Իրան-Իսրայել թաքուն դաշնակցությունից՝ ուղիղ պատերազմ․ պատմական ատելությո՞ւն, թե՞ շահերի բախում

Իրան-Իսրայել թաքուն դաշնակցությունից՝ ուղիղ պատերազմ․ պատմական ատելությո՞ւն, թե՞ շահերի բախում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրան-Իսրայել հակամարտություն, կնճռոտ հարաբերություններ․ ինչը դարձավ երբեմի դաշնակիցներ Իրան-Իսրայելի համար թշնամանքի հիմք

2025 թվական 12-օրյա պատերազմ, 2026 թվականի փետրվարից մինչ այսօր շարունակվող պատերազմ։  Հարց է առաջանում, թե ինչու երեք երկրներով բաժանված և բավականին մեծ հեռավորության վրա գտնվող երկու երկրները գնացին ուղիղ բախման ճանապարհով: Արդյոք այս թշնամանքը միշտ է ուղեկցել Իսրայելին և Իրանին: 

Պատասխանը գտնելու համար, պետք է վերհանել նրանց նախկինում միջպետական հարաբերությունները և հատկապես  իսլամական հեղափոխությունից հետո։

Վերջից սկիզբ ՝ «Վեր խոյացող առյուծ»-ից մինչև «Էպիկական ցասում» և «Մռնչացող առյուծ», իսկ  «Ճշմարիտ խոստում III»- -ից մինչև «Ճշմարիտ խոստում IV» գործողություն: 

2024 թվականի ապրիլին Իսրայելը հարվածեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը,  Իրանը պատասխանեց ԱԹՍ-ների և հրթիռների զանգվածային հարձակումով: Պահպանվող լարվածությունը 2025 թվականի հունիսին նոր պատերազմի վերածվեց: Իսրայելը սկսեց «Վեր խոյացող առյուծ» գործողությունը՝ թիրախավորելով իրանական ռազմական ու միջուկային օբյեկտները, ինչին Իրանը պատասխանեց «Ճշմարիտ խոստում III» հրթիռային հարվածներով։  Արդեն հունիսի 22-ին պատերազմին միջամտեց ԱՄՆ-ն՝ իրականացնելով «Կեսգիշերային մուրճ» գործողությունը, որի շրջանակներում B-2 ռմբակոծիչներով հարվածներ հասցրեց Իրանի միջուկային կենտրոններին (Նաթանզ, Ֆորդո, Սպահան), որից հետո հունիսի 25-ին հայտարարվեց հրադադար, չնայած հետագայում իրավիճակը կրկին սրրվեց:

2026 թվականի փետրվարին հաջորդեցին արդեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցվող համատեղ օդային հարվածները («Էպիկական ցասում» և «Մռնչացող առյուծ» գործողություններ): Սրան ի պատասխան՝ Իրանն էլ թիրախավորեց Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները («Ճշմարիտ խոստում IV» գործողություն): 

Ինչ է ուզում Իսրայելը

Իսրայելի համար Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության պահպանումը և իր սահմանների մոտ գործող իրանամետ ուժերի ակտիվությունը անվտանգության լուրջ խնդիր է։ Իսրայելի նպատական է որպեսզի Իրանը դադարեցնի աջակցությունը Լիբանանյան «Հեզբոլլահին» և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին, փոխվի Իրանում գործող իշխանությունը, Թեհրանը չզարգացնի միջուկային ծրագիր։

Ինչ է ուզում Իրանը

Իրանական կողմի ընկալմամբ Իսրայելը  կազմավորվել է Պաղեստինի իսլամական հողերի վրա՝ օկուպացնելով Երուսաղեմը։  Իրանը աջակցում է  Գազայում գործող ՀԱՄԱՍ-ին և Լիբանանի «Հեզբոլլահին»՝ նպատակ ունենալով վերջնականապես դադարեցնել «Սիոնիստական կազմավորուման» գոյությունը,  ազատել մուսուլմաններին և ազատագրել Պաղեստինը։

 

