Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել հունիսյան ընտրություններին ընդառաջ օտարերկրյա միջամտությանը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Լյուքսեմբուրգում՝ ամփոփելով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Մենք ապատեղեկատվության դեմ պայքարի մեր վերապատրաստման ծրագրերն ընդլայնել ենք՝ ընդգրկելով 65 երկիր։ Արգելափակել ենք Աֆրիկայում ռուս վարձկանների հավաքագրման ցանցի հետ կապված տասնյակ կայքեր և հարյուրավոր գովազդներ, ինչպես նաև հաջողությամբ օգնել ենք Հայաստանին՝ դիմակայել օտարերկրյա միջամտությանը հունիսյան ընտրություններին ընդառաջ»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Կալասի ներկայացմամբ՝ հետագա գործողությունների շրջանակում առաջարկվել է պատժամիջոցների ցուցակը համալրել ևս 100 նոր ընդգրկմամբ։ Նախատեսվող սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի կողմից իրականացվող օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության՝ FIMI-ի ենթակառուցվածքների դեմ։
«Նաև կդիտարկենք ավելի սերտ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, որոնց հետ ունենք անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերություններ»,- ասել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոսել է նաև Վրաստանում իրավիճակի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակական վատթարացման վրա։
«Ավելի ու ավելի շատ ընդդիմադիր կուսակցություններ են կանգնում գործունեության արգելքի վտանգի առջև, իսկ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը խեղդում է քաղաքացիական հասարակությանը։ Վրաց ժողովուրդն ուզում է եվրոպական ապագա, սակայն «Վրացական երազանք» կուսակցությունն այն հետևողականորեն խլում է նրանից։ Մեր ներկայիս մոտեցումը բավարար ճնշում չի ստեղծում փոփոխության հասնելու համար և թույլ չի տալիս մեզ լիարժեք հետամուտ լինել Եվրոպայի ռազմավարական շահերին։ Այս թեմային կվերադառնանք հունվարին»,- հայտարարել է նա։
Կալասը նաև հիշեցրել է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների ցանկում շուրջ 1600 նոր ընդգրկումների։ Դրանց կեսից ավելին առնչվում է բալիստիկ հրթիռների արտադրության ամբողջ շղթային՝ նպատակ ունենալով սահմանափակել այդ ոլորտի հնարավորությունները։
«Հստակ է, որ այս պահին պետք է ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, ոչ թե ազդակներ ուղարկենք, թե ինչ-որ կերպ թուլացնում ենք այն։ Նրանք իրականում ավելի շատ քաղաքացիական անձանց են սպանում, քան երբևէ։ Նրանք իսկապես սրում են իրավիճակը տեղում։ Ահա թե ինչու հիմա զիջումների ժամանակը չէ։ Հիմա ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»,- ասել է նա։
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը միաժամանակ հստակեցրել է, որ պատժամիջոցների ցուցակում նոր ընդգրկումների հաստատումը չի դիտարկվում որպես Ռուսաստանի դեմ նախատեսվող սահմանափակումների 22-րդ փաթեթի այլընտրանք։ Նրա փոխանցմամբ՝ այդ փաթեթի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։