«Անաստաս Իսրայելյանն առնվազն ճիշտ չի ասում, նա պահանջ է դրել, որ հանդիպմանը ներկա պետք է լինի նաեւ ՔՊ-ն»․ Անուշ Միրզոյան

Ազգային ժողովում հոկտեմբերի 13-ին ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկմանը խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցել, քանի որ ՔՊ-ն նիստը փակ էր անցկացնում, հրավեր չէր եղել։

Ընդդիմադիր պատգամավորները լրագրողների հետ ճեպազրույցում իրենց պատրաստակամությունն ու ցանկությունն էին հայտնել՝ մասնակցելու քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկումից հետո արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն չտրվեց մասնակցելու քննարկմանը, իրենց մոտ ցանկություն կա՞ր, որ ընդդիմադիր պատգամավորները եւս մասնակցեին, լրագրողներին ասել էր․ «Ամսի 17-ի ակցիայի ժամանակ երեք խմբակցություններին է ուղղվել նամակը եւ հանդիպման առաջարկը։ Երեք շաբաթվա ընթացքում այն պայմանավորվածությունը, որը մենք ձեռք ենք բերել լրատվականների ու ժողովրդի աչքի առաջ, գործընթացը սկսել է նվազել։ Ինձ հետ ոչ մեկ չի կապվել, ինձ ոչ մեկ առաջարկ չի արել։ Երեք շաբաթ է՝ դուրս ենք գալիս, բոլորին ասում ենք՝ խնդրում ենք, դիրքորոշում հայտնեք։ Երկար ժամանակ ես «Ուժեղ Հայաստան»-ի հետ չկարողացա այդ դիրքորոշումը ստանալ, եւ մինչեւ օրս էլ այդ դիրքորոշումը չի եղել։ «Քաղաքացիական պայմանագրի» հետ հանդիպման ընթացքում եղել է առաջարկ, մինչեւ այդ ոչ մեկի կողմից առաջարկ չի եղել, եղել է դիրքորոշում։ «Հայաստան» դաշինքն ասել է, որ իրեն արդեն կազմակերպել են քննարկում, երկրորդը կազմակերպելու կարիքը չկա, ՔՊ-ն դուրս է եկել կոնկրետ առաջարկով, որ պատրաստ են մեզ հետ այդ հարցերը քննարկել, «Ուժեղ Հայաստանի» կողմից այդ դիրքորոշման հետ կապված գործընթացը մի քիչ ձգձգվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Անաստաս Իսրայելյանի հայտարարություններին։

«Անաստաս Իսրայելյանն առնվազն ճիշտ չի ասում։ Անձամբ ես հոկտեմբերի 8-ին իմ հեռախոսով «Տելեգրամ» հավելվածով կապվել եմ իր հետ, խոսել եմ։ Ես իմ աշխատանքային տետրում նշում եմ կատարել, որ ամսի 13-ին՝ ժամը 11-ին արցախահայերի հետ Ազգային ժողովում հանդիպում կա։ Մենք անտարբեր չենք այդ հարցով, նշումներն արել եմ, որ գանք հանդիպման»,- նշել է նա։

Անուշ Միրզոյանը նաեւ հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն առաջարկել էր հանդիպում, իսկ «Ուժեղ Հայաստանի» անդամ Արթուր Միքայելյանը պարբերաբար կապվել է Անաստաս Իսրայելյանի հետ եւ ասել է, որ պատրաստ է համապատասխան ձեւաչափով շփվել ու խոսել նրա հետ։

«Անաստաս Իսրայելյանը պահանջ է դրել, որ ներկա պետք է լինի նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Եվ ես հարց ունեմ նրան՝ արդյոք հանդիպման ժամանակ Արցախը հանձնած իշխանությունների առջեւ Անաստաս Իսրայելյանը պահանջ դրե՞լ է, որ արցախահայերի իրավունքները հաճախակի բարձրաձայնող ընդդիմությունը եւս պարտադիր կերպով ներկա լինի»,- նշել է Անուշ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment