Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր Երևանի ավագանու նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է հանրային տրանսպորտից օգտվող հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձանց ուղեվարձը ևս դարձնել անվճար։
Արձագանքելով նախագծին՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է այս արտոնությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հայտնվել զեկուցվող հարցերի շարքում, բայց մնացած 25 հարցերը, որոնք վերաբերում են տասնյակ միլիոնավոր դոլարների շարժին ու շինթույլտվություններին, դառնում են չզեկուցվող։ Մինչև Տիգրան Ավինյանի քաղաքապետ լինելը նման պրակտիկա չկար նույնիսկ նախկին կոռումպացված քաղաքապետերի օրոք։ Ինչպե՞ս եք որոշում՝ որ հարցը լինի զեկուցվող, որը՝ ոչ։ Թե՞ մեզ էշի տեղ եք դրել, բերում եք այստեղ, որ ոչ մի հարց չքննարկենք, գնանք տուն, թե՞ քաղաքապետարանը տանում եք ավտորիտարիզմի»։
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հարցերը զեկուցվող կամ չզեկուցվող դարձնելու որոշումները կայացվում են՝ ելնելով հանրությանը իրազեկելու անհրաժեշտությունից։
Սակայն Գրիգորյանի պատասխանը Զարուկյանին չհամոզեց։
«Դուք, ուրեմն, զրկում եք ընդդիմությանը իր աշխատանքից, հնարավորություն չեք տալիս հարցեր տանք, քննարկենք։ Երեկ գիշեր գնացել եք, մարդկանց կրպակներն եք քանդում, որոնք վկայական ունեն։ Այս հարցը կարող ենք քննարկել, բայց զրկված ենք։ Հետաքրքիր է, որ Տիգրան Ավինյանն այսօր այստեղ չէ։ Նա նախկինում պարեկ է եղել ԱՆԻՖ-ում, որտեղ կասկածելի կոռուպցիոն գործարքներ կան։ Նույնը այստեղ է՝ կասկածելի կոռուպցիոն գործարքներ կան, ու չենք կարողանում դրանց մասին հարցեր տալ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: