COP 17-ի շրջանակներում հայ գերիների ու Շիկահողում ադրբեջանցիների հասցրած բնապահպանական խնդիրների հարց չի քննարկվի. փոխնախարար

Կհնչեցվե՞ն արդյոք COP17-ի շրջանակում Բաքվում պահվող հայ գերիների և Շիկահողի հատվածում ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների հարցերը։ Այսօր լրագրողներն այս հարցերն ուղղեցին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանին։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ COP17-ը վերաբերում է գլոբալ օրակարգին, սակայն դրա շրջանակում հնարավոր են նաև տարածաշրջանային հարցերի քննարկումներ։

«COP17-ը գլոբալ օրակարգին է վերաբերում։ Գլոբալ օրակարգի շրջանակներում հնարավոր են տարածաշրջանային հարցերի քննարկումներ։ Օրինակ՝ COP7-ի շրջանակներում Վրաստանի հետ ունենք համատեղ միջոցառում, որը վերաբերում է միջսահմանային հրդեհների մարմանը։ Իհարկե, նման քննարկումներ կարող են լինել, բայց սա առավելապես կենտրոնանում է գլոբալ օրակարգի հարցերի վրա»,- ասաց Աբիսողոմոնյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին՝ փոխնախարարը նշեց, որ նախարարությունը հանրային հաղորդակցության միջոցով բազմիցս տեղեկացրել է՝ այդ հարցը բարձրացվում է տարբեր հարթակներում։

«Մասնագիտացված ու ոլորտային հարթակներում, տարբեր հանդիպումների ընթացքում։ COP17-ն առավելապես բնապահպանական օրակարգ ունի։ Գուցե երկկողմ հանդիպումների ժամանակ այդ հարցերը քննարկվեն երկկողմ օրակարգի շրջանակներում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Շիկահողի հատվածում արձանագրված բնապահպանական խնդիրներին, Աբիսողոմոնյանի խոսքով՝ համաժողովի օրակարգում երկկողմ հարաբերություններին վերաբերող առանձին հարց նախատեսված չէ։

Նա նաև նշեց, որ այդ հարցերին նախկինում անդրադարձել է ՀՀ վարչապետը, ապա ասաց՝ այդ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակի հարց է:

 

A briefing and Q&A session with Deputy Minister of Foreign Affairs and International Trade Robert Abisoghomonyan and other organizers was held ahead of the Leaders’ Summit and the opening of the 17th meeting of the Conference of the Parties to the Convention on Biological Diversity (COP17) in Yerevan, Armenia

 

 

Հիշեցնենք, որ COP17-ը Երևանում կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 19-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։

Հոկտեմբերի 16-ին նախատեսված է առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 18-ին  տեղի կունենա COP17-ի բացման արարողությունը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment