Բաքվի ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ նշելով, թե իբր «նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում»։
Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Նրանք, ովքեր ժամանակին սպառնում էին տանկերով հասնել Բաքու և գրավել քաղաքը, այժմ ադրբեջանական բանտերում ադրբեջանական թեյ են խմում, մինչդեռ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարի պուրակում։ Այս հարցը համաշխարհային նշանակություն ունի, և հենց այդ պատճառով եմ ես այն առանձնահատուկ ընդգծել։ Եթե «Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին՝ օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանին ստիպված չէր լինի մարտի դաշտում ջարդել «հայկական ֆաշիզմի ողնաշարը»։ Պատերազմը մեր ընտրությունը չէր. «այն մեզ պարտադրվեց Հայաստանի կողմից»»։