Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտեի նախագահության անդամներ` Յան Չարնոգուրսկին (Սլովակիայի նախկին վարչապետ), Ֆրանտիշեկ Միկլոշկոն (Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նսխագահ), Պավել Հրուշովսկին (Սլովակիա Ազգային խորհրդի նախկին նախագահ), հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանին:
Նրանք նշել են, որ առավել ակտիվ են գործելու Հայաստանում «անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցում»։
Հայտարարության մեջ ասվում է․ «Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես Հայ Ազգի մեծ բարերար և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպան։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և, հատկապես, կառուցած եկեղեցիներին և տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած երկրում` Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին, որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։
Տեղյակ ենք Հայաստանում նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինություններին։
Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱԵ-ի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ, որի արդյունքում այսօր, Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն»,-ասվում է հայտարարության մեջ:
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց: