Այս պահին Իտալիայում ընթացող միջազգային գիտաժողովի գիտական քննարկումները բացահայտում են կրթական համակարգի նոր մարտահրավերները՝ դպրոցից մինչև համալսարան։
Արհեստական բանականության զարգացումն այսօր կրթական համակարգի առջև դնում է հիմնարար հարց՝ ինչպե՞ս պետք է փոխվեն ուսուցման բովանդակությունը, մեթոդաբանությունը, գնահատման չափանիշները և մանկավարժի մասնագիտական դերակատարությունը, երբ տեխնոլոգիան կարողանում է կատարել այնպիսի մտավոր գործողություններ, որոնք երկար ժամանակ համարվել են բացառապես մարդկային կարողություններ։
Խնդիրը վերաբերում է ոչ միայն աշակերտներին, այլև ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, գիտաշխատողներին և կրթության կառավարիչներին։ Փոխվում է գիտելիքի ստեղծման, փոխանցման, յուրացման և գնահատման ամբողջ համակարգը։
Իտալիայի Սիցիլիա կղզու Էրիչե քաղաքում տեղի է ունենում «A Strategy for Science Education in a Changing World» (Գիտական կրթության ռազմավարությունը փոփոխվող աշխարհում) միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ճանաչված գիտնականներ, կրթության միջազգային փորձագետներ և հետազոտողներ, անդրադառնում է հենց այս հիմնարար փոփոխություններին։
Հայաստանից գիտաժողովին մասնակցում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության միջազգային փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Գիտաժողովին հնչում են ուշագրավ և կարևոր զեկույցներ, որոնք մեզ գիտական քննարկման հնարավորություն տվեցին, հատկապես կարևոր են Հայաստանի համար, որտեղ տեխնոլոգիական լուծումների ներդրումն արդեն սկսվել է, սակայն կրթական ամբողջ համակարգի վերափոխման հարցերը դեռ պահանջում են հետևողական մասնագիտական քննարկում։
Արհեստական բանականությունը փոխում է ոչ միայն սովորելու միջոցները, այլև կրթության տրամաբանությունը։
Տասնամյակներ շարունակ կրթական համակարգի հիմքում եղել է գիտելիքի փոխանցման և վերարտադրության մոդելը։ Ուսուցիչը կամ դասախոսը ներկայացնում է գիտելիքը, սովորողը յուրացնում է այն, իսկ գնահատման համակարգը ստուգում է, թե որքանով է վերջինս կարողանում վերարտադրել կամ կիրառել ստացած տեղեկատվությունը։
Արհեստական բանականությունը փոխում է այս հարաբերակցությունը։
Այսօր աշակերտը կամ ուսանողը կարող է վայրկյանների ընթացքում ստանալ դասախոսության ամփոփում, գիտական հոդվածի վերլուծություն, մաթեմատիկական խնդրի լուծում, ծրագրային կոդ, հետազոտական նախագիծ կամ գրավոր աշխատանք։
Սակայն տեղեկատվության արագ հասանելիությունը դեռևս չի նշանակում գիտելիքի յուրացում։
Առաջանում է կրթական համակարգի համար սկզբունքային հակասություն. սովորողը կարող է ներկայացնել բարձրորակ աշխատանք՝ առանց համապատասխան խորությամբ տիրապետելու դրա բովանդակությանը։
Այս իրավիճակում գնահատման ավանդական մեխանիզմները կորցնում են իրենց նախկին հուսալիությունը։
Եթե դպրոցում շարադրությունը կամ համալսարանում ռեֆերատը գնահատվում են բացառապես վերջնական տեքստի հիման վրա, այլևս դժվար է որոշել սովորողի իրական ներդրումը։
Ուստի կրթական համակարգի խնդիրը ոչ թե տեխնոլոգիան արգելելն է, այլ ուսումնառության և գնահատման այնպիսի մեխանիզմներ ստեղծելը, որոնք տեսանելի կդարձնեն մարդու ինքնուրույն մտավոր աշխատանքը։
Աշակերտներ և ուսանողներ. տեխնոլոգիական հմտությունը դեռևս մտածողություն չէ
Գիտաժողովի զեկույցներից մեկում ներկայացված փորձարարական ուսումնասիրություններից մեկում երեխաներին առաջարկվել էր գիտական առաջադրանք՝ արհեստական բանականության օգնությամբ ուսումնասիրելու բրածոների հարաբերական տարիքը։
Բանախոսի ներկայացրած տվյալներով՝ մասնակիցների կեսից ավելին դժվարացել էր տարբերակել արդյունավետ հարցադրումը ոչ արդյունավետից, իսկ մոտ կեսը չէր կարողացել հուսալիորեն գնահատել ChatGPT-ի պատասխանների որակը։
