Տան վերանորոգման կամ այլ կենցաղային աշխատանքի չկատարման դեպքում գումարը հնարավոր է վերադարձնել։
Նան խնդրի լուծման համար կարեւոր են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ կապալի պայմանագրին վերաբերող դրույթները, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը։
Գումարի վերադարձը բոլոր դեպքերում ինքնաբերաբար երաշխավորված չէ։ Իրավական հետևանքները կախված են այն հանգամանքից, թե ինչ են կողմերը պայմանավորվել։
Գրավոր պայմանագրի բացակայությունը չի նշանակում, որ քաղաքացին զրկված է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, սակայն դա կարող է դժվարացնել պայմանավորվածությունն ապացուցելը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի համաձայն՝ կապալի պայմանագրով կապալառուն պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն՝ ընդունել աշխատանքի արդյունքն ու վճարել դրա համար։ Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր։ Գրավոր ձևի պահանջը չպահպանելը չի նշանակում, որ ցանկացած նման պայմանավորվածություն ինքնաբերաբար անվավեր է։ Քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածը սահմանում է գրավոր ձևի չպահպանման հետևանքները։
Վեճի դեպքում կողմերը չեն կարող գործարքը և դրա պայմանները հաստատել վկաների ցուցմունքներով, կարող են ներկայացնել օրենքով թույլատրելի այլ ապացույցներ. օրինակ՝ բանկային փոխանցման անդորրագիրը, վարպետի հետ հաղորդագրությունները, աշխատանքի գնի, ավարտի ժամկետի վերաբերյալ գրավոր պայմանավորվածությունները, աշխատանքի ընթացքը ցույց տվող լուսանկարները կամ տեսանյութերը, միմյանց միջեւ վճարի մասին հաղորդագրությունները և այլն։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պայմանագրի լուծման դեպքում, եթե կատարողը ժամանակին ձեռնամուխ չի եղել աշխատանքի կատարմանը կամ այն իրականացնում է այնքան դանդաղ, որ աշխատանքի կատարումը նշանակված ժամկետում դառնում է անհնար, կատարողն իրավունք չունի պահանջել գործընթացում իր ծախսերի հատուցում, վարձատրություն՝ արդեն կատարված աշխատանքի համար:
Կարող է նաեւ ոստիկանություն կամ իրավասու քննչական մարմին դիմելու անհրաժեշտություն լինել, եթե կան ապացույցներ, որ գումարը վերցնելու պահին վարպետը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով այն հափշտակելու մտադրություն է ունեցել։ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածը վերաբերում է խարդախությանը։
Աշխատանք պատվիրելիս ցանկալի է գրավոր ամրագրել դրա տեսակը, գինը, ավարտի ժամկետը, պայմանավորվածության մեջ նշել կանխավճարի չափը, վճարման փուլերը, պայմանները, որոնց դեպքում կարող է դադարեցվել աշխատանքը։ Հնարավորության դեպքում պետք է վճարել բանկային փոխանցմամբ, լրացուցիչ աշխատանքների կամ ծախսերի վերաբերյալ պայմանավորվել գրավոր։ Նաեւ կարեւոր է պահպանել հաղորդագրությունները, վճարման ապացույցները, աշխատանքի ընթացքի լուսանկարները։