Ֆինանսների նախարարը Բանգկոկում հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ և մասնակցել ֆինանսների նախարարների կլիմայական կոալիցիայի հանդիպմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Բանգկոկում շարունակել է աշխատանքային հանդիպումները՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի միջև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները և առկա բարեփոխումների իրականացման մարտահրավերները։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը՝ մասնավորապես տրանսպորտային ու էներգետիկ համակարգերի, սահմանային անցակետերի և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման ուղղություններով։ Քննարկման թեմաներն ընդգրկել են ջրային ոլորտի բարեփոխումները, մասնավորապես նաև ՀՀ Կառավարության ծրագրերը ջրամբարաշինության ոլորտում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման կարողությունների զարգացմանը՝ հեռանկարում որպես նպատակ ունենալով համատեղ ջանքերով բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։

Էներգետիկ անվտանգության համատեքստում քննարկվել են էլեկտրական ցանցերի զարգացման, էներգիայի կուտակման համակարգերի և տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցումների ապահովման համար առաջնահերթ ներդրումները։ Անդրադարձ է կատարվել նաև ՎԶԵԲ-ի ներդրումային ծրագրերի ընթացքին։

Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Կլիմայական գործողությունների համար ֆինանսների նախարարների կոալիցիայի 16-րդ նախարարական հանդիպմանը։

Քննարկումների առանցքում եղել են էներգակիրների գների ցնցումների պայմաններում մակրոտնտեսական կայունության պահպանումը, տնտեսությունների դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման ֆինանսավորումը։ Նախարարական հանդիպումն անդրադարձել է էներգետիկ շուկաների տատանումներից բխող մարտահրավերներին և դրանց պայմաններում կայունության ու երկարաժամկետ վերափոխումների ֆինանսավորման հարցերին։

Նախարար Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ունեցած ելույթի վերջում մասնակիցներին հրավիրել է ՀՀ-ում անցկացվելիք «COP17» համաժողովին։

Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի պատվիրակությունները հանդիպել են ԱՄՀ-ում Հայաստանի ներկայացուցչությունն ապահովող Ընկերակցային խմբի ղեկավար, գործադիր տնօրեն Յերուն Կլիկին, և Ընկերակցային խմբի ներկայացուցիչներ Մարնիքս վան Ռեյին և Վլադիսլավ Ռաշկովանին։ Պատվիրակությունը մասնակցել է նաև Ընկերակցային խմբի տարեկան ամփոփիչ հանդիպմանը։

Leave a comment