահոգությունները կապել էր այն դեպքերի հետ, երբ ԱԲ գործակալները դուրս էին եկել սահմանված սահմանափակումների շրջանակից։ Նրա կոչին աջակցել էին OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը և xAI-ի ղեկավար Իլոն Մասկը։

ԱԲ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ռիսկերի մասին նախազգուշացրել էր նաև ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեֆրի Հինթոնը, որին անվանում են ԱԲ-ի «կնքահայր»։ Նրա խոսքով՝ ներկայումս ընկերությունները չունեն «գերբանականություն» անվտանգ զարգացնելու հնարավորություն։ Խոսքն արհեստական համակարգի մասին է, որի բանականությունը զգալիորեն գերազանցում է մարդկային բանականությանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment