Գյումրիում երեկ Թուրքիայի քաղաքացին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետի կնոջը․ վերջինը հիվանդանոցում մահացել է։
Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հրապարակել ողբերգական դեպքից։ Հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են վարորդի և մահացածի ինքնությունները։
Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, իսկ մահացածը Գյումրիի բնակիչ 77-ամյա Ռուզաննա Սարգսյանն է, ով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Շիրակ Հակոբյանի՝ մարզում հայտնի Շիրակ Երեմիչի կինն է։