Հանքարդյունաբերությունը՝ ՀՀ տնտեսության լոկոմոտիվ․ ոլորտը 2026-ին կապահովի ՀՆԱ-ի աճի 26 տոկոսը

«Այսօրվա դրությամբ մետաղի գներն այնպիսի ռեկորդային մակարդակի են հասել, որի մասին նույնիսկ մեկ տարի առաջ չէինք կարող երազել։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոլորտը կարող է է՛լ ավելի մեծացնել իր ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա և պետական բյուջե ավելի մեծ հարկեր ու վճարումներ ապահովել։

Բացի այս դրական միտումից՝ անցած շաբաթ տեղի ունեցավ ևս մեկ ուրախալի իրադարձություն՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը, որին շատ էինք սպասում։ Շնորհավորում եմ բոլորին դրա կապակցությամբ»,-այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ ասաց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Վարդան Ջհանյան

Նրա խոսքով՝ 2026 թվականին ոլորտը ՀՀ ՀՆԱ-ում ռեկորդայինին մոտ մասնաբաժին կունենա՝ ապահովելով ՀՆԱ-ի ավելի քան 5 տոկոսը։ Կանխատեսվում է, որ 2026 թվականին ՀՀ տնտեսությունը կաճի մոտ 6,7 տոկոսով, մինչդեռ հանքարդյունաբերության ոլորտի աճը կկազմի 21,5 տոկոս։

«Միշտ ասում ենք, չէ՞, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության լոկոմոտիվն է։ 2026-2027 թվականներին մեր ոլորտն ապահովելու է ՀՆԱ-ի աճի զգալի մասը։ Այսինքն՝ 2026 թվականին ՀՆԱ-ի աճի 26 տոկոսն ապահովելու է մեր ոլորտը։ 2026 թվականի տվյալներով՝ մեր ոլորտի արտահանումն աճելու է զգալի՝ 76 տոկոսով, այն դեպքում, երբ ՀՀ ընդհանուր արտահանումը նվազում է»,- նշեց Ջհանյանը։

Նրա խոսքով՝ իրենց կանխատեսմամբ՝ 2027 թվականին հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը կկազմի 3 միլիարդ, ինչը չափազանց մեծ ցուցանիշ է 2015-2020 թվականների համեմատ, երբ ոլորտը հատեց 1 միլիարդի շեմը։

Ջհանյանը նաև կանխատեսում արեց. «2031-ին համոզված եմ, որ մեր ոլորտը հնարավորություն ունի 5 միլիարդի արտահանում ապահովելու, ինչը մեծ թիվ է ՀՀ-ի համար»։

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment