15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը թափուր է արդեն 15 ամիս՝ Ռոմանոս Պետրոսյանի՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց ի վեր։

ՊՎԾ-ն, հիշեցնենք, ՀՀ վարչապետի ենթակայությամբ գործող մարմին է։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, թե ինչո՞ւ մինչ օրս ՊՎԾ-ի ղեկավար չի նշանակվել, արդյո՞ք վարչապետը փնտրում է նոր ղեկավար և չի՞ գտնում արժանի թեկնածու, թե՞ այդ հաստիքը պահվում է Ռոմանոս Պետրոսյանի համար։

Կառավարությունից պատասխանել են, որ Ռոմանոս Պետրոսյանին ՊՎԾ-ի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշման 2-րդ կետի համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։

«Վերոնշյալով պայմանավորված՝ Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է իր բնականոն և արդյունավետ գործունեությունը։ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում նշանակումը կիրականացվի անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի օրենքով սահմանված հայեցողական լիազորությունների շրջանակում»,- նշված է կառավարության պատասխանում։

Այսպիսով՝ կառավարությունը չի հստակեցրել, թե ինչու է ՊՎԾ ղեկավարի պաշտոնը շուրջ 15 ամիս թափուր մնում, և արդյոք առաջիկայում նոր ղեկավար նշանակելու մտադրություն կա։

Նկատենք, որ կառավարությունը սկսել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին գործընթացը, կառավարության որոշման նախագիծը քննարկման փուլում է։ ՀԷՑ-ի շուրջ գործընթացի ավարտի ժամկետը հայտնի չէ։

Կարելի է ենթադրել, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի ընկերության ժամանակավոր կառավարչի պաշտոնավարումը, մինչ խնդիրը լուծվի, իսկ ՊՎԾ-ն այս ընթացքում կշարունակի գործել ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարությամբ։

Գայանե Խաչատրյան

Leave a comment