Հրեական պետության անընդունելիությունից մինչև Իսրայելի ճանաչում։

1947 թվականի նոյեմբերի 29-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իրանը այլ մուսուլմանական երկրների հետ դեմ քվեարկեց  Պաղեստինը՝ արաբական և հրեական պետությունների բաժանելու մասին թիվ 181 բանաձևին, իսկ  1948 թվականի մայիսին  արդեն դեմ էր արտահայտվում Իսրայել պետության ստեղծմանն ու ՄԱԿ-ին անդամակցությանը։

Նույն տարում Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և Իրաքը հայտարարեցին Պաղեստինում «բնակչության սպանությունները դադարեցնելու և կարգուկանոնը վերականգնելու նպատակով» իրենց բանակներն այնտեղ ուղարկելու մասին։ Սրանով սկսվեց առաջին արաբ-իսրայելական պատերազմը, որի ընթացքում Իրանը իր աջակցությունը հայտնեց արաբական երկրներին, սակայն չներքաշվեց ռազմական գործողություններում։ Չնայած, որ երկրի ներսում ոչ պաշտոնական մակարդակով ձեռնարկվեց կամավորների հավաքագրում՝ մուսուլմաններին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

Հայտնի ուլեմ (հոգևորական) Նավվաբ Սաֆավի հիմնադրած «Ֆեդայանե Էսլամ» (Իսլամի նվիրյալներ) շիայական կազմավորումը  քարոզչություն էր անում՝ տարածելով հորդոր-գրություններ, որոնցից մեկում ասվում էր հետևյալը․

«Հաղթանակը Ալլահից է, և նվաճումը մոտ է» [Ղուրան 61։ 13]։ Ուղղափառ իսլամի ֆիդայիների մաքուր արյունը եռում է Պաղեստինի մուսուլման եղբայրների աջակցության համար։ Ուղղափառ իսլամի հինգ հազար ֆիդայիներ պատրաստ են օգնելու պաղեստինցի եղբայրներին և Իրանի կառավարությունից շտապ կարգով թույլտվություն են խնդրում արագ կերպով Պաղեստին տեղափոխվելու համար և սպասում են կառավարության շուտափույթ արձագանքին» (թարգմանությունը- հեղինակի)։

Իրանի հասարակությունը, հատկապես հոգևորական դասը Պաղեստինը ընկալում էին որպես «իսլամի հող», իսկ հրեական պետությունը՝ «անընդունելի օկուպացիա»։ Արդյունքում սա հանգեցրեց Իրանից հրեական համայնքի արտագաղթին։

Սակայն երկրների հարաբերությունների մակարդակը սկսեց փոխվել, երբ Իսրայել պետության ստեղծումն արդեն կատարված փաստ էր։ Իրանի շահական իշխանությունները սկսեցին հրեական պետության հետ կապեր հաստատել նախ ԱՄՆ-ի միջոցով, ապա նաև ՄԱԿ-ի շրջանակում։

Իրանի՝ հրեական պետության հետ հարաբերություններ ձևավորելու համար շարժիչ ուժ էր եղել Թուրքիայի կողմից Իսրայելի ճանաչումը։ Մուսուլմանական աշխարհում այդ ժամանակ սա եղավ նախադեպ, ինչը Թեհրանի համար մուսուլմանական աշխարհում սեփական հեղինակության փլուզման վախերից ձերբազատվելու համար հիմք դարձավ։

1950 թվականի մարտի 6-ին Իրանի կառավարությունը դե ֆակտո ճանաչեց Իսրայելը առանց պաշտոնական հայտարարության։ Դա տեղի ունեցավ խորհրդարանի՝ Մեջլիսի ձմեռային արձակուրդի օրերին՝ ավելորդ հակասություններից ու վեճերից խուսափելու համար։  Նույն տարվա մարտի 26-ին էլ Իրանի հատուկ բանագնաց Ռեզա Սաֆինիան իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի այն ժամանակվա նախագահին՝ Խայիմ Վեյցմանին, և ուղիղ երեք ամիս անց նա դարձավ առաջին դիվանագետը, որի պատվին պաշտոնական ընդունելություն կազմակերպվեց Երուսաղեմում։

Սրանից ամիջապես հետո երկրների միջև սկսվեց տնտեսական բազմոլորտ համագործակցությունը։ Իրանը սկսեց Իսրայելին նավթ, գազ, տարբեր հանքային հումք, սննդամթերք և սպառողական ապրանքներ մատակարարել։

 

