Հավանության է արժանացել «Պաշտպանության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Որոշման ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում միջգերատեսչական փոխգործակցության հարթակների ներդրմամբ․ դրանց միջոցով Պաշտպանության նախարարությունը (զինվորական կոմիսարիատները) զորակոչիկների մասին անհրաժեշտ տեղեկատվությունն ավտոմատ եղանակով ստանալու է համապատասխան պետական մարմինների էլեկտրոնային տվյալների շտեմարաններից։
Առաջարկվում է հաշվառումը կամ հաշվառման փոփոխությունը չդիտարկել որպես սահմանափակում։ Զորակոչիկների վերաբերյալ տվյալները զինվորական կոմիսարիատների համար հասանելի են դառնում Բնակչության պետական ռեգիստրի և պետական այլ համապատասխան շտեմարանների հետ փոխգործակցության շնորհիվ, ինչն ապահովում է տվյալների ամբողջականությունը, արդիականությունն ու ավտոմատ փոխանցումն առանց քաղաքացիների մասնակցության։ Նախագծով նախատեսվում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը զինվորական կոմիսարիատներին տեղեկատվություն կտրամադրի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած կամ այն դադարեցրած անձանց մասին, ինչը պայմանավորված է զինվորական հաշվառման և զորակոչի ենթակա անձանց շրջանակը ճշգրտելու անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորման համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատին տեղեկատվություն տրամադրել հաշմանդամություն ունեցող զորակոչիկների մասին։ Զորակոչիկների տվյալների փոփոխությունների կամ քաղաքացիական կացության ակտերում մահվան գրանցման վերաբերյալ տեղեկատվությունն այժմ հասանելի է Արդարադատության նախարարության վարած պետական ռեգիստրներում։ Զորակոչիկի նկատմամբ քրեական գործ հարուցվելու, ազատազրկման կամ պատժից ազատվելու վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իրավապահ մարմինների միասնական տեղեկատվական համակարգերում։ Հյուպատոսական հաշվառման, արտերկրում գտնվելու և վերադարձի վերաբերյալ տվյալներն ամփոփ տեսքով հասանելի են Արտաքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան համակարգերում։
Ներկայում զորակոչիկների վերաբերյալ տվյալների հիմնական մասը հասանելի է համապատասխան պետական մարմինների վարած էլեկտրոնային շտեմարաններում, իսկ դրանց ստացումն իրականացվում է ավտոմատացված եղանակով՝ միջգերատեսչական փոխգործակցության հարթակների միջոցով։ Այս պայմաններում զորակոչիկների առանձին ցուցակների վարումը և գործատու կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների կողմից դրանց տրամադրումը հանգեցնում են միևնույն տեղեկատվության կրկնակի հավաքագրմանը, վարչարարական բեռի ավելացմանն ու տվյալների հնարավոր անհամապատասխանությանը։ Առաջարկվող նոր կարգավորման շրջանակում զորակոչի ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը զինվորական կոմիսարիատներին կտրամադրվի փոխգործակցության հարթակի միջոցով, ինչը էապես կնվազեցնի համապատասխան պետական մարմինների վարչական բեռն ու կապահովի տվյալների արդիականությունը։