Ում նկատի ուներ Ալիեւը՝ խոսելով հովանավորի կամ «մեծ քեռու» մասին. «Ազգ»

«Ենի Ադրբեջան» կուսակցության ութերորդ համագումարում ունեցած ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւն իր քննադատության սլաքն ուղղել էր նաեւ Թուրքիային՝ այն երկրին, որի հետ Ադրբեջանը ներկայանում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո:

Ալիեւը, դիմելով իր անհասցե ընդդիմախոսին, խորհուրդ էր տվել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին եւ ապրելակերպին՝ ընդգծելով, որ իր երկիրը բարձր հովանավորի կամ, իր իսկ ձեւակերպմամբ, «մեծ քեռու» կարիքը չունի:

Ալիեւի հայտարարություններից կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահականին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Դրանում նշվում է, որ մի շարք միջազգային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հրապարակվել են նյութեր, որոնց նպատակն է թուլացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված ամուր կապերն ու ռազմավարական դաշինքը, որն արտահայտվում է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ հրապարակումները հանրային կարծիքի վրա ազդելուն ուղղված գործողության մաս են կազմում: Ըստ կենտրոնի, դրանց նպատակը երկու բարեկամ եւ եղբայրական երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ամուր հարաբերությունները խաթարելն է, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը թուլացնելը:

Հայտարարության մեկ այլ հատվածում ասվում է. «Երկու երկրների ռազմավարական գործընկերության, համատեղ գործողությունների եւ ընթացիկ համագործակցության վերաբերյալ աղավաղված մեկնաբանությունների միջոցով հանրային կարծիքը մոլորեցնելու փորձերն իրենց նպատակին չեն ծառայի»:

Հայտարարության ավարտին կենտրոնը հանրությանը կոչ է արել չվստահել հոգեբանական պատերազմի նպատակներով տարածվող նյութերին եւ առաջնորդվել միայն պաշտոնական մարմինների հաղորդագրություններով ու հայտարարություններով:
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահականի հայտարարությունը չի հստակեցնում, թե ո՞ւմ նկատի ուներ Ալիեւը՝ խոսելով հովանավորի կամ «մեծ քեռու» մասին: Արդյո՞ք խոսքը Պակիստանի մասին էր, թե՞ Իսրայելի, որոնք Թուրքիայի հետ միասին 44-օրյա պատերազմի ընթացքում զենք էին մատակարարում Ադրբեջանին:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment