«Քննարկումը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների վերաբերյալ էր, և հրավիրված էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում անդրադառնում էր, բնականաբար, այն խնդիրներին, որոնք բարձրացնում էին տեղահանված մեր հայրենակիցները։ Այն հարցադրումները, որոնք բարձրացվել են մեր լիազորություններին առնչվող հատվածում, վերաբերում են քաղաքացիության ստացման գործընթացներին։
Մենք տեղեկացրել ենք, որ արդեն ունենք 50 հազարից ավելի, նույնիսկ՝ 53 հազարից ավելի դիմում՝ քաղաքացիություն ձեռք բերելու մասով, և 45 հազարից ավելի Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներ արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մենք հնարավորինս պարզեցնում ենք այն գործընթացները, այն վարչարարական գործընթացները, որոնցով անցնում են մեր հայրենակիցները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության կազմակերպած քննարկմանը։
«Մի թեմա ևս արծարծվեց․ դա փաստի հաստատման ինստիտուտի հետ կապված հարցն է, որովհետև, ինչպես տեղյակ եք, տեղահանված մեր հայրենակիցներից շատերի մոտ խնդիր կա, օրինակ՝ ծննդականների հետ կապված։ Փաստի հաստատման ինստիտուտի մասով Արդարադատության նախարարության մեր գործընկերները նախաձեռնել են նաև օրենսդրական նախաձեռնություն՝ տուրքերից ազատման մասով։ Բացի դրանից, կիրառվում է նոտարական մեխանիզմը, որն ավելի պարզեցված մեխանիզմ է՝ դատական մեխանիզմին չհասնելու նպատակով։ Սրանք էին հիմնական հարցադրումները, որոնք վերաբերում էին փաստաթղթային խնդիրներին։
Գիտեք՝ առանց ծննդյան վկայականի քաղաքացիության շնորհման գործընթաց չի կարող լինել, և դա տրամաբանորեն կառուցակարգված է քաղաքացիության մասին մեր օրենսդրությամբ։ Ուստի քննարկում ենք և լուծումներ ենք փնտրում, թե ինչպես կարող ենք դա պարզեցնել։ Հիմա Արդարադատության նախարարության գործընկերներն առաջարկում են այդ նոտարական մեխանիզմը, որն արդեն իսկ սկսել է կիրառվել։ Ուղղակի նաև բարելավում են նախատեսում՝ տուրքերից ազատման մասով։ Կարծում ենք՝ դա ևս կնպաստի մեր հայրենակիցների համար որոշակի բեռի թեթևացմանը»,- ասաց նախարարի տեղակալը։
Դիտարկմանը, թե արցախցիները նշում են, որ հաճախ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է, նա այսպես արձագանքեց. «Դա արդեն կարգավորվում է։ Քաղաքացիության մասին օրենքը նախատեսում է, որ վարույթի մեկնարկից ի վեր այդ ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը։ Եթե մենք ունենում ենք նմանատիպ ժամկետների խախտումներ, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ խախտումները եզակի են։ Իրականում այն թյուրըմբռնումը, որ կար, այն էր, որ մեր հայրենակիցները մտածում են, թե վարույթը մեկնարկում է այն ժամանակ, երբ իրենք սկսում են փաստաթղթեր հավաքել։ Բայց դա փաստաթղթերի հավաքման փուլը չէ։ Այն պահին, երբ նրանք ներկայանում են վարչական մարմին, և տեղի է ունենում փաստաթղթերի իսկության ստուգում, այդ կետից է մեկնարկում վարույթը։ Այսինքն՝ 90 աշխատանքային օրը սկսում է հաշվարկվել այդ կետից։
Մինչ այդ փաստաթղթերի հավաքման, փաստի հաստատման փուլն է։ Արդարադատության նախարարության գործընկերների առաջարկած լուծումներն ուղղված են այդ փուլը նրանց համար դյուրացնելուն։ Դա ֆորմալացված փուլ չէ․ մարդը փաստաթղթերի պակաս ունի, հավաքում է, որպեսզի կարողանա դիմել քաղաքացիություն ձեռք բերելու համար։ Կարճ ասած՝ պետք է հեշտացնենք նրանց քաղաքացիություն ստանալը։ Արդեն իսկ բոլոր հնարավոր պարզեցումները, որոնք կարող էին իրականացվել, այդ թվում՝ թվային գործիքակազմերի կիրառմամբ, ներդրված են։ Փաստի հաստատման հետ կապված՝ նոտարական եղանակով փաստի հաստատումը ևս արդեն սկսվել է։ Մենք ունենք դեպքեր, երբ մարդիկ գնում են, ծննդյան փաստը հաստատում նոտարի մոտ և գալիս։ Ուղղակի այստեղ նաև իրազեկման հարց կա։ Հիմա շատ լավ է, որ դուք այսպես հարցադրումն անում եք, ես էլ պատասխանում եմ՝ այս պրակտիկան հնարավորինս ավելի լայն իրազեկելու համատեքստում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որ գործում է այսպիսի ինստիտուտ։
Ըստ էության, հիմնական բոլոր կառուցակարգերը ներդրված են։ Միակ խնդիրը նաև այդ տուրքից ազատման հետ կապված հարցն է։ Դա էլ առաջիկայում կընդունվի։ Մնում է, որ մարդիկ առավել լայն իրազեկված լինեն և այս պրակտիկաները կիրառեն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: