«Լավ տեղեկացված չեք՝ պայթյունի վայրում սպանդ էր, զինվորական պահեստը լուցկիներով պայթեցնելը հեշտ չէր, զոհերին կարգավիճակ պետք է տաք»

Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով ամուսնուն կորցրած Ալյոնա Գրիգորյանը բարձրաձայնեց պայթյունի հետեւանքով զոհերի ու անհետ կորածների ընտանիքների կարգավիճակի հարցը։

«Երեք տարի արդեն անցել է պայթյունից, բայց, ցավոք սրտի, կառավարության կողմից ոչ մի որոշում չի ընդունվել այդ զոհերի ու անհետ կորածների վերաբերյալ, ինչը ցավ պատճառելու չափ վիրավորական է։ Չգիտես ինչու՝ այդ 219 զոհված եւ 22 անհետ կորած մարդկանց ու նրանց ընտանիքների մասին ոչ ոք չի խոսում։ Մենք մեր միջոցներով տասնյակ նամակներ ենք հղել տարբեր պատկան մարմինների, հիմնականում անպատասխան են եղել մեր նամակները կամ ասել են՝ հարցը քննարկման մեջ է։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս ընտանիքները ծայրահեղ ծանր վիճակի մեջ են գտնվում»,- ասաց նա։

Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն ասաց․ «Բոլոր այն քաղաքացիները, որոնք օրենքով ստացել են զոհվածի կարգավիճակ, ստանում են կերակրողին կորցնողի նպաստ։ Անհայտ կորածների մասով ունենք խնդիր, որոնք պետք է իրավական կարգավիճակ ստանան, որպեսզի նորից ստանան կերակրողին կորցնելու նպաստ։ Այս հարցը բազմիցս քննարկվել է, ես լավ չեմ հասկանում, երբ դուք ասում եք՝ անտեսված ենք կամ կարգավիճակ չունենք։ Կոնկրետ պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներից շատերը ստանում են կերակրողին կորցնելու նպաստ, կարող եմ նույնիսկ թվերն ասել։ Որոշ քաղաքացիներ չեն ստանում, որոնց ընտանիքի անդամները համարվում են անհետ կորած, եւ իրենք իրավական կարգավիճակով չեն հաստատում իրենց հարազատի կարգավիճակը։ Եթե դա էլ հաստատվի, նրանք էլ կստանան կերակրողին ստանալու նպաստները»։

«Այսինքն՝ ստացվում է այնպես, որ պայթյունի հետեւանքով զոհված այս ընտանիքները ոչ մի կարգավիճակ չեն ստանալո՞ւ։ Այսինքն՝ ինչ գործում է կերակրողին կորցրածի համար, նույնն էլ գործում է այս ընտանիքների համար։ Կա Վերաքննիչ դատարանի որոշում, որ պայթյունը համարվել է ռազմական գործողությունների հետեւանք։ Պայթյունը տեղի է ունեցել Պաշպանության բանակի ենթակայության տակ գտնվող զորամասում, որը գտնվում է ՀՀ ՊՆ-ի բալանսի տակ։ Այս հանգամանքները հիմք չեն, որպեսզի այս մարդկանց համար հատուկ կարգավիճակ սահմանվի»,- հարցադրումը շարունակեց Ալյոնա Գրիգորյանը։

Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ եթե զոհերի թվում զինվորականներ կան, նրանց դեպքում այլ մոտեցում է եղել, նրանք այլ փոխհատուցում են ստացել։

«Ես ճի՞շտ եմ հասկանում ձեր ակնկալիքը, որ տվյալ խմբի անձանց կարգավիճակը հավասարվի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների կարգավիճակին»,- հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Արցախցիներին ասացին, որ, այո, դա է իրենց պահանջը։

Քննարկմանը մասնակցող կառավարության ներկայացուցիչներից մեկը նշեց, որ հարցի վերջնական լուծումը Պաշտպանության նախարարության տիրույթում է։

Քննարկմանը մասնակցող արցախցիներից մեկն էլ, որը պայթյունի վայրում է եղել, ասաց, որ գուցե Հայաստանի կառավարության ներկայացուցիչները լավ տեղեկացված չեն, բայց պայթյունի վայրում տեղի է ունեցել սպանդ։

«Մենք հիմա չենք խոսում պատճառների մասին, որովհետեւ իմացող մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում զինվորական պահեստ։ Ինքը բավականաչափ ապահովված է պայթյուններից, իրեն պայթեցնելը այդպես հեշտ գործ չէ, որ լուցկիներով պայթեցնեն։ Հաշվի առնելով, որ մենք այդ ամենին ականատես ու տեղեկացված են եղել, այս պահին մեր ակնկալիքը մեկն է, որ այդ զոհվածներին կարգավիճակ տան, որ իրենք եղել են պատերազմի հետեւանքով զոհվածներ»,- ասաց արցախցին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment