Փողը՝ որպես միջոց, ոչ թե նպատակ. Մորգան Հաուզելի «Փողի ծախսաբանությունը» արդեն հայերեն է

Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր դարձած «Փողի հոգեբանությունը» գրքի տրամաբանական շարունակության՝ «Փողի ծախսաբանությունը. Պարզ որոշումներ՝ բարեկեցիկ կյանքի համար» գրքի շնորհանդեսը: 

Մենք սովորում ենք՝ ինչպես փող աշխատել, խնայել և ներդնել, բայց շատ ավելի հազվադեպ ենք մտածում այն մասին, թե իրականում ինչպես ենք այն ծախսում։ Ինչո՞ւ ենք գնում իրեր, որոնք մեզ պետք չեն, և ինչո՞ւ ենք հարստությունը հաճախ շփոթում սոցիալական կարգավիճակի հետ։ Այս և նման այլ հարցերի պատասխանները Հաուզելը բացահայտում է պատմությունների, հոգեբանական դիտարկումների և իրական օրինակների միջոցով։

Անդրադառնալով «Առավոտի» հարցին, թե թարգմանչական ինչպիսի՞ մարտահրավերների է բախվել և արդյոք ֆինանսական տերմինաբանությունը հեշտ հասկանալի կլինի ընթերցողի համար, թարգմանիչ Դավիթ Սարգսյանը նշեց.

«Այնտեղ ոչ մի բարդ տնտեսագիտական կամ ֆինանսական տերմին չկար, գիրքը շատ հանրամատչելի է։ Նույնիսկ հոգեբանության հետ կապված չկա խրթին տերմինաբանություն, և կարծում եմ՝ 12-14 տարեկանից սկսած բոլորը կարող են կարդալ ու ամեն ինչ հասկանալ։ Այնպես որ, թարգմանության առումով բավականին հեշտ էր, շատ ավելի բարդ բաներ ենք թարգմանել»։

«Առավոտի» հարցին, թե որքանով են Հաուզելի դիտարկումներն արդիական մեր հասարակության համար, Դավիթ Սարգսյանը պատմական զուգահեռ անցկացրեց Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում տիրող իրավիճակի հետ՝ մեջբերելով պատմաբան Լյուիս Ալլենին. «Հանկարծակի արձակուրդում հայտնված մարդու պես ամբողջ երկիրը զգում էր, որ պետք է վայելի կյանքն ավելի շատ, քան նախկինում, և որ կյանքը փուչ է, ու ոչինչ էլ էական չէ։ Ու քանի դեռ ապրում ենք, կարելի է գոնե զվարճանալ՝ հետևել ամբոխին, ընդունել այն նոր խաղալիքները, որոնք ուրախացնում էին մյուսներին»։

Թարգմանչի խոսքով՝ այս մոտեցումն ու մտածելակերպն այսօր էլ արդիական են, իսկ մեր ծախսերի ամենամեծ թշնամին մեր բարդույթներն են․ «Մենք շատ բարդույթներ ունենք՝ չափից շատ, և այդ ամենը շատ լուրջ ազդում է մեր ծախսային սովորույթների ու ընդհանրապես կյանքի որակի վրա»։

Թարգմանիչն ընդգծում է, որ գրքում կան բազմաթիվ դիպուկ արտահայտություններ ու ասույթներ, որոնք կարող են մարդկանց օգնել ճիշտ կազմակերպել իրենց ծախսերը. «Մի հպարտացեք ձեր ծախսերով, հպարտացեք ձեր ստեղծածով։ Հարստությունն առանց անհանգստության աղքատության ձև է։ Ծախսելը ոչ թե գիտություն է, այլ արվեստ, ծախսելը ոչ թե թվերի, այլ մարդկային պատմությունների մասին է։

Գիրքը մի ամբողջ շտեմարան է ասույթների, բայց սա ավելի շատ բարդույթների ու հոգեբանության մասին է, քան ֆինանսների, ավելի շատ մարդու մասին է, քան թվերի։ Պետք է պատանեկան տարիքից չբարդույթավորվել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու ախտով»։

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանն «Առավոտի» հետ զրույցում շեշտեց, որ հեղինակն օգտագործում է կարևոր գիտական հետազոտություններ և ուսումնասիրում մի թեմա, որը Հայաստանում բոլորը «փայլուն գիտեն», բայց հաճախ չեն կարողանում կառավարել իրենց դրամապանակի պարունակությունը.

«Շատ հաճախ մարդիկ փողը դարձնում են կուլտ, փողը դարձնում են նպատակ, բայց հեղինակը մեզ բացատրում է, որ փողը չպետք է դարձնես նպատակ, փողն ընդամենը միջոց է՝ ավելի կարևոր նպատակների հասնելու համար։ Այսինքն՝ ոչ թե պարզապես ես ուզում եմ ունենալ լիքը փող, այլ ես ուզում եմ ունենալ այդ լիքը փողը հանուն ինչի՞, որ ես ինչ անե՞մ, ինչպե՞ս ես կարող եմ օգտակար լինել և՛ ինձ, և՛ իմ շրջապատին, և՛ հանրությանն ընդհանրապես, որովհետև փողը միայն դրա համար է։

Կան այդպես տափակ խոսքեր, որ ասենք՝ փողը ձեռքի կեղտ է։ Ո՛չ, փողը մարդկանց հարաբերությունների լավագույն կարգավորիչն է, որովհետև մարդիկ ինչ-որ բանի մասին պայմանավորվում են, և դա ինչ-որ արժեք ունի։ Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր երբևէ առնչվել են կամ առնչվում են փողի հետ, երբևէ մտածելու են փողի նշանակության և փողի կողքին իրենց կենսագրության մասին․ երբ ես փողը վերցնում եմ իմ ձեռքը, ես պետք է մտածեմ՝ այդ փողն ինչ է անում ինձ հետ, և ես ինչ եմ անում այդ փողի հետ»։

Գնել Նալբանդյանը պանելային քննարկման ընթացքում գրքից ուշագրավ հատված կարդաց, որտեղ հեղինակը դիմում է իր որդուն. «Քեզ կարող է թվալ, թե դու ուզում ես ունենալ շքեղ առանձնատուն, մեքենա և թանկարժեք ժամացույց, բայց հավատա՝ սա քո իրական ցանկությունը չէ։ Իրականում դու ուզում ես ստանալ մարդկանց սերն ու հարգանքը։ Եթե մի պահ քեզ կարող է թվալ, թե թանկ իրերը կարող են քեզ օգնել այդ հարցում, այդ մոտեցումը երբեք չի աշխատում, մանավանդ այն մարդկանց հետ, որոնց սիրո և հարգանքի կարիքը դու իսկապես ունես»։

Շնորհանդեսին հաջորդեց «Խնայողությունների բաշխումը՝ ըստ ֆինանսական նպատակների» թեմայով դասախոսությունը, որը վարում էր «Էփրիքոթ Կապիտալ»-ի գործադիր տնօրեն, ինչպես նաև նախագծի գլխավոր գործընկեր Վաչիկ Գևորգյանը։

Գիրքը լույս է ընծայել «Նյումեգ» հրատարակչությունը։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment