Ուղեղների արտահոսքը Հայաստանի գիտության ամենամեծ սպառնալիքներից է. «Փաստ»

Ժամանակակից տնտեսությունների մրցունակությունը հիմնված է գիտելիքի վրա՝ ինժեներական լուծումների, արհեստական բանականության, կիսահաղորդչային տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, դեղագործության, ռազմական տեխնոլոգիաների, էներգետիկ համակարգերի, նյութագիտության, տվյալագիտության, գյուղատնտեսական նորարարությունների և կառավարման գիտությունների վրա։ Եթե Հայաստանը ցանկանում է ունենալ կայուն և ինքնուրույն տնտեսություն, ապա պետք է էական ներդրումներ անի ոչ միայն պատրաստի տեխնոլոգիաների ներմուծման, այլ նաև սեփական գիտական և ինժեներական կարողությունների ստեղծման մեջ։ Հակառակ դեպքում երկիրը կմնա սպառող, ոչ թե ստեղծող․ կգնի ուրիշների տեխնոլոգիաները, կախված կլինի ուրիշների գիտելիքից, կարտահանի մարդկային կապիտալը և կներմուծի պատրաստի լուծումներ։ Սա փոքր պետության համար վտանգավոր մոդել է, որովհետև արտաքին կախվածությունը միայն էներգետիկ կամ ռազմական չէ, այլ նաև գիտելիքային։

Գիտությունը պաշտպանունակության հիմքն է։ Վերջին տարիների պատերազմները ցույց են տվել, որ ռազմական առավելությունը ավելի ու ավելի շատ կախված է տեխնոլոգիայից, տվյալների մշակումից, անօդաչու համակարգերից, սենսորներից, կապի անվտանգությունից, արհեստական բանականության կիրառությունից, էլեկտրոնային պայքարից, նյութերի որակից, տեղորոշման համակարգերից, կիբեռանվտանգությունից և արագ ինժեներական մտածողությունից։ Եթե պետությունը չունի ուժեղ գիտական և տեխնոլոգիական բազա, ապա նույնիսկ մեծ ռազմական ծախսերը կարող են արդյունավետ չլինել, որովհետև բանակը դառնում է արտաքին մատակարարների արտադրանքի սպառող։ Իսկ եթե գիտական միջավայրը կապվում է պաշտպանական արդյունաբերության, համալսարանների, ստարտափների և պետական պատվերների հետ, ապա հնարավոր է ստեղծել տեղական լուծումներ, արագ արձագանքել մարտահրավերներին և կառուցել ինքնուրույն կարողություններ։

Այստեղ գիտության ֆինանսավորման կրճատումը ուղիղ հակասության մեջ է մտնում անվտանգության մասին խոսքերի հետ։ Անվտանգությունը միայն դիրքերում կանգնած զինվորը չէ։ Անվտանգությունը նաև այն գիտնականն է, որը մշակում է նոր նյութ, այն ինժեները, որը ստեղծում է կառավարման համակարգ, այն մաթեմատիկոսը, որը գրում է ալգորիթմ, այն պատմաբանը, որը ձևակերպում է իրավական փաստարկ, այն սոցիոլոգը, որը վերլուծում է հասարակության դիմադրողականությունը, այն լեզվաբանը, որը պահպանում է լեզվական ինքնությունը, այն բժիշկը, որը զարգացնում է կենսաբժշկական հետազոտությունը։ Պետությունը, որը չի տեսնում այս կապերը, անվտանգության մասին ունի մակերեսային պատկերացում։

Գիտության նկատմամբ ուշադրության պակասը խոր կապ ունի նաև իշխանության և քննադատական մտքի հարաբերության հետ։ Գիտությունը իր բնույթով հարց տվող, կասկածող, ստուգող, ապացույց պահանջող և սխալը բացահայտող գործունեություն է։ Գիտական մտածողությունը հակված է չընդունել պատրաստի քաղաքական ձևակերպումները, չհավատալ քարոզչական պարզեցումներին, պահանջել տվյալներ, մեթոդաբանություն, հաշվետվողականություն և պատճառահետևանքային վերլուծություն։ Այդ պատճառով քաղաքական իշխանությունների համար զարգացած գիտական միջավայրը երբեմն ընկալվում է ոչ թե որպես պետության ուժ, այլ որպես անհարմարություն։ Քննադատող գիտնականը կարող է հարցնել՝ արդյո՞ք կրթական բարեփոխումն արդյունավետ է, արդյո՞ք տնտեսական քաղաքականությունը հիմնված է տվյալների վրա, արդյո՞ք անվտանգային որոշումները համապատասխան վերլուծություն են ունեցել, արդյո՞ք հանրային միջոցները ծախսվում են արդյունավետ, արդյո՞ք պաշտոնական վիճակագրությունը ճիշտ է մեկնաբանվում։

Եթե իշխանությունը չունի բավարար ինքնավստահություն և ինստիտուցիոնալ մշակույթ, այն կարող է նախընտրել ոչ թե ուժեղ, այլ հնազանդ գիտությունը՝ այնպիսի գիտական միջավայրը, որը շատ հարցեր չի տալիս, քաղաքական որոշումների հիմքերը չի վիճարկում, չի պահանջում որակյալ քննարկում և բավարարվում է նվազագույն գոյատևմամբ։ Սա վտանգավոր է, որովհետև գիտության խեղճացումը վերջնականապես խեղճացնում է նաև պետությունը։ Հնազանդ գիտությունը չի կարող ստեղծել համարձակ գաղափարներ, չի կարող ձևավորել նոր տեխնոլոգիաներ, չի կարող պաշտպանել ազգային շահը, չի կարող կրթել ազատ քաղաքացիներ։

Այս համատեքստում հատկապես սուր է գիտնականի սոցիալական կարգավիճակի հարցը։ Հայաստանում տարիներ շարունակ գիտաշխատողների, դասախոսների, հետազոտողների և ակադեմիական ինստիտուտների աշխատակիցների վարձատրությունը եղել է այնպիսի մակարդակի, որը մեծամասամբ չի համապատասխանում նրանց կրթության, փորձի, միջազգային աշխատանքի և մտավոր ներդրման արժեքին։

Մարդը, որ տասնամյակներ սովորել է, պաշտպանել գիտական աստիճան, ստեղծել գիտական արդյունք, պատրաստել ուսանողներ, մասնակցել միջազգային համագործակցության, հաճախ ստիպված է գոյատևել համեստ աշխատավարձով՝ միաժամանակ լսելով, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվում են սրընթաց, վարչական ապարատը մեծ ծախսեր ունի, իսկ բազմաթիվ պաշտոնյաներ չունեն այն մասնագիտական պատրաստվածությունը, որը պահանջվում է իրենց ոլորտի բարդությունը հասկանալու համար։

Այս հակադրությունը ոչ միայն նյութական, այլև բարոյական խնդիր է։ Երբ պետությունը բարձր է վճարում պաշտոնյային, որը կարող է չունենալ խոր մասնագիտական կրթություն կամ պետական կառավարման լուրջ փորձ, բայց խնայողություն է անում գիտնականի վրա, որն իր կյանքը նվիրել է գիտելիքի ստեղծմանը, այն հասարակությանը փոխանցում է արժեքային ազդակ՝ իշխանությունը կարևոր է, գիտելիքը՝ երկրորդական։ Այդպիսի ազդակը քայքայում է կրթության և գիտության հեղինակությունը։ Երիտասարդը տեսնում է, որ շատ սովորելը, գիտությամբ զբաղվելը, բարդ հետազոտություն կատարելը չի ապահովում արժանապատիվ կյանք, մինչդեռ քաղաքական հնարավորությունները, վարչական դիրքը կամ հանրային, առավել ևս՝ քաղաքական կապերը կարող են շատ ավելի արագ սոցիալական առաջընթաց ապահովել։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի միջակության խրախուսում և տաղանդների արտահոսք։

Ուղեղների արտահոսքը Հայաստանի գիտության ամենամեծ սպառնալիքներից է։ Երբ երիտասարդ գիտնականը Հայաստանում չի տեսնում կայուն ֆինանսավորում, արդար մրցույթ, ժամանակակից լաբորատորիա, արժանապատիվ աշխատավարձ, գիտական անկախություն և ապագայի կանխատեսելիություն, նա սկսում է որոնել հնարավորություն արտասահմանում։ Եվ հաճախ գնում է ոչ թե այն պատճառով, որ չի սիրում իր երկիրը, այլ որովհետև պետությունը չի ստեղծում պայմաններ, որ նա մնա և աշխատի։ Ուղեղների արտահոսքը միայն մարդկանց ֆիզիկական հեռանալը չէ, այն նաև գիտական դպրոցների գործունեության խզումն է, ուսանողների մենթորների կորուստը, լաբորատոր նախագծերի դադարեցումը, ինստիտուտների ծերացումը, միջազգային կապերի թուլացումը և մտավոր ինքնավստահության անկումը։

Մեկ լավ գիտնականի պատրաստումը տևում է տարիներ, երբեմն տասնամյակներ, իսկ նրա հեռացումը կարող է տեղի ունենալ մեկ որոշմամբ, մեկ չստացված դրամաշնորհով, մեկ նվաստացուցիչ աշխատավարձով կամ մեկ անարդար մրցույթով։ Պետության համար ամենաթանկ կորուստներից մեկը հենց սա է, որովհետև շենքերը կարելի է նորոգել, սարքավորումները կարելի է գնել, բայց գիտական դպրոցը, վստահությունը, փորձը և սերունդների կապը շատ ավելի դժվար է վերականգնել։

Գիտության ոլորտի ներսում նույնպես կան խնդիրներ, և դրանք պետք է ազնվորեն ընդունել։ Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել միայն պետության վրա և չտեսնել, որ որոշ ինստիտուտներում կան իներտություն, ձևականություն, սերնդափոխության դժվարություններ, փակ խմբային հարաբերություններ, միջակության պաշտպանություն, թույլ միջազգայնացում, երիտասարդների նկատմամբ անարդար վերաբերմունք, անարդյունավետ կառավարման մեխանիզմներ, երբեմն նաև գիտական որակի խնդիրներ։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment