Հայաստանն ու Կոլումբիան գլխավորել են անհետացող կենդանիների և բույսերի պոպուլյացիաների վերականգնմանն ուղղված միջազգային նախաձեռնությունը։ Այս մասին Instagram-ում գրել է ամերիկացի դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովում հայտարարված որոշումներին։
Ըստ Դի Կապրիոյի՝ Անհետացող տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային (Coalition of Action to Recover Endangered Species, CARES) արդեն միացել է 17 երկիր, որոնք պարտավորվել են ակտիվացնել ջանքերը տեսակների ոչնչացումը կանխելու և դրանց պոպուլյացիաները վերականգնելու ուղղությամբ։
«Միայն ոչնչացումը կանխելը բավարար չէ։ Մենք պետք է օգնենք վտանգված տեսակներին հետ քայլ անել անդունդի եզրից և վերականգնել նրանց պոպուլյացիաները։ Այսօր ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովում (COP17) հնչած հայտարարությունները վկայում են այս նպատակի շուրջ ձևավորվող միջազգային աճող աջակցության մասին»,— նշել է դերասանը։
Դի Կապրիոն հայտնել է նաև Տեսակների վերականգնման դաշինքի (Species Recovery Alliance) ստեղծման մասին։ Ինը բարեգործական հիմնադրամներ ու կազմակերպություններ, այդ թվում՝ նրա մասնակցությամբ ստեղծված Re բնապահպանական կազմակերպությունը, միավորել են ջանքերը և պարտավորվել հինգ տարվա ընթացքում ավելի քան 500 միլիոն դոլար հատկացնել անհետացման եզրին գտնվող տեսակների փրկությանը։ Ֆինանսավորումը կուղղվի ինչպես լիակատար ոչնչացման վտանգի տակ գտնվող, այնպես էլ միայն անազատության մեջ պահպանված տեսակների վերականգնմանը։
Դերասանն ընդգծել է, որ երկու նախաձեռնություններն էլ ընդհանուր նպատակ ունեն՝ օգնել առավել խոցելի տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են երկարաժամկետ ֆինանսավորում, բնապահպանական համաձայնեցված միջոցառումներ և մասնակիցների հաստատուն հանձնառություն։
Դի Կապրիոն շնորհավորել է այս նախաձեռնությունների հիմնադիր դարձած բոլոր կառավարություններին ու կազմակերպություններին։