«Նրա հերոսանալու լուրը լսելուց մինչ օրս չկա մի պահ, որ մեր զրույցը չպտտվի գլխումս։ Քո ուսուցչուհին խոնարհվում է քո հիշատակի առաջ»

Քաշաթաղի շրջանում բնակվելու ու աշխատելու մոտ 25 տարիների ընթացքում շատերին ճանաչեցի, շատերի հետ մտերմացա։ Առավել շուտ էի մտերմանում դպրոցականների հետ, ովքեր մեր հարստությունն ու հպարտությունն էին։ Մեծ դժվարություններ էին հաղթահարում նույն երեխաների ծնողները՝ Քաշաթաղը վերահայացնելու գործում։ Ու եղավ, և այստեղ հասակ առան աշխարհի լավագույն երեխաները։

Նրանցից մեկն էր վակունիսցի Ժիրայր Գագիկի Մարգարյանը, որը դարձավ հայրենիքի զինվոր ու 2020 թ. հոկտեմբերի 15-ին հերոսաբար նահատակվեց Արցախի հարավային սահմանը պաշտպանելիս։ Նույն օրն է զոհվել նաև Ժիրայրի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Սևան Խազարյանը։

2021 թ. հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում կայացավ խաչքարի բացման, օծման և օրհնանքի արարողություն, որին ներկա եղան նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարբեր բնակավայրերի բնակիչներ։ 2020-ի հուլիսին բանակ զորակոչվեց նաև Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի բնակիչ 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, որը 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Հպարտ էր, որ արդեն զինվոր է և իր քույրերի, ողջ հայ աղջիկների պաշտպան է դառնալու, և ժպիտը դեմքին մնացած զորակոչիկների հետ նստեց դեպի Ստեփանակերտի հավաքակայան մեկնող մեքենան։ Նույն օրն էլ մասնակցեց վիճակահանության և ծառայության անցավ Ջրականի զորամասում։ Ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրն էլ մասնակցեց պատերազմին ու թրծվում էր ռազմի դաշտում։ Հոկտեմբերի կեսերից ծնողներն այլևս չկարողացան կապ հաստատել իրենց միակ որդու հետ։ Սակայն հույս ունեին՝ միգուցե տուն կգա։ Սակայն 9-ամսյա սպասումները չարդարացրին ծնողների ու քույրերի հույսը։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։ 2021 թ. հուլիսի 21-ին զինվորական կարգով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի գերեզմանոցում հուղարկավորեցին Անմահ հերոսին։

Ժիրայրը ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ և Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Վակունիս գյուղում, որը շրջանի հյուսիսային թևում է՝ Շալուա գետի ձախակողմյան բարձրադիր հարթության վրա։ Գյուղն ազատագրվել էր 1993 թ. մարտի 31-ին Սիսական գնդի մի ջոկատի կողմից։ 11 քաջորդի, այդ թվում նաև ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանը, մարտիրոսվեցին գյուղի ազատագրման համար։

Թշնամու ականանետի արկից պայթած մեքենան, որով ջոկատի տղաները հասել էին Վակունիս, յուրահատուկ հուշարձան էր դարձրել՝ ի հիշատակ Անմահ հերոսների։ Վակունիսը վերաբնակեցվեց 1995 թվականին, և շուտով այստեղ բացվեց դպրոց, որն անվանակոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Մեքենայի մոտ նաև խաչքար տեղադրվեց՝ նահատակ տղաների անուններով։

Վակունիսում հասակ առավ Ժիրայրը, այստեղ ծնվեցին քույրերը։ Գյուղի դպրոցում սովորեց ու ավարտեց միջնակարգը։ Աշխատանքի բերումով հաճախ էի այցելում նաև Վակունիս, ներկա լինում դպրոցական հանդեսների։ 2011 թ. մարտի 31-ին Վակունիսում հերթական անգամ նշեցինք Վուրգի ու իր մարտիկների Հերոսացման օրը։ Վակունիսում էին նաև Վուրգի մարտական ընկերներ, հարազատներ, ինչպես նաև՝ ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Մկրտիչ Մկրտչյանը՝ երջանկահիշատակ Մակիչը, Լեյլա Սարիբեկյանը, այլք։

Այդ օրվա լուսանկարները հիշեցնում են նաև Ժիրայրին, ով մեծ ոգևորությամբ էր պարում ու շփվում երգիչների հետ։ Վուրգի ու մնացած հերոսների ոգով էին դաստիարակվում վակունիսցի դպրոցականները, նրանց հետ էր նաև Ժիրայրը, որը միշտ գլխավոր դերում էր, նաև ծնողների օգնականն էր տնտեսությունում, ձգտում էր հնարավորինս աջակցել հորը, որ բազմազավակ ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրեր։ Քույրերի հպարտությունն էր, պաշտպանը… Պատահական չէին անվանել ԺԻՐԱՅՐ։

Հոկտեմբերի 15-ին Վահրամաբերդում հոգևոր հայրը մյուռոնված ջրով ու գինով օծեց ու օրհնեց հուշաքար-խաչքարը՝ նվիրված Ժիրայրի և բոլոր Անմահ հերոսների հիշատակին։ Ներկա էին նահատակ-զինվորի ծնողները, քույրերը, հարազատ-բարեկամներ, զինվորականներ, Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, վահրամաբերդցիներ, այլք։

Հերոսի փոքրիկ քույրերը՝ Ալիսան, Մարիամը, Ալվարդը, եղբոր նկարով շապիկներ հագած, ներկա էին հոգևոր արարողությանը։ Զրուցում եմ նրանց հետ. «Ժիրայրը մեր պաշտպանն էր, բայց, անիծվի պատերազմը…»։ Տերունական աղոթքով ու շարականներով հոգևոր հայրը կատարեց Խաչի օծման ու օրհնանքի արարողությունը՝ օգնականները Ժիրայրի բարեկամ երիտասարդներ էին, ովքեր էլ կտրեցին ժապավենը։

Ավարտելով արարողությունը՝ Հայ եկեղեցու ներկայացուցիչը փառք տվեց բոլոր նահատակներին՝ նշելով՝ հանուն հայրենիքի ընկածները հերոսներ են և ընդունելի Աստծո կողմից։ Նշեց՝ Խաչը միշտ է եղել զորավոր, և նոր օծված ու օրհնված հուշաքարն այսուհետ սրբատեղի է։

Միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզային զինկոմիսարիատի Ախուրյանի բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան Աբգար Ապինյանը, որը Ժիրայրի ծնողներին հանձնեց Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալը։ ԱՀ Նախագահի հրամանը պարգևատրման մասին ընթերցեց հոգևոր հայրը։ Հնչեց երգ՝ նվիրված հերոսին։

Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր խոսքում դատապարտեց պատերազմը, որը կործանարար եղավ մեզ համար, որի ընթացքում ունեցանք հազարավոր զոհեր, և թշնամուն մնաց մեր հայրենի Քաշաթաղը՝ Վակունիսով հանդերձ։

Քաշաթաղի շրջանն այս պատերազմում տվեց 78 զոհ, այդ թվում նաև անհայտ կորածներ կան։ Նահատակվեց նաև Վակունիսի դպրոցի զինղեկ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը։

Արարողության մասնակիցները նաև այցելեցին Ժիրայրի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։ Ընթացքում զրուցեցի Վահրամաբերդի համայնքապետի հետ։ Ասաց՝ համայնքի 16 բնակավայրերից 44-օրյա պատերազմին մասնակցել են 370 կամավորական ու պահեստազորայիններ՝ չհաշված ժամկետային զինծառայողներին։ Համայնքը տվել է 13 զոհ, 1 անհայտ կորած, 36 վիրավոր։

Ժիրայրի ուսուցչուհիներից Դիանա Ալեքսանյանը, որի մայրը նույն դպրոցի տնօրենն էր, իր սանի մասին գրում է. «Ժիրայրը շատ ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, իմ դասղեկական դասարանում էր սովորում։ Մեր հերթական զրույցից հետո դասարանի հետ այցելեցինք հերոս տղաների հուշարձանին և իմ խրատական խոսքով Ժիրայրին ասացի. «Մոտեցիր և խոնարհվիր մեր հերոսների հիշատակի առջև, նրանք արյուն են թափել, որ մենք հանգիստ ապրենք մեր հայրենիքում»։ Ժիրայրը շատ սուր ընկալեց այդ պահը, մոտեցավ, խոնարհվեց, իր ջինջ աչքերով կարդաց տղաների անուններն ու ասաց՝ միշտ պահապան կլինի իրենց կողմից ազատագրված հայրենիքին։ Նրա հերոսանալու լուրը լսելուց մինչ օրս չկա մի պահ, որ մեր զրույցը չպտտվի գլխումս։ Քո ուսուցչուհին խոնարհվում է քո հիշատակի առաջ։ Կներես, որ չկարողացանք պահել մեր խոստումը, որը համատեղ էինք տվել մեր հերոսներին։ Հերոս, հիմա դու էլ վերևից երևի նայում ես Վակունիսի սարերին ու վստահորեն ասում, որ մի օր վերադառնալու ենք»։ Ինչ խոսք՝ առավել ծանր է, որ այսօր հայաթափ է Արցախը, բայց մեր Ժիրայրները կռվեցին հերոսաբար ու հաղթել են։ Իսկ նրանց հոգիները դեռ անհանգիստ են ու պահանջող…

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment