«Հիմա մենք կենտրոնացած ենք լինելու հատիկ առ հատիկի, լումա առ լումայի եզրափակիչ արարի իրականացման վրա»․ Նիկոլ Փաշինյան

«Հիմա այն, ինչ ես կասեմ, իմ հայտարարությունը ոչ թե իրավական հայտարարություն է, իմ հայտարարությունը քաղաքական հայտարարություն է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի հարցին։

«2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ստանձնել ենք պարտավորություն ՀՀ քաղաքացիների առաջ, որ մենք Հայաստանից գողացված, թալանված, ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու ենք Հայաստանի Հանրապետությանը: Մենք արձանագրել ենք, որ վենդետաներ չեն լինելու, մենք արձանագրել ենք, որ բոլորը ունենալու են հնարավորություն՝ ներգրավվել այն իրավիճակում, որը ՀՀ-ում հեղափոխությունից հետո ստեղծված էր: Եվ մենք այս ռազմավարությանը հավատարիմ ենք մնացել:  Մենք բոլորին, առանց բացառության բոլորին տվել ենք շանս, եւ քննադատվել ենք դրա համար: Մեզ ասել են՝ ձեր թավիշը ձեր գլխին կպնի, զզվացրիք այդ թավիշով եւ այլն։ Միեւնույն ժամանակ մենք ոչ մի օր, ոչ մի րոպե չենք դադարել այդ խոսույթը, որ հատիկ-հատիկ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա․․․ Եվ ի վերջո բանը հասել է այնտեղ, որ մենք արձանագրել ենք, որ տրված հնարավորությունները օգտագործելու համար բոլոր տրամաբանական եւ անտրամաբանական ժամկետները սպառված են: Եվ հետևաբար՝ դուռը եւ պատուհանը փակվում է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ կանեն, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման հարցով հաշտեցման հնարավորություն չլինի։ «Եվ հիմա մենք կենտրոնացած ենք լինելու արդեն հատիկ առ հատիկի, լումա առ լումայի եզրափակիչ արարի իրականացման վրա՝ մանավանդ որ արդեն դե յուրե բոլոր մեխանիզմները ստեղծվել են»,- հավելեց նա։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment