Ջրային կոմիտեի ղեկավարն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ (PAN.am)

Ջրային կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց ձորի մարզ։

Աշխատանքային այցի առաջին կանգառը եղել է Սպանդարյանի ջրամբարը։ Այստեղ պատվիրակությունն անմիջականորեն ուսումնասիրել է «Որոտան-Արփա» ջրային համակարգի սկզբնամասում գտնվող ջրընդունիչ հանգույցի վիճակը։ Տեղում մասնագետների մասնակցությամբ քննարկումներ են անցկացվել Սպանդարյանի ջրամբարի ջրերը «Որոտան-Արփա» թունելով դեպի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից Սևանա լիճ տեղափոխելու հնարավորության վերաբերյալ։

Այցի հաջորդ փուլում պաշտոնյաները եղել են Կեչուտի ջրամբարում, ինչպես նաև այցելել «Արփա-Սևան» թունելի Եղեգիսի հիդրոտեղամաս։ Նրանք մուտք են գործել նաև թիվ 2 թունել, որի առավել վթարավտանգ հատվածներում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Պատվիրակությունը տեղում ծանոթացել է 30 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող թունելի 15-րդ կիլոմետրում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Քննարկման առարկա են դարձել նաև կառույցի հետագա անվտանգ շահագործումն ու աշխատանքի արդյունավետության ապահովմանը վերաբերող հարցերը։

Սեպտեմբերի 1-ին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականի մարտի 30-ին։ Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է ապահովել «Արփա–Սևան» թիվ 2 թունելի գործող թողունակության պահպանումը, որը կազմում է վայրկյանում 20 խորանարդ մետր ջուր։

Այցին մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, «Արփա-Սևան» ԲԲԸ-ի տնօրեն Պարույր Հակոբյանը, «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության ղեկավար Արմեն Հակոբյանը և Ջրային կոմիտեի համապատասխան ոլորտների պատասխանատուները։

Leave a comment