Հետազոտությունը մատնանշում է կրթության համար կարևոր խնդիր՝ արհեստական բանականության օգտագործման տեխնիկական կարողությունը չի երաշխավորում տեղեկատվության քննադատական գնահատում։
Նույն խնդիրը վերաբերում է նաև բարձրագույն կրթությանը։
Ուսանողը կարող է արհեստական բանականության օգնությամբ պատրաստել գրականության տեսություն, հետազոտական հարցեր, հոդվածի կառուցվածք կամ տվյալների նախնական վերլուծություն։ Սակայն եթե չի կարողանում բացատրել կիրառված մեթոդաբանությունը, հիմնավորել աղբյուրների ընտրությունը կամ պաշտպանել սեփական եզրակացությունները, առաջանում է ակադեմիական որակի խնդիր։
Համալսարանական կրթության մեջ հատկապես կարևոր է տարբերակել արհեստական բանականության աջակցությամբ կատարված աշխատանքը սովորողի փոխարեն կատարված աշխատանքից։
Այդ տարբերակումը պետք է արտահայտվի կրթական ծրագրերում, առաջադրանքների կառուցվածքում և գնահատման չափանիշներում։
Օրինակ՝ ուսանողին կարելի է թույլատրել արհեստական բանականության միջոցով մշակել հետազոտական հարցի նախնական տարբերակներ, սակայն պահանջել, որ նա ինքնուրույն հիմնավորի դրանց գիտական նշանակությունը, ընտրի մեթոդաբանությունը և գնահատի ստացված արդյունքների սահմանափակումները։
Այս դեպքում տեխնոլոգիան դառնում է հետազոտական աշխատանքի աջակցող միջոց, այլ ոչ թե գիտական մտածողության փոխարինող։
Ուսուցիչը և դասախոսը. մասնագիտական դերակատարության վերաիմաստավորում
Արհեստական բանականության զարգացումը վերափոխում է նաև մանկավարժի մասնագիտական դերը։
Եթե նախկինում ուսուցիչը և դասախոսը հիմնականում ընկալվում էին որպես գիտելիքի փոխանցողներ, ապա այսօր նրանց դերակատարության մեջ առավել մեծ նշանակություն են ստանում ուսումնառության կազմակերպումը, քննադատական մտածողության զարգացումը, հետազոտական գործընթացի ուղղորդումը և գիտելիքի որակի գնահատումը։
Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր։ Կարո՞ղ ենք սովորողներից պահանջել արհեստական բանականության պատասխանների քննադատական գնահատում, եթե ուսուցիչներն ու դասախոսները բավարար պատրաստվածություն չունեն այդ տեխնոլոգիաների աշխատանքի սկզբունքների, սահմանափակումների և հնարավոր կողմնակալությունների վերաբերյալ։
Հայաստանի կրթական համակարգում անհրաժեշտ է ուսուցիչների և դասախոսների մասնագիտական զարգացման նոր մոտեցում։
Վերապատրաստումը չպետք է սահմանափակվի ChatGPT-ի օգտագործման տեխնիկական ցուցումներով։
Մանկավարժը պետք է կարողանա նախագծել առաջադրանքներ, որոնցում արհեստական բանականությունը նպաստում է վերլուծական մտածողությանը, ճանաչողական ակտիվությանը և ինքնուրույն որոշումների կայացմանը։
Դասախոսը պետք է կարողանա գնահատել ոչ միայն ուսանողի ներկայացրած գիտական տեքստը, այլև հետազոտության տրամաբանությունը, աղբյուրների արժանահավատությունը, մեթոդաբանական հիմնավորումները և սեփական գիտական ներդրումը։
Ավելին՝ արհեստական բանականությունը կարող է աջակցել նաև մանկավարժների աշխատանքին՝ ուսումնական նյութերի մշակման, տարբերակված առաջադրանքների պատրաստման, հետադարձ կապի և կրթական գործընթացի վերլուծության հարցերում։
Սակայն վերջնական մասնագիտական պատասխանատվությունը պետք է պահպանի ուսուցիչը կամ դասախոսը։
Համալսարանական կրթություն. վերանայման կարիք ունի նաև գիտական աշխատանքի մշակույթը
Բարձրագույն կրթության ոլորտում արհեստական բանականության ազդեցությունը չի սահմանափակվում ուսումնական առաջադրանքներով։ Այն արդեն կիրառվում է գիտական տեղեկատվության որոնման, մեծածավալ տվյալների մշակման, հետազոտական վարկածների ձևակերպման, ծրագրավորման և գիտական տեքստերի խմբագրման գործընթացներում։ Միաժամանակ առաջանում են ակադեմիական բարեվարքության նոր հարցեր։ Որտե՞ղ է ավարտվում տեխնոլոգիական աջակցությունը և սկսվում ակադեմիական աշխատանքի անթույլատրելի փոխարինումը։
Ինչպե՞ս պետք է հայտարարագրել արհեստական բանականության օգտագործումը գիտական հոդվածներում, ավարտական աշխատանքներում և ատենախոսություններում։
Ո՞վ է պատասխանատու արհեստական բանականության գեներացրած սխալ հղումների, ոչ հավաստի տվյալների կամ անհիմն եզրակացությունների համար։
Հայաստանի համալսարաններին անհրաժեշտ են ակադեմիական բարեվարքության արդիականացված կանոնակարգեր, որոնք հստակ կսահմանեն գեներատիվ արհեստական բանականության թույլատրելի և անթույլատրելի կիրառությունները։
Միևնույն ժամանակ կարևոր է խուսափել ծայրահեղություններից։
Արհեստական բանականության ամբողջական արգելքը կարող է սահմանափակել գիտական աշխատանքի արդյունավետությունը, իսկ անվերահսկելի կիրառությունը՝ վնասել ակադեմիական վստահությանը։
Անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցում, որի հիմքում կլինեն թափանցիկությունը, հեղինակային պատասխանատվությունը և հետազոտության ստուգելիությունը։
Կրթական անհավասարություն. տեխնոլոգիան կարող է և՛ նվազեցնել, և՛ խորացնել տարբերությունները
Արհեստական բանականության կրթական կիրառության կարևորագույն խնդիրներից մեկը հավասար հնարավորությունների ապահովումն է։ Տեխնոլոգիան կարող է օգնել անհատականացնել ուսուցումը, աջակցել տարբեր պատրաստվածություն ունեցող սովորողներին և ընդլայնել որակյալ կրթական նյութերի հասանելիությունը։ Սակայն առանց համակարգային քաղաքականության այն կարող է նաև խորացնել արդեն գոյություն ունեցող անհավասարությունները։
Հայաստանի դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մայրաքաղաքի և մարզերի, քաղաքային և գյուղական դպրոցների տեխնիկական հնարավորությունների, մանկավարժական պատրաստվածության և թվային ռեսուրսների հասանելիության տարբերությունները։ Նույնիսկ եթե բոլոր սովորողներին տրամադրվի միևնույն տեխնոլոգիական գործիքը, կրթական արդյունքները կարող են էապես տարբերվել։ Պատճառը միայն տեխնիկական հասանելիությունը չէ։ Կարևոր են նաև ընտանիքի կրթական միջավայրը, ուսուցչի պատրաստվածությունը, սովորողի ինքնուրույն ուսումնառության հմտությունները և տեղեկատվության գնահատման կարողությունը։
Ուստի կրթական հավասարությունը չի կարելի չափել միայն սարքավորումների կամ բաժանորդագրությունների քանակով։ Այն պետք է գնահատել իրական կրթական հնարավորությունների և ուսումնառության արդյունքների տեսանկյունից։
Հայաստանի կրթական համակարգին անհրաժեշտ է միասնական ռազմավարություն
Հայաստանում արդեն իրականացվում են արհեստական բանականության կրթական նախաձեռնություններ, այդ թվում՝ «ԱԲ սերունդ» ծրագիրը և ChatGPT Edu-ի ներդրման ուղղությամբ համագործակցությունը։
Դրանք կարևոր հնարավորություններ են ստեղծում, սակայն առանձին ծրագրերի իրականացումը դեռևս չի նշանակում կրթական համակարգի ամբողջական վերափոխում։
Հայաստանին անհրաժեշտ է արհեստական բանականության կրթական կիրառության միասնական ռազմավարություն, որը կընդգրկի հանրակրթությունը, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը, ուսուցիչների ու դասախոսների վերապատրաստումը, գիտահետազոտական գործունեությունը և կրթության կառավարումը։ Այդ ռազմավարության հիմքում պետք է լինեն հետևյալ առաջնահերթությունները։
Առաջին՝ արհեստական բանականության գրագիտության ազգային կարողունակությունների շրջանակի մշակում։ Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե դպրոցական և համալսարանական կրթության տարբեր փուլերում սովորողն ինչ գիտելիքներ և հմտություններ պետք է ունենա արհեստական բանականության վերաբերյալ։
Երկրորդ՝ ուսուցիչների և դասախոսների մասնագիտական պատրաստվածության զարգացում։ Վերապատրաստումները պետք է ներառեն ոչ միայն տեխնոլոգիական, այլև մանկավարժական, մեթոդաբանական և էթիկական բաղադրիչներ։
Երրորդ՝ կրթական ծրագրերի և գնահատման համակարգի վերանայում։ Անհրաժեշտ է մեծացնել ինքնուրույն հետազոտության, բանավոր հիմնավորման, նախագծային աշխատանքի, քննադատական վերլուծության և ստեղծարար առաջադրանքների դերը։
Չորրորդ՝ ակադեմիական բարեվարքության կանոնների արդիականացում։ Դպրոցներն ու համալսարանները պետք է ունենան արհեստական բանականության օգտագործման հստակ և հասկանալի կանոններ։
Հինգերորդ՝ հայալեզու կրթական բովանդակության և գիտական ռեսուրսների զարգացում։ Կարևոր է, որ արհեստական բանականության միջոցով փոխանցվող գիտելիքը համապատասխանի գիտական ճշգրտության, լեզվական որակի և մշակութային համարժեքության պահանջներին։
Վեցերորդ՝ կրթական արդյունքների շարունակական գնահատում։ Պետք է ուսումնասիրել, թե արհեստական բանականության կիրառությունն ինչպես է ազդում սովորողների գիտելիքների, հետաքրքրասիրության, քննադատական մտածողության, ինքնուրույնության և ստեղծարարության վրա։
Առանձնահատուկ նշանակություն ունի նաև կրթության կառավարման համակարգի պատրաստվածությունը։ Դպրոցների տնօրենները, համալսարանների ղեկավարները և կրթական քաղաքականություն մշակողները պետք է կարողանան գնահատել տեխնոլոգիական ներդրումների ոչ միայն ֆինանսական ու կազմակերպական, այլև մանկավարժական արդյունավետությունը։
Կրթության ապագան որոշվում է ոչ թե տեխնոլոգիայով, այլ կրթական քաղաքականությամբ
Արհեստական բանականության դարաշրջանում կրթության գլխավոր խնդիրը տեխնոլոգիայի կիրառումը չէ։ Խնդիրը կրթության նպատակի վերաիմաստավորումն է։
Ինչպիսի՞ շրջանավարտ ենք ցանկանում ունենալ։
Մարդ, որը կարողանում է արագ ստանալ պատրաստի տեղեկատվությո՞ւն, թե՞ մասնագետ, որը կարողանում է հարցեր ձևակերպել, ստուգել փաստերը, գնահատել հակասությունները, ստեղծել նոր գիտելիք և պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար։
Այս հարցը հավասարապես վերաբերում է դպրոցականին, ուսանողին, ուսուցչին, դասախոսին և կրթական համակարգի ղեկավարին։
Իտալիայում ընթացող միջազգային գիտաժողովի քննարկումները ցույց են տալիս, որ կրթության ապագայի վերաբերյալ հարցերը վաղուց դուրս են եկել տեխնոլոգիական նորարարությունների շրջանակից։ Դրանք վերաբերում են հասարակության մտավոր ներուժին, գիտական մշակույթին, կրթական հավասարությանը և մարդկային ինքնուրույնության պահպանմանը։
Հայաստանի համար այս քննարկումներից բխող կարևորագույն հետևությունն այն է, որ արհեստական բանականության ներդրումը պետք է ուղեկցվի կրթական համակարգի մեթոդաբանական և կառավարչական փոփոխություններով։
Հակառակ դեպքում հնարավոր է տեխնոլոգիական առաջընթաց՝ առանց համարժեք կրթական առաջընթացի։
Հայաստանին անհրաժեշտ է կրթական համակարգ, որտեղ արհեստական բանականությունը կօգնի աշակերտին սովորել, ուսանողին՝ հետազոտել, ուսուցչին՝ արդյունավետ դասավանդել, դասախոսին՝ զարգացնել գիտական մտածողությունը, իսկ կրթության ղեկավարին՝ կայացնել տվյալահեն և պատասխանատու որոշումներ։
Կրթության որակը պետք է չափվի ոչ թե նրանով, թե որքան արագ է սովորողը ստանում պատասխանը, այլ նրանով, թե որքան խորությամբ է հասկանում խնդիրը և որքան ինքնուրույն է կարողանում մտածել։
Արհեստական բանականությունը կարող է փոխել կրթության գործիքները։ Բայց կրթության նպատակը՝ մտածող, ստեղծարար և պատասխանատու մարդու ձևավորումը, պետք է մնա մեր գլխավոր առաջնահերթությունը։
Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, բ.գ.թ.,
Հայկական PR ասոցիացիայի նախագահ
Սիցիլիայից հատուկ Առավոտի համար
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: