«Սուտ է, որ ինչ կա, չկա, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի գույք։ Ռոբերտ Քոչարյանը քիչ գույք ունի»․ Արամ Օրբելյան

«Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործունեությունն իր սահմանադրական պարտավորությունները կատարելն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործին։

Նաև մտահոգություն հայտնեց, որ ըստ էության՝ խոչընդոտվել է Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ խմբակցության քաղաքական գործունեությունը․ «Խմբակցությունը դիմելու է վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջով, որ վերջինս չխոչընդոտի առաջնային մանդատ ունեցող մարմնի գործունեությունը և փորձ չանի միջամտել ժողովրդի մանդատ ստացած ԱԺ աշխատանքներին։ Ակնկալում եմ, որ ավելի շուտ այս արգելքը կվերացվի, և խափանման միջոցը չի երկարացվի»։

Նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կարգավորվել է, բայց չի նշանակում, որ ռիսկերը վերացել են։ Նշեց, որ խնդիրներից է այն, որ նրա խցում թույլ չեն տալիս համակարգիչ, նոթբուք կամ թաբլեթ, երբ նրա խուցը համեմատում են այլ խցերի հետ, հավասար պայմաններ չեն, մինչդեռ խցերի միջև չպետք է գլոբալ տարբերություն լինի։ Արամ Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցազրույց տալ ցանկացած լրատվամիջոցի։

Փաստաբանը նաև նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ կապված ստեր են տարածվում ու նշեց․ «Առաջին սուտն այն է, որ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը միշտ նախագահ է եղել։ Նման բան չկա։ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի ապրիլի 9-ից հետո որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Այդ ժամանակ նա ունեցել է միլիոն պլյուս եկամուտ։ Երկրորդ սուտն այն է, որ ինչ կա-չկա, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի գույք։ Պետք է ասեմ՝ Ռոբերտ Քոչարյանը քիչ գույք ունի, բայց բավարար։ Ունի տուն, որն իրեն նվիրել է պետությունը, տան հողի հետ կապված բարելավում է արել, և դրանով ավարտվում է Ռոբերտ Քոչարյանի գույքը։ Ծայրահեղ բանով ասում են՝ Սեդրակ Քոչարյանը բիզնես անել չէր կարող։ Նա ունի տնտեսագիտական կրթություն, աշխատել է 19-20 տարեկանից, աշխատել է բանկերում, ներդրումային հիմնադրամներում, հետո ինքն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացրել, դրա ծավալը հստակ, տեսանելի է։ Բացի երկու նախագծից, մնացածն ունեն գործընկերներ, բոլոր բիզնես նախագծերը թափանցիկ են։ Ապօրինի գույքով միայն մեկ բիզնես են բերել՝ Տանզանիայում, որը չենք իմանում՝ ինչ է։ Լևոն Քոչարյանն ունի ներդրումներ, ուզում է վաճառել, քանի որ ուզում է պատգամավորական գործունեության վրա կենտրոնանալ, դատախազությունն ամեն կերպ ասում է՝ չէ»։

Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment