«Իմ նպատակն էր մեկ ժամ տասնհինգ րոպե շարունակ հանդիսատեսին պահել լարված, հումորային իրավիճակների մեջ՝ թույլ չտալով, որ նա կորցնի հետաքրքրությունը կամ հանգստանա»

Ինչպես սկսվեց Աովյանի դրամատիկական թատրոնի զարգացման նոր փուլը և ինչ ճանապարհ է անցել այն մինչ օրս. թատրոնի ձեռքբերումների, խնդիրների մասին Aravot.am-ին պատմում է «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության։

«Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» առաջին անգամ Աբովյանի դրամատիկական թատրոնում հանդիպեց իր հանդիսատեսին։

Ներկայացումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Առհասարակ, եթե փորձենք ամփոփել այս թատերաշրջանի սկիզբը, որ մենք խաղում ենք սեպտեմբերի 19-ից, ավելի քան մեկ ամիս է անցել, և եթե խոսենք հանդիսատեսի ակտիվության մասին, մենք արդեն իսկ ընդունել ենք չորս հազար հանդիսատես։ Սա մեր անգերազանցելի ցուցանիշն է։ Դեռ ընդամենը խաղացել ենք սեպտեմբերի 19-ից մինչև այսօր տասից ավելի ներկայացումներ և արդեն ունենք նման ցուցանիշ։ Սա շատ կարևոր և մեծ քայլ է մեզ համար, որովհետև նշանակում է, որ մարդիկ սիրում են այցելել թատրոն, գալիս են ներկայացում դիտելու, և սա ավելի կարևոր է դարձնում թատրոնի դերն ու նշանակությունը։

Սա նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում թատրոնի իրականացրած առաջին աշխատանքը չէ․ այս համագործակցության արդյունքում արդեն հինգերորդ աշխատանքն է։ Նախարարության այս նախաձեռնությունը կարևոր էներգետիկ և ռեսուրսային աջակցություն է ապահովում թատերական կազմակերպությունների համար, հատկապես այնպիսի թատրոնների, ինչպիսին Աբովյանի դրամատիկական թատրոնն է։

Աբովյանի դրամատիկական թատրոնը չունի մշտական ֆինանսավորման աղբյուր և իր ստեղծագործական ծրագրերի իրականացման համար հաճախ կախված է դրամաշնորհային հնարավորություններից։ Հետևաբար, նման ծրագրերը ոչ միայն հնարավորություն են տալիս կյանքի կոչել նոր բեմադրություններ, այլ նպաստում են թատրոնի շարունակական գործունեությանն ու զարգացմանը։

Աբովյանի դրամատիկական թատրոնի զարգացման նոր փուլը սկսվել է 2017 թվականի աշնանը, երբ «Էպսիդոն» թատերախումբը հրավիրվեց իր գործունեությունը շարունակելու Աբովյան քաղաքում։ Թիմը տեղափոխվեց այստեղ և շարունակեց ստեղծագործել՝ փորձելով նոր կյանք հաղորդել քաղաքի թատերական մշակույթին։

Սկզբնական շրջանում շատ դժվար էր, քանի որ գրեթե ոչինչ չկար՝ ո՛չ ֆինանսավորման հնարավորություններ, ո՛չ անհրաժեշտ անձնակազմ։ Ամեն ինչ սկսվեց զրոյից։

Առաջին տարիներին թատրոնը հիմնականում բեմադրում էր մանկական ներկայացումներ՝ հետապնդելով երկու կարևոր նպատակ։ Նախ՝ թատրոնն ավելի հասանելի դարձնել աբովյանցիների համար, բարձրացնել իրազեկվածությունը և մարդկանց վերադարձնել թատրոն։ Երկրորդ՝ փոքր տարիքից կրթել ու ձևավորել ապագա հանդիսատեսին։

Տարիների ընթացքում թատրոնն աստիճանաբար զարգացավ, իսկ 2020 թվականից սկսած՝ սկսեց ավելի ակտիվորեն հարստացնել իր խաղացանկը՝ ընդլայնելով ստեղծագործական շրջանակները։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ թատրոնը պատրաստ է դասական ստեղծագործություններ բեմադրելուն։ Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» հենց այդ ճանապարհի առաջին քայլերից մեկն է։

Մենք ընտրեցինք այս ստեղծագործությունը մի քանի պատճառով։ Նախ՝ մեր խաղացանկում ցանկանում էինք ունենալ դասական կատակերգություն։ Ինձ համար կարևոր էր, որ դա պարզապես հերթական նոր ներկայացումը չլիներ, այլ ունենար դասական հիմք, որի միջոցով կկարողանայինք խոսել հանդիսատեսի հետ՝ օգտագործելով թատերական այդ լեզուն։

Մյուս կողմից՝ ես՝ որպես ռեժիսոր, շատ եմ սիրում թատրոնում յուրահատուկ մթնոլորտ ստեղծել։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր ներկայացում ունենա իրեն բնորոշ, միայն իրեն հատուկ մթնոլորտը։ Կարծում եմ՝ եթե մի քանի ներկայացում դիտեք իրար հաջորդող օրերին, դժվար թե դրանցում կրկնվող մթնոլորտ գտնեք։ Յուրաքանչյուր աշխատանք իր աշխարհն ունի, և ինձ համար կարևոր է, որ այդ աշխարհը ծնվի բեմում ու փոխանցվի հանդիսատեսին։

Շատ ուրախ եմ, որ մեր թիմի հետ կարողացանք ստեղծել այն մթնոլորտը, որն ի սկզբանե պատկերացնում էի։ Այդ ճանապարհին մեծ ներդրում ունեցան մեր ստեղծագործական գործընկերները։ Հատկապես շնորհակալ եմ զգեստների նկարիչ Քնքուշ Մալխասյանին, որը կարողացավ իր աշխատանքով կյանքի կոչել իմ պատկերացումները, ինչպես նաև Անահիտ Մարոզյան-Ադլոյանին, որը հետաքրքիր լուծումներ առաջարկեց պլաստիկ տեսարանների համար։

Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց դերասանների։ Նրանք կարողացան գտնել այն խաղային վիճակն ու ռիթմը, որն անհրաժեշտ էր ներկայացմանը՝ արագ, դինամիկ, անընդհատ զարգացող, առանց թուլացման ու դադարների։

Իմ նպատակն էր մեկ ժամ տասնհինգ րոպե շարունակ հանդիսատեսին պահել լարված, հումորային իրավիճակների մեջ՝ թույլ չտալով, որ նա կորցնի հետաքրքրությունը կամ հանգստանա։ Ներկայացման տեմպառիթմը պետք է լիներ գրեթե անդադար։ Այդ առումով մենք ընդամենը երկու գիտակցված հանգստի պահ ունեինք՝ ներկայացման սկիզբն ու վերջաբանը՝ խոնարհման տեսարանը։ Մնացած ամբողջ ընթացքում պետք է պահպանվեր գործողությունների անընդհատ ընթացքն ու էներգիան։

Ուրախ եմ, որ դերասանները կարողացան ճիշտ ընկալել և իրականացնել այս խնդիրը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին՝ համատեղ աշխատանքի, վստահության և այն մթնոլորտը ստեղծելու համար, որն այսօր արդեն պատկանում է մեր «Երկու տիրոջ ծառային»։

Ցավոք, այս վերջին ինը տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվել լուծել թատրոնի մի շարք կարևոր տեխնիկական և տարածքային խնդիրներ։ Թատրոնը շարունակում է գործել 1980-ական թվականներին կառուցված շենքում, որի պայմանները, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց՝ սկսած հանդիսասրահից մինչև շենքի մյուս հատվածները։

Իհարկե, այս տարիների ընթացքում մենք հետևողականորեն փորձել ենք բարելավել պայմանները։ Մասնավորապես, նախորդ տարի Հովնանյան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչվելու շնորհիվ կարողացանք ձեռք բերել լուսային սարքավորումներ, ինչպես նաև բեմի տեխնիկական հնարավորությունները բարելավող այլ միջոցներ։ Մեր ուժերով նույնպես մի շարք փոքր վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել։ Բայց, ցավոք, այս ամենը բավարար չէ այն խնդիրները լուծելու համար, որոնք տարիներ շարունակ կուտակվել են։

Ինձ հատկապես ցավ է պատճառում այն հանգամանքը, որ այսքան ժամանակ անց էլ մեզ չի հաջողվում լուծել թատրոնի կարգավիճակի հարցը։ Ժամանակին թատրոնը համայնքային կազմակերպության կարգավիճակ է ունեցել, սակայն դրանից հետո շուրջ ինը տարի մենք պայքարել ենք այդ հարցը կրկին կարգավորելու համար։ Այսօր, անկեղծ ասած, արդեն գրեթե կորցրել ենք հավատը, որ մի օր հնարավոր կլինի հասնել այդ նպատակին։ Եվ ցավալի է, երբ տարիների ընթացքում մի երազանք, որի համար այդքան պայքարել ես, աստիճանաբար սկսում ես ինքդ քեզ համար անհասանելի համարել։

Միևնույն ժամանակ, կա մի բան, որն ինձ ուժ է տալիս շարունակելու աշխատանքը․ աբովյանցի հանդիսատեսը։ Նա սիրում է թատրոնը, սիրում է ներկայացումների գալ և բավականին խստապահանջ է։ Մեր մշտական հանդիսատեսի հետ տարիների ընթացքում արդեն ճանաչում ենք միմյանց, շփվում ենք, և այդ կապը շատ կարևոր է ինձ ու մեր ամբողջ թիմի համար։ Մենք տեսնում ենք, թե որքան մեծ է մարդկանց՝ թատրոնի, կենդանի արվեստի և մշակութային կյանքի կարիքը։