Իրան-Իսրայել համագործակցությունը՝ աշխարհաքաղաքական վայրիվերումների համատեքստում։

1951 թվականին, երբ Իրանի վարչապետ դարձավ Մուհամմեդ Մոսադեղը իրանական նավթարդյունաբերությունը ազգայանացրեց և Լոնդոնից պահանջեց դուրս բերել Աբադանի նավթավերամշակման համալիրը պաշտպանող բրիտանական զորքերը:   

Իրանը նաև Երուսաղեմում փակեց  իր հյուպատոսությունը և տեղափոխվեց Հորդանան։  Բայց և այնպես Մոսադեղի կառավարությունը այդպես էլ չգնաց Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական խզման, և տնտեսական շփումները շարունակվեցին նախկինի նման։

Իրադարձությունների զարգացումը բերեց Մեծ Բրիտանիայի դուրս մղվելուն՝ իր տարածաշրջանային ազդեցության հիմնասյուն հանդիսացող երկրներից։  Արդյունքում Լոնդոնին այլ բան չէր մնում, քան ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ մասնակցել Մերձավոր և Միջին Արևելքի երկրները ներառող հակախորհրդային ռազմաքաղաքական բլոկի՝ Բաղդադի պակտի ձևավորմանը, որին Իրանը միացավ 1956 թվականին։ Այս իրադարձություններին զուգահեռ Իսրայելը դարձել էր տարածաշրջանում ԱՄՆ մերձավոր դաշնակիցը։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային զարգացումները Իսրայելին և Իրանին կարճ ժամանակ անց դրեցին միևնույն ռազմաքաղաքական ճամբարում։

Այսպես կոչված հակախորհրդային բլոկի անդամակցության տարիներին ամրապնդվեց Թեհրանի և Թել Ավիվի ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ավելին՝ 1967 թվականին մի կողմից Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի, մյուս կողմից Իսրայելի միջև սկսված «Վեցօրյա պատերազմի» ժամանակ Իրանը, չնայած արաբական երկրների բողոքներին, շարունակում էր նավթ մատակարարել հրեական պետությանը։ Նույն գործընթացը շարունակվեց նաև 1973 թվականին «Յոմ Կիպուրի» պատերազմի ժամանակ, որի ընթացքում Իրանը նույնիսկ 25 «Phantom» ինքնաթիռ փոխանցեց Իսրայելի պաշտպանության բանակին:

Իրանի և Իսրայելի համագործակցությունը տարածաշրջանում ամրապնդվեց և շահերը համընկավ, երբ Իրաքում իշխանության եկավ Սադամ Հուսեինը, որը տարածքային պահանջներ ուներ Իրանից և չէր ընդունում Իսրայելի գոյության իրավունքը։ Արդյունքում 2 երկրները աջակցեցին Սադամի դեմ ապսամբած քրդական ուժերին։

Հակաիսրայելական տրամադրություններ և կրկին թաքնված համագործակցություն։

Իրանը և Իսրայելը ռազմակն և տնտեսական ոլորտներում համագործակցում էին ոչ պաշտոնական մակարդակով, և  իրանական հասարակության ներսում պահպանվում էր Իսրայելի և հրեաների հանդեպ հակակրանքը։

Հատկանշական է, որ Իսրայելի հետ հարաբերությունները թաքցնելու նպատակով Իրանի ներկայացուցիչների՝ Իսրայել կատարվող այցերը կազմակերպվում էին Թուրքիայի տարածքով՝ առանց անձնագրերում կնիք դնելու։ «Առանց ամուսնական պայմանագրի սիրային հարաբերությունների» ձևաչափը նյարդայնացնում էին Իսրայելին։

Այս ամբողջ ընթացքում շիա հոգևորականությունը ոչ միայն ընդդիմադիր էր շահական ղեկավարությանը, այլ նաև հասարակության ներսում բորբոքում էր հակաիսրայելական կրքեր: Դրա վառ օրինակներից է 1963 թվականի մարտին Իսլամական հեղափոխության ապագա առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի՝ Ղոմ քաղաքի միություններին գրած հետևյալ նամակը․

«Համաձայն իմ կրոնական պարտավորության ես սույնով զգուշացնում եմ Իրանի ժողովրդին և աշխարհի մուսուլմաններին, որ Սուրբ Ղուրանը և իսլամը վտանգի տակ են: Մեր երկրի անկախությունն ու նրա տնտեսությունը սիոնիստների կողմից բռնագրավվելու վտանգի տակ են։ Մուսուլմանների մահացու լռությամբ շատ չի ուշանա, որ նրանք [սիոնիստները] ոչնչացնեն մուսուլման ազգի գոյությունն իր բոլոր առումներով»: (թարգմանությունը՝ հեղինակի)

Ավելին՝ Խոմեյնիի քարոզներում նշում էր, որ «Իսրայելի անկախության ծրագիրը և դրա ճանաչումը աղետ էին մուսուլմանների համար և իսլամական կառավարությունների գործունեության տապալում», իսկ այդպիսի դեպքում «Երուսաղեմն ազատագրելու միակ ճանապարհը հավատքն է Ալլահին, անձնազոհությունը և զինված արշավը մինչև Իսրայելի լիակատար ոչնչացում»: (թարգմանությունը՝ հեղինակի)

Ի վերջո 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խզեցին Իսրայելի հետ բոլոր պաշտոնական հարաբերությունները, նույնիսկ չխանգարեցին Թեհրանում Իսրայելի ներկայացուցչության ոչնչացմանը։ Սկսվեցին հրեական համայնքի հալածանքները։ Ի վերջո դրա մի քանի ղեկավարներ մահապատժի ենթարկվեցին Իսրայելի հետ կապեր ունենալու, «Բարձրյալի թշնամիների» հետ համագործակցության և «Ալլահի դեմ պատերազմ մղելու» մեղադրանքով։ Արդյունքում գրեթե հարյուր հազարանոց համայնքից երկրում մնաց ընդամենը 30 հազարը։

Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունն չէր միջամտում պաղեստինյան հակամարտությանը,  քանի որ արդեն 1980 թվականի սեպտեմբերին Իրաքի հետ պատերազմի մեջ էր։ Պարադոսքը նրանում է, որ Իրանը՝ Իսրայելին համարելով թշնամի, վերջինից  ստանում էր ռազմական աջակցություն՝ միջնորդավորված Կիպրոսից․ տարբեր տվյալներով՝ 1980-ականների սկզբին Իսրայելը Իրանին մատակարարել է՝ 500  մլն դոլարից մինչև մոտ 2 միլիարդ դոլարի հասնող զենք։

Պրոքսի պատերազմները։  

Թեհրանը նոր դաշնակցական հարաբերություններ էր սկսել  հրեական պետության հետ թշնամի Սիրիայի Արաբական Հանրապետության հետ։ Սա նպաստեց, որ Լիբանանոմ տարածվի իրանական ազդեցությունը։

1982 թվականի ամռանը Իսրայելը «Պաղեստինի ազատագրության կազմակերպության» (ՊԱԿ) հենակետերը ոչնչացնելու պատճառաբանությամբ ներխուժեց Լիբանան։  Իրանը այստեղ մեծ ներդրում ունեցավ տեղի շիա բնակչության շրջանում իսրայելական բանակի դեմ դիմադրության կազմակերպման և ռազմականացված կազմավորումների ձևավորման գործում, որոնք հետագայում միավորվեցին «Հեզբոլլահ» կոչվող մեկ կառույցի մեջ։ Այս աջակցությունն ապահովելու համար Իրանը Սիրիայի տարածքով Լիբանան էր ուղարկել իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին: Սա արդեն հստակեցրեց, որ Իրանը ոչ անմիջական, սակայն իրեն ենթակա պրոքսի ուժերով այսուհետև պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։

Արդեն 1998 թվականին Իրանը աջակցեց նաև Գազայում գործող սունիական ՀԱՄԱՍ շարժմանը, որը եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության պաղեստինյան թևն էր։

Սեփական ազդեցությունը տարածաշրջանում ընդարձակելու Իրանի քաղաքականությունը ևս մեծ ակտիվություն ապրեց 2009-2016 թվականներին՝ Եմենում և Սիրիայում։  Այդ շրջանում սկսել էր ձևավորվել առաջին ռազմական համագործակցությունը՝ Իրանի և «Անսար Ալլահ» (կամ ինչպես առավել հայտնի է Հութիների) շարժման միջև։ Սիրիայի դեպքում՝ Թեհրանը մեծ աջակցություն ցուցաբերեց Բաշար ալ-Ասադի կառավարությանը՝ ընդդեմ նրա ընդդիմության և ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարում։ Հենց այս հանգամանքից օգտվելով էլ Թեհրանը սկսել էր ռազմական հենակետերի տեղակայումը դեռ 1967-ի «Վեցօրյա պատերազմի» հետևանքով Իսրայելի օկուպացրած սիրիական Գոլանի բարձունքների մոտ։

Իսրայելի և Իրանի հարաբերությունների թշնամական ընթացքը իր գագաթնակետին հասավ 2024 թվականին, երբ Իսրայելը իր սահմանների մոտ իրանական անմիջական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու համար որոշեց ոչ միայն դիմել Սիրիայի տարածքում գտնվող ենթակառուցվածքների ուղիղ թիրախավորմանը, այլ նաև հենց Իրանի տարածքում ոչնչացնել Թեհրանի դաշնակից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայել Հանիային: Արդեն Իսրայելի տարածքում տեղակայված ենթակառուցվածքներին իրանական պատասխան հրթիռային հարվածները ցույց տվեցին, որ միջնորդավորված պատերազմի մարտավարությունից երկրներն այլևս անցել են ուղիղ միմյանց թիրախավորելու քաղաքականությանը:

Սա հատկապես դրսևորվեց 2025 թվականին, երբ Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո Իսրայելի համար կարևոր էր դարձել իր ոչնչացմանը ձգտող Իրանի ռեժիմի վերացումը: Սրա համար լավագույն առիթ հանդիսացան Իրանում սկսված բողոքի ակցիաները, որի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս էր Իրանի գործող իշխանություններին տապալելու կոչերով դիմել իրանցի ժողովրդին: Սակայն իրադրությունը ծայրահեղ լարվեց, երբ ԱԷՄԳ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հայտարարեց Իրանում թույլատրելիից առավել բարձր հարստացված ուրանի առկայության մասին: Սա մի անգամից հիմք ստեղծեց որպեսզի ԱՄՆ-ն և Իսրայելը կասկածներ հայտնեն միջուկային զենք ստեղծելու ձգտումների մասին: Չնայած Թեհրանը բազմիցս հերքեց այս պնդումները, սակայն դրանք չկանխեցին հետագա ռազմական էսկալացիան, որը տևեց 12 օր և ավարտվեց ԱՄՆ-ի կողմից արդեն Նաթանզի, Ֆորդոի և Սպահանի միջուկային օբյեկտների ոչնչացմամբ: 

Չնայած հայտարարված հրադադարին, հակամարտության կողմերից որևէ մեկը այդպես էլ լուրջ զիջման կամ թշնամական հռետորաբանության մեղմացման չգնաց: Ընդհակառակը՝ Իրանից միջուկային ծրագրերը և հրթիռային կարողությունները սահմանափակելուն ուղղված «կապիտուլացիոն» բնույթի պահանջները Իսլամական Հանրապետության ղեկավարությանը այլ ելք չէին թողնում քան պատերազմի պատրաստվածության մասին հայտարարելը: Սա էլ ինքնին արդեն տարավ նրան, որ ԱՄՆ-ն և Իսրայելը նշված նպատակներին հասնելու, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար փետրվարի 28-ին սկսեցին լայնածավալ օդային ու հրթիռային հարձակումները, որի արդյունքում սպանվեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Վերջաբանի փոխարեն

Իրանա-իսրայելական հակամարտության պատմական ընթացքը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև թշնամանքը ոչ թե պատմականորեն անխուսափելի իրողություն էր, այլ աշխարհաքաղաքական շահերի, գաղափարախոսական հակասությունների և տարածաշրջանային ազդեցության համար պայքարի հետևանք։ 

Այս իրողությունները խոսում են այն մասին, որ հակամարտության հետագա ընթացքը կախված է ոչ միայն ռազմական ուժերի հարաբերակցությունից, այլև թշնամանքի ու ատելության հռետորաբանության վերացումից, միջուկային խնդրի կարգավորումից, անվտանգության փոխադարձ երաշխիքներից և տարածաշրջանային քաղաքական երկխոսության հնարավորություններից։

Leave a comment