Աքրամ Այլիսլի․ Ատելությունը եկավ ջրհեղեղի պես, արդեն անհնար էր կանգնեցնել

Ժաննա Ավագյան

2025-ի հունվարին Բաքվում իր տանը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին երկար հարցազրույց է ունեցել Հարավային Կովկասի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալին և գրական թարգմանիչ Քեթրին Յանգին (Katherine E. Young)։ Տեսագրությունը հրապարակվել է մեկ տարի անց։ ՍիվիլՆեթը ամբողջական զրույցից առանձնացրել է հատվածներ՝ մանկության, հիշողության, «Քարե երազներ»-ի և այն գնի մասին, որը գրողը վճարել է իր վեպի համար։ Զրույցում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նախիջևանում նրա հայրենի Այլիս գյուղը՝ պատմական Ագուլիսը, որը ժամանակին հայկական մեծ բնակավայր էր՝ մշակութային հարուստ ժառանգությամբ։

Մանկության հիշողություններ հայերի մասին․ «Ես լավ մարդկանց եմ տեսել»

Այլիսլին ռուսերեն վարժ չի խոսում, երբեմն բառեր է փնտրում, բայց միտքը հստակ է. «Ինձ մարդն է պետք։ Այնպիսին, ինչպիսին ես նրան տեսել եմ»։ Նա չի ընդունում այն մոտեցումը, երբ անցյալը հարմարեցվում է գաղափարախոսությանը։

«Ես այդպիսի վատ մարդկանց… չարագործների չեմ տեսել։ Իմ ճակատագիրն այնպիսին էր, որ լավ մարդկանց եմ հանդիպել,- ասում է նա՝ և հավելում։- Ես հավատում եմ, ինչ իմ հոգին գիտի… սիրտն այդպես է ընկալել»։

Նրա համար սա քաղաքական դիրքորոշում չէ, այլ մանկության հիշողություն՝ մինչև այն պահը, երբ «ատելությունը ջրհեղեղի պես» ամեն ինչ ողողեց։

Տատը, Էսխին և ուրցի թեյը

Մանկության մասին խոսելիս Այլիսլին  դանդաղում է։ Նա կարծես վերադառնում է այն առավոտին, երբ ինքը տասնմեկ կամ տասներկու տարեկան էր։ Տատը նրան վաղ արթնացրել էր և ասել․ «Գնանք Ներքին Ագուլիս»։ Այնտեղ ապրում էր նրա ընկերուհին՝ հայ կին Էսխին։

Նրանց տան ճանապարհը Վերին Այլիսից դեպի Ներքին նա նկարագրում է որպես իսկական ճամփորդություն։ Տատը իրեն պարզապես չէր տանում. նա կարծես փոխանցում էր ամբողջ մի աշխարհ։ «Ցույց էր տալիս աղբյուրները, ծառերը, պատմություններ էր պատմում»,- հիշում է Այլիսլին։ Դա նրա տատի մանկության Այլիսն էր՝ մինչև բաժանումները և մինչ ատելությունը։ «Ես եղել եմ Ամերիկայում, Անգլիայում… բայց այնպիսի ճանապարհորդություն, ինչպիսին տատիկիս հետ էր, այլևս չեմ տեսել»,- ասում է նա։

Էսխիի տունը խղճուկ էր։ Ժամանակները ծանր էին։ «Նա գրեթե ոչինչ չէր կարող մեզ հյուրասիրել»,- հիշում է գրողը։ Սակայն սննդի պակասը նշանակություն չուներ։ Ամենակարևորը տեղի ունեցավ հանդիպման առաջին րոպեներին․ երկու տարեց կին գրկախառնվեցին «քույրերի պես», երկար ժամանակ չէին կարողանում բաց թողնել իրար, հիշում էին մանկությունը, հարևանությունը, անցյալ կյանքը։ «Երբ հիշում եմ, լացս գալիս է»,- խոստովանում է նա։

Այլիսլին ասում է, որ Էսխին գրեթե միայնակ էր ապրում Ներքին Այլիսում։ Նա շեշտում է, որ ժամանակին այդ վայրը հիմնականում հայկական էր, հետո ամեն ինչ փոխվեց։ Նրա հիշողության մեջ քաղաքական հռետորաբանություն չկա՝ կա միայն կորցրած համակեցության զգացողություն։

Տանտիրուհու մատուցած ուրցի թեյը պատմության մեջ դառնում է գրեթե խորհրդանիշ։ Պարզ հյուրասիրություն՝ արժանապատվության և հյուրասիրության նշան, որը պահպանվել էր նույնիսկ աղքատության պայմաններում։ Այլիսլին վերադառնում է այդ դրվագին ոչ թե ազգագրական հետաքրքրությունից, այլ զգացմունքից ելնելով․ մարդկանց մասին հիշողությունն ավելի կարևոր է, քան պատմական սխեմաները։

Հիշողության կորուստ և «տարածքի համար հայրենասիրություն»

Այլիսլին դառնությամբ է խոսում այն մասին, թե ինչպես 1980-ականների վերջում «արվեստի մարդիկ» միացան ատելության ալիքին։ Նրանք, ումից նա սպասում էր զսպվածություն, սկսեցին «թեժացնել» իրավիճակը։ Նա կտրուկ է արտահայտվում Ղարաբաղը հայրենասիրության միակ չափանիշ դարձնելու վերաբերյալ։

«Ի՞նչ գրող կարող է ապրել տարածքով, ոչ թե հոգով»,- ասում է Այլիսլին։

Նրա համոզմամբ՝ գրողը պարտավոր է «հանել բացասականը», այլ ոչ թե ուժեղացնել այն։

«Պլատինա» (1986)․ առաջին տեքստը ագուլիսեցի հայերի մասին

Այլիսլին ընդգծում է՝ «Քարե երազները» հանկարծակի չեն ծնվել։ Դեռ 1986-ին գրել էր «Պլատինա» վիպակը, որտեղ առաջին անգամ անդրադարձել էր այլիսցի կամ ագուլիսեցի հայերի թեմային։

«Այնպիսի ոռնոց բարձրացավ»,- հիշում է նա։ Թեև խորհրդային ժամանակներն էին, արձագանքը ցավոտ էր։ Նա տեսավ, որ մթնոլորտը «թեժանում է», աղետը մոտալուտ է։

Սիլվա Կապուտիկյան․ զրույց, որը մնաց ներսում

Հայ բանաստեղծուհի և գրող Սիլվա Կապուտիկյանի հետ կապված պատմությունը Այլիսլին հիշում է ոչ թե որպես գրական վեճ, այլ որպես ներքին շրջադարձ։

Խոսքը 1980-ականների վերջի մասին է՝ ԽՍՀՄ գրողների միության վերջին խոշոր միջոցառումներից մեկի, որը տեղի էր ունենում Մոսկվայում։ Այն ժամանակ ձևավորվում էին տարբեր հանձնաժողովներ ու ցուցակներ, և մթնոլորտը արդեն լարված էր․ ազգային հարցը գնալով ավելի սուր էր դառնում։

Այլիսլին խոստովանում է, որ հանդես է եկել Սիլվա Կապուտիկյանին այդ ցուցակներից մեկում չներառելու օգտին։ Այդ պահին նա նրան ընկալում էր որպես «ազգայնական» գրող։ «Այդպիսի ընկալում ունեի»,- ասում է նա՝ չփորձելով հետադարձ մեղմել իր դիրքորոշումը։

Սակայն նիստից հետո նրան մոտենում է մի կին՝ մոսկովյան հրատարակչության խմբագիր, որն աշխատել էր Կապուտիկյանի գրքի վրա։ Նա նստում է Այլիսլիի կողքին և ասում մի նախադասություն, որը, ըստ Այլիսլիի, փոխեց ամեն ինչ․ «Նրա հորը կենդանի են թաղել»։

Այլիսլին մանրամասներ չի նշում, բայց իմաստը պարզ էր․ հրապարակային դիրքորոշումների հետևում կանգնած են անձնական ողբերգություններ, ընտանեկան ցավ։

«Ես ոչինչ չէի կարող պատասխանել,- ասում է նա։-  Հետո երկար ժամանակ ինքս ինձ էի պատասխանում»։

Նա այս դրվագը կապում է ավելի լայն մտքի հետ․ ազգային հիշողությունը ծանր բեռ է, բայց եթե ամեն անգամ խոսակցությունը սկսվում է միայն մեղադրանքներից, ապագա չի լինի։ «Չեմ խնդրում մոռանալ։ Մի՛ մոռացեք։ Բայց երբ ուզում ենք նոր կյանք կառուցել, պետք չէ սկսել վատից։ Պետք է հանել բացասականը»։

Նա ընդգծում է նաև, որ Կապուտիկյանը հայկական մշակույթի խոշոր դեմք էր՝ կրթված, ազդեցիկ բանաստեղծուհի։ Նա չի փորձում նվազեցնել նրա դերը, այլ ընդունում է այն անձի մասշտաբը, որի հետ վիճել էր։

Այս պատմության մեջ զգացվում է ուշխորհրդային մտավորականության հակասությունը․ մարդիկ, որոնք դաստիարակվել էին ինտերնացիոնալիզմի գաղափարով, հանկարծ ներգրավվել էին պատմական փոխադարձ մեղադրանքների տրամաբանության մեջ։ Այլիսլին խոսում է այդ մասին գրեթե խոստովանական տոնով։

Հրանտ Մաթևոսյան․ «Իրական գրողի համար»

Հայ գրող Հրանտ Մաթևոսյանի մասին Այլիսլին խոսում է առանձնահատուկ ջերմությամբ՝ առանց հրապարակախոսական շեշտադրումների։ Նրանք ծանոթացել են Երևանում, երբ Այլիսլին եկել էր իր պիեսի պրեմիերային։ Քայլել են քաղաքում, երկար զրուցել «այն մասին, ինչի մասին գրողները խոսում են»։

Հետագայում մի դրվագ է եղել, որը, ինչպես ինքն է ասում, երբեք չի մոռանա։ Սեղանի շուրջ, ադրբեջանցի և հայ գրողների ներկայությամբ, Մաթևոսյանը բարձրացրել է բաժակը և ասել․ «Դե, վերջապես, իրական գրողի համար»։ Այլիսլին շեշտում է՝ դա պարզապես հաճոյախոսություն չէր, այլ հավասարի ճանաչում։

Նա Մաթևոսյանին անվանում է «շատ մեծ գրող», «խորքային», «իմաստուն»՝ ընդգծելով, որ նա «էժան ազգայնական չէր»։ Նա հիշում է Մաթևոսյանի սերը Հովհաննես Թումանյանի հանդեպ և նրա արձակը համեմատում քանդակագործության հետ․ «Ինչպես վարպետը խաչքար է քանդակում, նրա բառը քարերի վրա էր»։

Նրանք ևս մեկ հանդիպում են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ հավաքվել էին մտավորականներ։ Մաթևոսյանը եկել էր որդու՝ Դավթի հետ։ «Հիանալի օր անցկացրինք։ Խմեցինք, կերանք, երգեցինք։ Ի՜նչ լավ էր»,- ասում է Այլիսլին։

Նա խոսում է մշակութային մոտիկության մասին՝ երաժշտություն, հարսանեկան մեղեդիներ, սովորույթներ՝ «միևնույն երաժշտության տակ էին պարում»։ Նրա համար սա «ժողովուրդների բարեկամության» աբստրակտ թեզ չէ, այլ ապրած իրականություն։

«Քարե երազներ»․ ճակատագիր, խթաններ և նամակ Ալիևին

Այլիսլին խոսում է վեպի մասին որպես ներքին անհրաժեշտության․ «Եթե չգրեի՝ ինքս ինձ չէի հարգի»։

Նա աշխատել է գրքի վրա 2006-2007 թվականներին։ Շարժառիթների թվում նշում է Ռամիլ Սաֆարովի գործը, ինչպես նաև Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացումը և միջազգային կառույցների անտարբերությունը․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի բառ անգամ չասաց»։ Խոսքը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մասին է, որը 2004 թվականին Բուդապեշտում սպանել էր քնած հայ սպային, Հունգարիայում դատապարտվել  ցմահ ազատազրկման, սակայն 2012-ին արտահանձնվել Ադրբեջան, որտեղ ներման էր արժանացել և հերոսացվել։

Գրողը պնդում է, որ նամակ է գրել Հեյդար Ալիևին՝ հուշարձանների ոչնչացման մասին։ Պատասխանը, նրա խոսքով, կարճ էր․ «Դու ճիշտ ես, բայց մի շտապիր»։

Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը՝ հարյուրավոր հուշարձաններ և հազարավոր խաչքարեր, փաստագրված են։ Այլիսլիի համար դա անձնական ցավ դարձավ։

Հալածանք և տնային կալանք

«Ես հասկանում էի, որ ինչ-որ բան կլինի, բայց ոչ այդ մասշտաբով»,- ասում է նա վեպին հրապարակային արձագանքի մասին։

2013 թվականին նրա գրքերը այրում էին փողոցներում, հնչում էին հաշվեհարդարի կոչեր։ Նա զրկվեց Ժողովրդական գրողի կոչումից և պետական թոշակից։ Հետագայում նրան օդանավակայանում ձերբակալեցին, և արգելվեց երկրից դուրս գալը։

Այլիսլին հիշում է, որ այն օրը, երբ բակում սպառնալիքներ էին հնչում, դուրս եկավ քաղաքում զբոսնելու. «որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, որ վախկոտ չեմ»։ Նա համոզված էր՝ «վերևից հրահանգ» չլինի, իրեն չեն սպանի։

Հարցազրույցի վերջում 88-ամյա գրողը պարզապես ասում է․ «Ես ինձ տարրական կարգին մարդ եմ համարում»։

Նա իրեն մարգարե չի կոչում և դատավորի դեր չի ստանձնում։ Սակայն նրա դիրքորոշումը նույնն է մնում՝ գրողը պարտավոր է հակադրվել ատելությանը, եթե անգամ դրա համար ստիպված է վճարել սեփական անվտանգությամբ և հանգստությամբ։

Akram Aylisli: “Hatred came like a flood – it was already impossible to stop”

Акрам Айлисли: «Ненависть пришла как наводнение – остановить уже было невозможно»

The post Աքրամ Այլիսլի․ Ատելությունը եկավ ջրհեղեղի պես, արդեն անհնար էր կանգնեցնել appeared first on CIVILNET.

Leave a comment