«ՔՊ-ն հայտարարեց, ու հանդիպում է տեղի ունենում արցախցիների հետ, և այս պարագայում մենք չենք մասնակցելու, չնայած ցանկություն ունեինք մասնակցելու քննարկմանը, որովհետև հարցը բոլորիս է հուզում, և ցանկությունն է մեկ օր առաջ կարողանանք շատ ծայրահեղ վիճակում գտնվող արցախցիների հարցին լուծում տալ»,- ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
«Մենք տեսնում ենք, թե այս 3 տարիների ընթացքում ինչ ծրագրեր են իրականացվում, որոնք որևէ արդյունք չեն տալիս, և ամեն օր մենք սոցցանցերում տեսնում ենք, թե մեր շրջապատում մարդիկ ինչպես են բողոքում ծրագրի անարդյունավետությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցել ծրագրերի մշակմանը: Մենք հանրային և ոչ հանրային հանդիպումներ ենք նաև ունենում արցախցիների հետ, այնպես չէ, որ սա միակ հնարավորությունն էր մեզ մոտ, բայց փաստն արձանագրենք, որ ՔՊ-ն ցանկություն չհայտնեց համատեղ հարցի քննարկման վերաբերյալ»,- հավելեց նա:
Արեգա Հովսեփյանը շեշտեց, որ այս պահին արցախցիների ամենաառաջնային խնդիրը բնակարանային խնդիրն է, որովհետև արցախցիների մեծ մասը ստիպված է ապրել վարձով, մի մասը չի էլ կարող վարձով ապրել՝ հնարավորություններից ելնելով, իսկ կառավարության բնակարանային ծրագիրը չի համապատասխանում իրականությանը, ընդ որում՝ խոսքը միայն սերտիֆիկատի գումարի մասին չէ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: