Հանգիստ թողեք կանանց, տվեք նրանց ազատություն՝ ընտրելու իրենց հագուստը․ Քըլըչդարօղլուն՝ Ադրբեջանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության  նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ևս անդրադարձել է Ադրբեջանում աշակերտուհիների հիջաբ կրելու շուրջ ծագած վեճին, որը լարվածություն է առաջացրել նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում։

Քըլըչդարօղլուն նշել է, որ կանայք չպետք է խտրականության ենթարկվեն գլխաշոր կրելու կամ չկրելու համար և կոչ է արել հագուստի ընտրությունը թողնել անհատի հայեցողությանը:

Խոսելով կանանց գլխաշորի պատճառով կրթության իրավունքից զրկելու դեմ՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ նման խնդիրներ չպետք է առաջանան Ադրբեջանում։

Նշելով, որ գլխաշորի հարցի շուրջ խնդիրները պետք է լուծվեն, Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ սխալ է կանանց հետ տարբեր կերպ վարվել՝ կախված նրանից, թե նրանք ծածկում են իրենց գլուխները, թե ոչ։

Նա անդրադարձել է Թուրքիայում հիջաբի շուրջ անցյալում տեղի ունեցած վեճերին․ «Թուրքիան շատ դժվար փորձությունների միջով է անցել հիջաբի հարցի հետ կապված: Մենք նույնպես պատասխանատվություն ենք կրում այս հարցում: Լսեք, ես դիմում եմ Ադրբեջանին՝ որպես այս պատասխանատվությունը ընդունող մեկի. հանգիստ թողեք կանանց, տվեք նրանց ազատություն, թող իրենք ընտրեն իրենց հագուստը»։

Leave a comment