Եթե որեւիցե մեկը համաձայն չլիներ, պետք է հատուկ կարծիք գրեր, եւ մասսայական այդ ընտրախախտումը պետք է անպայման ստանար իր արժանի պատասխանը. Կիմ Բալայան.«Հրապարակ»

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Որպես ՍԴ նախագահի թեկնածու՝ առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։ Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Իսկ ընտրվելու համար անհրաժեշտ էր 9 դատավորից առնվազն 6-ի կողմ ձայնը ստանալ: Օրենքով սահմանված կարգով անցկացվել է նաեւ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով եւս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ, ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, եւ պետք է անցկացվի նոր ընտրություն։

Թեմայի շուրջ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանին հարց ուղղեցինք, թե ինչպես է գնահատում այս իրավիճակը, սովորական ինստիտուցիոնալ ճգնաժա՞մ է, թե՞ ավելի խորքային խնդիր է բացահայտվում։ Բալայանն արձագանքեց․ «Ես տեղեկատվություն չունեմ, բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, որ մենք Սահմանադրական դատարան ունենք, քանի որ ընտրությունների ժամանակ դա հստակ երեւաց, որ այդպիսի մարմին գոյություն չունի Հայաստանում: Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել այդ փաստը, որ կա Սահմանադրական դատարան, եթե ՍԴ լիներ, այդքան ընտրողների ձայները չէին կարող անտեսվել, ինչ-ինչ` մարդուն զրկել քվեարկության իրավունքից եւ նրա տված քվեն հաշվի չառնել՝ միայն ու միայն իշխանությանը ծառայող մարդը կարող է այդպես վարվել։ ՍԴ անդամն իրավունք չուներ այդպես վարվել, ես համոզված էի, որ առնվազն 3 հոգի հատուկ կարծիք կգրեին, բայց, ցավոք սրտի, ոչ մի հատուկ կարծիք չեղավ։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ դատավորների աշխատավարձը 450 հազար դրամով ավելացնելն իր համար ցանկալի արդյունք է տվել»։ Հարցին՝ տարբերություն չկա՞, թե երկու թեկնածուից ով կընտրվի նախագահ, Բալայանը պատասխանեց․ «Բայց ի՞նչ նշանակություն ունի, էլի, թե որ մեկը կընտրվի: Որ մեկն էլ ընտրվի, սահմանադրական արդարադատության մասին խոսք լինել չի կարող, դա է խնդիրը։ Մեր ժամանակ ՍԴ նախագահը երբեք չի նշանակվել դատավորների ընտրությամբ, ՍԴ նախագահին նշանակում էր երկրի ղեկավարը»։ Բայց այդ մեթոդով ավելի հեշտ չէ՞ր լուծվի հարցը՝ իր թեկնածուին կնշանակեր Նիկոլ Փաշինյանը, ու հարցը կփակվեր։ «Բայց կա՞ որեւէ մեկը, որ իր ուզածը չէ, էդ խաղեր են, որ տալիս են իրենք, եւ դա պայմանավորված է նրանով, որ ուզում են իմիտացիա անեն, որ իբրեւ ժողովրդավարական է, այլ բան չկա էդտեղ` խաղ է, խաղ։ Գիտեք ինչ՝ հիմա եթե արդար, ազնիվ մարդուն էլ տանես, ՍԴ դատավոր դնես, մի ձայնով ոչինչ չի որոշվի, որովհետեւ ՍԴ-ն կոլեգիալ որոշումներ է ընդունում, մի հոգուց կախված չէ, բայց որ ընտրությունների ժամանակ էդ մի հոգին էլ չերեւաց, այ, ամենամեծ ցավն էդտեղ է։ Եթե որեւիցե մեկը համաձայն չլիներ, պետք է հատուկ կարծիք գրեր, եւ մասսայական այդ ընտրախախտումը պետք է անպայման ստանար իր արժանի պատասխանը»,- արձագանքեց նախկին դատավորը։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment