«12 և 20 բառերն անգլերենից սխալ թարգմանած կառավարությունն ասում է՝ ՄԱԿ-ի ստանդարտներ»․ Լենա Մաթևոսյան

«Մենք ողջունում ենք COP 17-ի անցկացումը, ընդունում, որ այն բավականին հեղինակավոր միջոցառում է, և պատիվ է բերում ՀՀ-ում անցկացնելու փաստը։ Բայց մենք դեմ ենք, որ դրա կազմակերպման ու անցկացման շղարշի ներքո տեղի ունենա կոռուպցիոն ռիսկեր պարունակող բյուջետային միջոցների վատնում։ Այս նպատակով են մեր կողմից իրականացվել ուսումնասիրություններ և բացահայտվել խնդրահարույց գումարների վատնման դեպքեր»,- ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրել էին, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում COP-17-ի իրականացման համար կնքված պայմանագրերը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց․ «Պայմանագրերից մեկով հատուկ փաթեթավորման համար համարյա 25 հազար դրամ էր հատկացված։ Այդ ի՞նչ ենք փաթեթավորելու ու ինչով, որ միավորի արժեքն արժի 25 հազար դրամ։ Եվ 19 միլիոն էլ այս պայմանագրով նախատեսված է չնախատեսված ծախսերի համար․ ի՞նչ է, որ 19,000 հատ բեյջի թել դատարկելու համար բանվո՞ր վարձեն»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը նշեց․ «Ինչքան լավ կլիներ խնայել գովազդային արշավի կամ բեյջի համար գումարները ու այդ խնայված գումարով ամրացնել Շաքիի սահմանը, որ ինչ-որ ադրբեջանցի չկարողանա սահմանն անցնել, մտնել հայի տուն։ Կուզեի, որ այդ գումարները հիմնավոր ծախսվեին»։

Փաստմանը՝ կառավարության ներկայացուցիչն ի պատասխան իր այն պնդումների, թե գնումները մեկ անձից են կատարվել, պատասխանեց, որ կապալառուների հետ բոլոր պայմանագրերը կառավարության որոշմամբ են, Լենա Մաթևոսյանն արձագանքեց․ «Ոչ մի տեղ նախաորակավորման մրցույթը, տեխնիկական առաջադրանքը չկարողացանք գտնել, իրենք մի շարք ծառայությունների պայմանագրեր կնքել են մեկ անձից ու գիտեք՝ մի կազմակերպության հետ, որն ամենաաղմկահարույց ձախողված միջոցառման կազմակերպիչն էր․ Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչն էր։ Ինձ շատ հետաքրքիր է, թե իրենք ո՞նց են կարողանում ասել, որ նախաորակավորման մրցույթ են անցկացրել։ Ասեք, թե ո՞ր մրցակցային արժեքի համար էր այդ կազմակերպությունը հաղթել։ 12-րդ և 20-րդ բառերն անգլերենից սխալ թարգմանած կառավարությունն ասում է՝ ՄԱԿ-ի ստանդարտներ։ Նույնիսկ աթոռ ու բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրեն։ Խորհուրդ կտայի մի լավ անգլերենի թարգմանիչ գտնեն, ՄԱԿ-ի ստանդարտները ճիշտ հասկանան, հետո հղում տան ՄԱԿ-ի ստանդարտներին»։

Լիանա Մանուկյանն էլ ՄԱԿ-ի ստանդարտներին հղում տալով արդարացող կառավարության և իշխող կուսակցության անդամներին ի պատասխան ասաց․ «Բեյջի թելի՝ ՄԱԿ-ի ստանդարտը ո՞րն է։ Պայմանագրերում ինչո՞ւ են բնութագրիչները բացակայում, որ տեսնենք՝ ի՞նչ է՝ ոսկուց թերմոսնե՞ր է պատվիրել ՄԱԿ-ը։ Եթե դա լիներ, այս հարցերը չէին առաջանա»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment