Կարողացել ենք ձևավորել անվտանգային միջավայր, որը թույլ կտա մեր մասնակիցներին առավելապես կենտրոնանալ COP17-ի բովանդակային ասպեկտի վրա. ՆԳ նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի անվտանգության ապահովման բաղադրիչը իրականում շատ կարևոր հանձնառություն է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև բազմամարդությունից ելնելով, և նաև տարբեր երկրների ներկայացվածությունից ելնելով, բնական է, որ աշխատանքի առավել մանրակրկիտ պլանավորման կարիք ենք ունեցել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակա ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը տարբեր երկրներից ամենաբարձր պաշտոնյաների անվտանգությունն ապահովում:

«Եվ մենք գործընկերների հետ համատեղ գծագրել ենք անվտանգային այն բոլոր միջոցառումները, որոնք որ պիտի նախաձեռնեինք այս շրջանակներում։ Կարևոր եմ համարում այն, որ Ներքին գործերի նախարարությունը գործընկեր կառույցների հետ ի սկզբանե մանրակրկիտ պլանավորում է իրականացրել անվտանգության բոլոր միջոցառումների։ Բնական է, որ գնահատել ենք ռիսկերը, ռիսկերի կառավարման պլան ևս ունեցել ենք։ Եվ մնացյալ աշխատանքները, որոնք նախապատրաստական տրամաբանության մեջ պիտի իրականացնեինք՝ իրականացրել ենք։ Կարևոր է նաև ընդգծել, որ այսպիսի մասշտաբի միջոցառումը բնական է, որ պիտի ենթադրեր նաև ժամանակավոր սահմանափակումներ թե՛ երթևեկության մեջ, և թե՛ նաև մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։ Եվ մենք հավուր պատշաճի ծանուցել ենք նաև մեր հանրությանը՝ ի սկզբանե հայցելով իրենց ըմբռնումը և ներողամտությունը, որովհետև միջոցառման տեսանկյունից, հաշվի առնելով մասշտաբը, այսպիսի սահմանափակումները կենսական էին պարզապես։ Բայց մյուս կողմից մենք նաև այնպես ենք գծագրել ամբողջ պրոցեսը, որ անվտանգային միջոցառումները հնարավորինս նվազ միջամտություն ենթադրեն մեր քաղաքացիների առօրյա կյանքում, և կարողանանք նվազ միջամտությամբ լուծել մեր առջև դրված խնդիրը։

Պետք է փաստեմ, որ ՄԱԿ-ի կանոններով մենք ձևավորել ենք անվտանգության ապահովման շտաբ։ Շտաբի ղեկավարը հանդիսանում եմ ես։ Բնական է, որ գործընկեր կառույցները ևս ներգրավված են այս խմբում։ Եվ մենք միասին շատ սինխրոն աշխատել ենք, որպեսզի ամբողջ աշխատանքը լինի ճշգրիտ պլանավորված, կազմակերպված, և ցանկացած ռիսկ լինի կառավարելի, և ցանկացած սցենարի պատրաստ լինենք։ Կարևորում եմ, որ միջոցառման կազմակերպման տեսանկյունից մենք հետևյալ նպատակադրմամբ ենք առաջ շարժվել, այսինքն՝ սկզբունքը եղել է հետևյալը՝ ապահովել COP17-ի անվտանգ, բնականոն և անխոչընդոտ իրականացումը։ Եվ, հետևապես, բոլոր միջոցառումները միտված են եղել հենց սրան։

Եվ ի՞նչն է նաև կարևոր։ Թերևս առաջին հայացքից տպավորություն կարող է ձևավորվել, որ անվտանգությունը վերաբերում է միայն պատվիրակներին, մասնակիցներին, լրագրողներին։ Բայց կարևոր է, որ մենք ընդհանուր միջավայրի անվտանգության մասին ենք խոսում, ոչ միայն այն տեղանքի, որը որ կա, այսինքն՝ Մարզահամերգային համալիրը և «Մերիդիան» կենտրոնը։ Եվ, հետևապես, մեր առջև դրված խնդիրը էլ ավելի մեծանում է որպես այդպիսին լուծումներ գտնելու տեսանկյունից։ Բայց ես ուրախ եմ արձանագրելու, որ մենք գործընկեր կառույցների հետ մանրամասն գծագրման արդյունքում կարողացել ենք ձևավորել անվտանգային այնպիսի միջավայր, որը թույլ կտա մեր մասնակիցներին առավելապես կենտրոնանալ COP17-ի բովանդակային ասպեկտի վրա՝ չունենալ որևէ անհանգստություն այլ թեմաներով։ Եվ նաև վայելել Հայաստանի Հանրապետությունը, ինչու ոչ, որովհետև կենտրոնում նաև ներկայացված են Հայաստանը, Հայաստանի տարբեր, կոպիտ ասեմ, անկյունները, էլեմենտները։ Եվ կարծում եմ՝ լավ առիթ է այս օրերին նաև բացահայտելու Հայաստանը և Հայաստանի նաև միջազգային վարկի տեսանկյունից նոր կրեդիտ ունենալու։

Կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք հընթացս նաև աշխատանքի մեջ ենք եղել ՄԱԿ-ի գործընկերների հետ։ Բնական է, որ մենք նոր փորձառություն ենք այս տեսանկյունից ունեցել, որովհետև ՄԱԿ-ն ունի անվտանգային իր կանոնները, տարբեր պետություններ ունեն անվտանգային իրենց կանոնները։ Եվ մեզ համար կարևոր էր ճիշտ ներդաշնակություն ապահովել այս ամբողջ պրոցեսի, որպեսզի սահուն ընթացք ունենանք՝ իհարկե պահպանելով անվտանգային բարձր ստանդարտը։ Եվ ես ուրախ եմ, որ մինչև այս պահը բացառապես դրական արձագանքներ ենք ստանում մեր գործընկերներից»,- նշել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք երթևեկության սահմանափակումները շարունակվելու են, Արփինե Սարգսյանն ասել է.

«Բնական է, որ մեր ամենաբարդ օրերը կազմակերպչական տեսանկյունից ամսի 15-ը և 16-ն են եղել: Եվ 17-ի և 18-ի մասով մենք ունենք նաև Երևանում անցկացվող մարաթոն, դրանով պայմանավորված ևս որոշակի սահմանափակումներ ունենք ճանապարհային երթևեկության կազմակերպման մեջ։ Արդեն հասցրել ենք կոմունիկացնել մեր սիրելի քաղաքացիների հետ։ Եվ հաջորդիվ ավելի թույլ ռեժիմով, կարելի է ասել, կլինեն սահմանափակումները։ Եթե կարիքը տեսնենք որոշակի միջամտության, բնական է, որ ձեռք կառնենք։ Բայց նորից եմ ուզում շեշտել, որ մեր նպատակը, այո՛, անվտանգային բարձր ստանդարտ երաշխավորելն է, բայց զուգահեռ այնպիսի գործողություններով, որոնք հնարավորինս կնվազեցնեն պատճառված անհարմարությունները մեր քաղաքում»։

Leave a comment