Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբը հայտարարությամբ է հանդես եկել թուրքական լրատվամիջոցներում «Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավի», ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքների» վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և ադրբեջանական հասարակությանը պարտադրել օտար քաղաքական ու գաղափարական հայացքներ։
«Ադրբեջանի աշխարհիկ պետական կարգը և դավանանքի ազատությունը երաշխավորված են Սահմանադրությամբ։ Մեր երկրի կրթական քաղաքականությունը հիմնված է աշխարհիկության և բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ապահովման սկզբունքների վրա։ Կրթական հաստատություններում գործող կանոնները տարածվում են բոլոր քաղաքացիների վրա և ուղղված չեն որևէ կրոնի դեմ։ Այս հարցերի քաղաքականացումը, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրական կարգի և կրթական քաղաքականության դեմ անհիմն մեղադրանքների ներկայացումն անթույլատրելի են»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ «անընդունելի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ժողովրդի, նրա պատմության և ականավոր գործիչների հասցեին հնչեցվող վիրավորական ու զրպարտչական արտահայտությունները։ Նման հայտարարություններն արդարացի վրդովմունք են առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում»։
«Ցավով պետք է նշենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում նման իրավիճակները կանխելու համար։ Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև տեղի ունեցող սադրանքների, ինչպես նաև նման սադրիչ գործողություններ իրականացնելու կոչերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը մի շարք հարցեր է առաջացնում»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների բնույթը պահանջում է պահպանել քաղաքական պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։ Առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները չպետք է վնասեն երկու երկրների հարաբերություններին։
«Հույս ենք հայտնում, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները, պատասխանատու մոտեցում կցուցաբերեն այս նուրբ հարցերին, հարգանք կդրսևորեն Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի նկատմամբ և զերծ կմնան այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել երկկողմ կապերի վրա»,- ասվում է Մեջլիսի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունն էր հայտարարություն տարածել՝ դժգոհելով Թուրքիայի իշխանական շրջանակների քննադատություններից՝ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի