Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ալիքի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածում Երեւանից, որտեղ խոսելով «պատմություն ստեղծելու» մասին, հայտարարում է, որ պետք է կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման վրա։ Ընդ որում, այդ խնդրի լուծումը նա համարում է Հայաստանի «հարատեւության անկյունաքար»։
Ի՞նչ է ստացվում։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման պայման է դիտարկում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը եւ դրանից Անկախության հռչակագրի հղման չեղարկումը։ Դա այլ բան չէ, քան Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հիմքի վերանայում, չեղարկում, ըստ էության՝ «զրոյական կետից» ձեւակերպում։ Ադրբեջանն այդպիսով փորձում է ազատվել մի հետագծից, որը նրա համար բավականին խնդրահարույց է, քանի որ Ադրբեջանն այդ պետության հետ՝ Իլհամ Ալիեւն այդ պետության ղեկավարների հետ բանակցել է Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար, միջազգային իրավունքի երեք սկզբունքների շրջանակում, որոնց շարքում թե ինքնորոշման իրավունքը, թե ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը։
Ըստ էության, Ադրբեջանն այդպիսով ոչ թե ապահովագրում է իրեն Հայաստանի հավակնություններից՝ Ալիեւը ամենից լավ գիտի, որ Սահմանադրությունն ու Հռչակագիրը որեւէ կերպ հավակնություն չեն Ադրբեջանի հանդեպ, այլապես Հայաստանն այդ փաստաթղթերով չէր կարող դառնալ ՄԱԿ եւ միջազգային այլ կառույցների անդամ, կամ Ադրբեջանը գոնե մեկ անգամ դժգոհած կլիներ այդ անդամության դեմ։ Ալիեւն ուզում է սկսել Հայաստանի իրավաքաղաքական պատմությունը «զրոյական կետից»։
Որեւէ պետության համար անկյունաքարային է իր ստեղծման հիմնարար փաստաթուղթը։ Դա մեծ հաշվով պետական տրամաբանության անկյունաքար է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության համար «անկյունաքար» է հռչակում այլ պետության հետ «խաղաղության համաձայնագիրը»։ Ընդ որում, «խաղաղության համաձայնագիր», որի տեքստը ամբողջապես կազմել է Ադրբեջանը եւ Հայաստանն ընդամենը տեւական պրոցեսի ընթացքում կետ առ կետ համաձայնել է այդ տեքստին։ Ավելին, Ադրբեջանն այն աստիճան թելադրող է եղել այդ պրոցեսում, որ անգամ մերժել է դրա ավարտի մասին հայտարարությունը Հայաստանի հետ համատեղ անելու Երեւանի առաջարկը։ Դա խոստովանեց Հայաստանի ԱԳՆ-ն։
Այդպիսով ստացվում է, որ հայտարարելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ դրա վավերացման վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին՝ դա դիտարկելով Հայաստանի «հարատեւության անկյունաքար», Նիկոլ Փաշինյանը փաստացի Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական սուբյեկտության «հիմք» է հռչակում ոչ թե Հայաստանի պետական փաստաթուղթը, այլ Ադրբեջանի կազմած բովանդակությամբ հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագիրը»։ Այդպիսով, եթե ներկայումս Հայաստանի ներքին գործին միջամտություն է Սահմանադրության փոփոխության պահանջը, ապա այն քաղաքական եւ իրավաքաղաքական նշանակությունը, որ «խաղաղության համաձայնագրին» տալիս է վարչապետ Փաշինյանը, Ադրբեջանին ըստ էության տալու է որպես պայմանագրի կողմերից մեկը՝ Հայաստանի ներքին գործերին մշտապես միջամտելու «քաղաքական իրավունք»։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: