Monumentwatch.org Ինչպես հայտնում է ադրբեջանական Ազերթաջ գործակալությունը, ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գիտության և կրթության նախարարության ղեկավարությունն ու ներկայացուցիչները այցելել են Արցախում գտնվող Ազոխ քարանձավ և ծանոթացել այնտեղ միջազգային արշավախմբի կողմից անցկացված հնագիտական պեղումներին։ Պատվիրակության կազմում են եղել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին, գիտության և կրթության փոխնախարար Իդրիս Իսաևը, Գիտության և բարձրագույն կրթության պետական գործակալության տնօրեն Ուլքար Սատտարովան, Գիտության և կրթության նախարարության գիտության, բարձրագույն և մասնագիտական կրթության վարչության պետ Թուրքհան Սուլեյմանը և ուրիշներ։
2020 թվականից օկուպացված Ազոխի քարանձավում 2023 թվականին սկսված միջազգային արշավախմբի գործունեության և տարածքում հայտնաբերված նյութական ու մշակութային նմուշների մասին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն, դոցենտ Ֆարհադ Գուլիևը, Գերմանիայի Լեյզա ինստիտուտի հետքաբանության և վերահսկվող փորձերի լաբորատորիայի ղեկավար Ժոաո Մարեյրոսը, Ազոխի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Ղարաբաղի համալսարանի Ազոխի հնագիտական հետազոտությունների և վերլուծության լաբորատորիայի ղեկավար Աջդար Բաբազադեն։
Ադրբեջանցի գիտնականներից բացի, 2023 թվականից գործող Ազոխի միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներում ներգրավված են եղել նաև այնպիսի երկրների հետազոտողներ, ինչպիսիք են Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Դանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունաստանը, Սլովակիան, Պակիստանը և Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ, առաջին օրվանից պեղումներին և հետազոտություններին սերտորեն մասնակցել են Ղարաբաղի համալսարանի, Ադրբեջանի լեզուների համալսարանի, Անգլիայի Օքսֆորդի համալսարանի և Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի ուսանողներն ու մասնագետները։
Հաղորդման մեջ որևէ անդրադարձ չկա ինչպես նախորդ տարիներին Արցախի հանրապետության իշխանությունների կողմից կազմակերպված հայ և միջազգային մասնագետների կողմից ձևավորված արշավախմբի պեղումներին, այնպես և 2020 թվականի պատերազմի արդյունքում Ազոխ գյուղում մնացած այդ պեղումների հնագիտական գտածոների մասին։
Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Տեղակայված է գետահովտի վերևում՝ նույնանուն գյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա: Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և կենդանիները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա և Ասիա։
Ազոխի քարանձավը մարդու վաղ բնակեցման կարևոր հնագիտական հուշարձաններից է: Այն բնական ընդարձակ քարայր է` բաղկացած է մի քանի սրահներից, որոնք միմյանց միանում են նեղ միջանցքներով և մուտքերով: Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումները սկսվել են 1960 թ.՝ ադրբեջանցի հնագետ Մ. Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել է հնավայրի պեղումները (Гусейнов 1971, 477): Պեղումների առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին, որը ներկայումս համարվում է հեյդելբերգյան մարդու դարաշրջան (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 12):
Պեղումների այս փուլում բավական մեծ տեղեկատվություն է կորել, քանի որ դրանք համակարգված և միջգիտակարգային բնույթ չէին կրում: Քարանձավին վնաս են հասցրել նաև ուսումնասիրության համար արշավախմբի ընտրած մեթոդն ու գործիքակազմը: Պեղումների երկրորդ փուլում մասնագետների կողմից փաստվել է, որ քարանձավի որոշ հատվածներում նախկինում պայթեցումներ են արվել: Դա են վկայում ոչ միայն ականատեսների տեղեկությունները, այլև քարանձավի մուտքի մոտ ժայռի որոշ կտրվածքներ: Ականատեսների վկայությամբ, պեղումների համար երբեմն գործածվել է նաև վակումային պերֆերատոր: Սա իր անվերադարձ հետքն է թողել հուշարձանի վրա: Չի բացառվում, որ նման գործիքի կիրառման պատճառով է վնասվել նաև այստեղից հայտնաբերված մարդու ստորին ծնոտի բեկորը:
2002 թվականից սկսած` Արցախի հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ է իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել է 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա:
Արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածություն տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 10-20):
Պեղումների նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականություն: Բացի այդ, վկայություն կա, որ այս տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ Homo heidelbergensis, Homo neanderthalesis, Homo sapiensis
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: