Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան

Քաղաքականություն

14.10.2026 | 17:56

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերի 14-ին նա պատրաստվում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին, սակայն տեղեկացել է, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է։ Արգելքի պատճառը նրան հայտնի չէ։ Բադալյանը տեղի ունեցածը որակել է տարօրինակ և մտահոգիչ՝ ընդգծելով, որ իրեն խոչընդոտել են կատարել միջազգային խորհրդարանական կազմակերպությունում ունեցած պաշտոնական պարտականությունները։

Լուսինե Բադալյանի գրառումը՝ ստորև․

«Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։

Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։

Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»։

Leave a comment