Աբովյանցի հանդիսատեսը արժանի է շատ ավելի լավ պայմաններում թատրոն այցելելու։ Եվ ես վստահ եմ, որ քաղաքն արժանի է ունենալու ժամանակակից, պատշաճ պայմաններով թատերական տարածք, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն ներկայացումներ խաղալ, այլև լիարժեք մշակութային կյանք ձևավորել։

Այսօր թատրոնը Աբովյան քաղաքի կարևոր մշակութային և ժամանցային կենտրոններից մեկն է։ Ես շատ կցանկանայի, որ մի օր վերջապես կարողանայինք լուծել այս խնդիրները, և մեր հանդիսատեսին ընդունեինք այնպիսի պայմաններում, որոնք կհամապատասխանեին թե՛ նրա սպասումներին, թե՛ այն աշխատանքին, որ մենք այսքան տարի կատարում ենք։

Որովհետև թատրոնը միայն բեմը չէ։ Այն նաև այն տարածքն է, որտեղ քաղաքը հանդիպում է արվեստին։

Իհարկե, թատրոնն այսօր դժվարությամբ կարող է մրցակցել ժամանցի այն բազմաթիվ ձևերի հետ, որոնք հասանելի են մարդկանց՝ համացանցի, հեռուստատեսության, կինոյի միջոցով։ Բայց ինձ համար կա մի շատ կարևոր գաղափար, որը, ցավոք, դեռևս ամբողջությամբ չենք կարողանում իրականացնել։

Ես կարծում եմ, որ եթե մենք դեռ մանկապարտեզային տարիքից երեխաների մեջ սերմանենք կենդանի արվեստի հետ հաղորդակցվելու սովորույթը, ապա ապագայում կունենանք շատ ավելի լայն մշակութային ընկալում ունեցող հասարակություն և թատրոնի հավատարիմ հանդիսատես։

Չէ՞ որ ապագա հանդիսատեսի ձևավորումը սկսվում է հենց վաղ մանկությունից։ Երեխան տանը պարբերաբար դիտում է մուլտֆիլմեր, մանկական ֆիլմեր, և դրանք աստիճանաբար դառնում են նրա ժամանցի բնական մասը։ Երբ գալիս է ընտրություն կատարելու պահը՝ գնալ թատրոն, թե դիտել ֆիլմ կամ մուլտֆիլմ, բնական է, որ երեխան հաճախ նախընտրում է այն, ինչին սովոր է մանկուց։

Իսկ եթե մենք կարողանանք ձևավորել մի համակարգ, որի շնորհիվ երեխաները, մուլտֆիլմեր դիտելու հետ մեկտեղ, դեռ մանկապարտեզային տարիքից պարբերաբար այցելեն թատրոններ և դիտեն ներկայացումներ, ապա ժամանակի ընթացքում կունենանք արվեստին ավելի մոտ, մշակութային առումով ավելի զարգացած հասարակություն։

Այս առումով կարևոր օրինակ է ԿԳՄՍ նախարարության կողմից տարիներ առաջ ներդրված բաժանորդային ծրագիրը, որն էապես նպաստել է թատրոնների հանդիսատեսի հոսքի ավելացմանը և դպրոցահասակ երեխաներին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։ Կարծում եմ՝ արժեր մտածել նաև նմանատիպ ծրագրի մասին, որը կընդգրկեր մանկապարտեզային տարիքի երեխաներին։ Այդպիսով մենք կսկսեինք ապագա հանդիսատեսի ձևավորումն ավելի վաղ տարիքից։

Ի վերջո, այսօր մենք ունենք հասարակության կրթության և մշակութային դաստիարակության կարևոր խնդիր։ Եթե մենք այդ դաշտը թողնենք ինքնահոսի և չձևավորենք հստակ մշակութային քաղաքականություն, ապա հասարակության ճաշակն ու արժեքային համակարգը կձևավորվեն պատահական ազդեցությունների ներքո։

Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ դիրքորոշում և հետևողականորեն աշխատենք այդ ուղղությամբ։ Որովհետև հասարակության զարգացումը միայն կրթական ծրագրերով կամ գիտելիք փոխանցելով չի սահմանափակվում։ Այն նաև մշակութային դաստիարակության, արվեստի հետ շփման և ճաշակի ձևավորման արդյունք է։

Եթե ուզում ենք վաղվա կրթված ու մշակութային հասարակությունը, ապա պետք է այսօր մտածենք այն երեխայի մասին, որը դեռ մանկապարտեզում է»։

Սամվել Դանիելյան

Լուսանկարները՝ թատրոնի ֆեյսբուքյան էջից, «Երկու տիրոջ ծառան» ներկայացումից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment